
Դիմադրության շարժումը Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար է, հայտարարել է խորհրդարանի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որն ութ տարի զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնը՝ 2008-16 թվականներին: Ինչի՞ համար է կարևոր այդ կարգավիճակի արձանագրումը: Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանում վճռվում էին Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական դիմադրունակության համար կարևոր հիմնարար խնդիրներ, թե ներքին, թե արտաքին դաշտում: Հայաստանն ունեցել է պետականության ընթացքի ոչ պակաս ճակատագրական և բախտորոշ փուլեր, սակայն այդ ժամանակահատվածը ամենախիստն ու վճռորոշն էր ինտենսիվության և բնույթի տեսանկյունից, որովհետև այդ փուլում էր վճռվում բազմաթիվ հարցերի անշրջելիություն: Սեյրան Օհանյանն այդ ժամանակահատվածում ուներ թե ռազմական, թե քաղաքական կարևոր դերակատարում, միաժամանակ սակայն, ցավոք սրտի՝ տապալված դերակատարում:
Ցավոք սրտի, որովհետև այդ դերակատարման տապալումը նաև Հայաստանի դերի տապալում էր, ըստ այդմ Հայաստանի և Արցախի դիմադրունակության հարցում վճռորոշ գործոնների տապալում: Իհարկե կասկածից վեր է, որ ամեն ինչ չի սկսել ու ավարտվել Սեյրան Օհանյանի տապալումով: Նա եղել է մի համակարգի մաս, որը տապալվել, կամ Հայաստանի դիմադրունակության ապահովման կենսական գործոնները ու հանգամանքները տապալել, ձախողել է ավելի քան երկու տասնամյակ: Դրա պատասխանատուներից մեկն այսօր առաջնորդում է այն «դիմադրության» շարժումը, որի մասին խոսում է Սեյրան Օհանյանը: Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Գործիչներ, որոնք ունեցել են Հայաստանի ու Արցախի դիմադրունակության հարցում էական ձեռքբերումներ և հիմնարար լուծումներ ապահովելու տևական հնարավորություն, սակայն դրա փոխարեն ավելի շատ զբաղված են եղել իրենց և իրենց ընտանիքների «գնողունակությունն» ապահովելու խնդիրներով:
Ամբողջ հարցն այն է, որ նավթից ու գազից, բնական շատ մեծ ռեսուրսներից զուրկ Հայաստանի պարագայում պետական կենսունակ քաղաքականության համալիր լուծումները ուղղակի անհամատեղելի էին դարձնելու պետական և անձնական բարեկեցության համադրումը, պետական դիմադրունակության և մեծահարուստ գնողունակության «սինթեզը»: Դա կարող էին իրենց թույլ տալ երկրներ, որոնք ունեին նավթագազային ահռելի պաշարներ, կամ չունեին անընդհատ սողացող պատերազմ և իրենց հավաքական կարողությունները բազմակի գերազանցող մարտահրավերների միջավայր: Այժմ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե «դիմադրության շարժում», այն էլ այն գործիչների առաջնորդությամբ, որոնք տապալել են Հայաստանի դիմադրության առարկայական և հիմնարար աշխատանքը, այլ անհրաժեշտ է քաղաքական բովանդակությամբ լեցուն գործընթաց, որտեղ մասնակիցները կառաջարկեն հանրությանը պետական անվտանգության տեսանկյունից շարունակվող խորքային մարտահրավերների առնչությամբ առարկայական լուծումներ ու պատկերացումներ: Տարատեսակ «շարժումները» այդ ամենի բացակայության, այդ ամենից խուսանավելու համար են: Մեծ հաշվով այդպես է եղել միշտ, այդպես է այսօր: Այդպես կլինի թերևս վաղը, եթե Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը շարունակի պարփակված մնալ մեծ ու փոքր այն դերակատարների շրջանակում, որոնք սպառվել են դեռևս երեկ:
Լուսանկարը՝ panorama.am-ի