
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:Ըստ տեղեկատվության, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը, մարդասիրական հարցերի լուծումներին վերաբերող թեմաներ:
Մակրոնը ասել է, որ կարևոր են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և կարևոր է հետևել դրանց: Այստեղ իհարկե առանցքային հարցն այն է, թե ով չի հետևում դրանց և ինչ «հիմնավորումով» կամ «պատճառաբանությամբ», և հատկապես ինչի՞ն չի հետևում: Օրինակ, առնվազն մի հանգամանք կարծես թե բավականին բաց է և Ալիևը դա խոստովանում է ուղղակիորեն՝ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն ու ռեգիոնալ այցին: Արդյո՞ք դա նկատի ունի նախագահ Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը տեսաձևաչափի միջոցով փաստորեն «հավաքել» է 2021 թվականի դեկտեմբերի 14-5-ի բրյուսելյան հանդիպումների մասնակիցներին:
Հիշեցնենք, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներից հետո դեկտեմբերի 14-ին և 15-ին երկու հանդիպում եղավ Բրյուսելում: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախ հանդիպեցին ԵԽ նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո, ինչի վերաբերյալ պայմանավորվածության մասին ազդարարվել էր դեռ շաբաթներ առաջ և անգամ Սոչիում հանդիպման մասին պայմանավորվածությունից էլ առաջ, իսկ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ևս մի հանդիպում արդեն Բրյուսել ժամանած Մակրոնի հովանու ներքո: Այդ հանդիպումը անակնկալ էր, համենայնդեպս լայն հանրության համար, որովհետև դրա հնարավորության մասին չէր ազդարարվել ոչինչ: Ավելին, տարածվեց լուսանկար, որտեղ Մակրոնը, Փաշինյանն ու Ալիևը զրուցում էին այսպես ասած «առանց փողկապի» ձևաչափով: Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո կոնկրետ պայմանավորվածությունների մասին խոսվեց շատ քիչ կամ գրեթե չխոսվեց, իսկ Շարլ Միշելի հովանու ներքո տեղի ունեցած հանդիպման առնչությամբ եղան հայտարարություններ, կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացում Եվրոպայի խորհրդատվական աջակցության վերաբերյալ պայմանավորվածության հետ, մարդասիարական, մասնավորապես ռազմագերիների վերադարձի հարցում դրական միտումների հետ:
Սակայն, խոշոր հաշվով ակնառու է, որ այդ հանդիպումներից հետո իրադարձությունների զարգացումը ընթացել է ոչ թե ավելի կառուցողական, այլ սառը տրամաբանությամբ: Մակրոնի կազմակերպած տեսաժողովը ըստ էության հենց դրա վկայություն է և ակնառու է, որ Ֆրանսիայի նախագահը տեսել է իրավիճակը լավ իմաստով «տաքացնելու» անհրաժեշտություն: Սակայն, պետք չէ բացառել նաև, որ Մակրոնը այդ քայլին գնացել է իրավիճակի «թեժացման» հնարավոր ռիսկերը կանխարգելելու նկատառումով, որ կարող էին լինել ուկրաինական իրադարձությունների ֆոնին, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը գերկենտրոնացած է այդ ուղղությամբ և Կովկասում կարող են առաջանալ «վակուումներ», որոնք կարող են լցվել անկանխատեսելի ձևով: Ըստ ամենայնի, Մակրոնի և Միշելի քայլը նվազագույնը ուղղված է այդ վակուումները թույլ չտալուն:
Հատկանշական է, որ Մակրոնն ու Միշելը այդ խնդրով զբաղվում են ուկրաինական ճգնաժամի ֆոնին, դրանով թերևս ցույց տալով, որ այդուհանդերձ կովկասյան հարցերը և մասնավորապես հայ-ադրբեջանական թնջուկը մոռացության մատնված չեն: Ավելին, ուշադրության է արժանի, որ նախագահ Մակրոնը տեսաժողովից առաջ փաստորեն փետրվարի 2-ին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, իսկ փետրվարի 3–ին՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Իհարկե դրանց մասին տեղեկություններում թեման Ուկրաինան էր, դրա շուրջ իրավիճակը, բայց «շուրջ» ասվածն իհարկե բավականին լայն է և անկասկած շոշափում է նաև կովկասյան իրողությունները՝ ուղղակկի, թե անուղղակի: Հարցն այստեղ այն է, թե Ֆրանսիայի նախագահը գործել է նաև նախագահներ Բայդենի և Պուտինի «լիազորագրով», թե՞ ավելի շուտ սեփական նախաձեռնոությամբ, գուցե որոշակի տագնապներ ունենալով Բայդենի և Պուտինի հետ զրույցներից հետո: Բոլոր դեպքերում, Մակրոնի և Շառլ Միշելի քայլը անշուշտ ողջունելի է, քանի որ այն կարող է լինել եթե ոչ կայունության ամրապնդման հարցում առաջընթացի, ապա գոնե հետընթաց թույլ չտալու միջոց: Նկատենք նաև այն, որ հայտարարվել է փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահի Մոսկվա այցի մասին: