
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։
-Պարոն Առաքելյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել չինական Սինխուա գործակալության համար, որում անդրադարձել է Ռուսաստան–Չինաստան համագործակցության հեռանկարներին։ ՌԴ նախագահի հոդվածում խոսվում է նաև Չինաստանի հետ ռազմավարական գործակցության, չինական ներդրումների ու տեխնոլոգիաների օգնությամբ ռուսական Հեռավոր Արևելքի ու Սիբիրի զարգացման մասին։ ԵԱՏՄ , ՀԱՊԿ ապագան այս համագործակցությունից հետո ինչպիսի՞ն կլինի ըստ Ձեզ։
–Հարկ է նշե, որ այս հոդվածն ընթերցելուց ակամա գիտակցում ես այն խղճուկ իրավիճակը, որտեղ այսօր հայտնվել է Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Նույնիսկ մանկական մի դրվագ է հիշեցնում, որտեղ փոքր եղբայրը լացակումած գնում է մեծի մոտ ու գանգատվում, որ բակում իրեն նեղացրել են։ Բայց այստեղ կա մի անհամապատասխանատվություն։ Չինաստանն ամենևին Ռուսաստանի եղբայրը չէ և այն պուտինյան առաջարկները, որ կան հոդվածում՝ չինական կողմը դիտարկում է բոլորովին այլ տեսանկյունից։ Ընդգծեմ, որ պուտինյան այս ռևերեանսը դեպի Չինաստան՝ առաջինը չէ։ 2014 թվականին Ղրիմի իրադարձություններից հետո՝ արևմտյան սանկցիաների տակ ը հայտնվելուց հետո, Պուտինը գնաց ու հանդիպեց Չինաստանի ղեկավարի հետ ու մի շարք առաջարկներ արեց, բազմաթիվ փասատթղթեր ստորագրեց, որի հետևանքով Ռուսաստանն այսօր Չինաստան նավթ է մատակարարում ինքնարժեքից ավելի ցածր գներով, Ռուսաստանը տրամադրել է Չինաստանին տարածք՝ մոտավորապես երկու անգամ ավելի մեծ, քան Ղրիմը և բոլորս հասկանում ենք, որ այն տրված է ընդմիշտ։ Նաև տրամադրել են Դամանսկի կղզին, որի համար Սովետական Միությունը Չինաստանի հետ մեծ ռազմական ընդհարումներ էր ունեցել ժամանակին։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, Չինաստանի հետ հնարավոր ռազմական դաշինքին, ապա պետք է նշել, որ Չինաստանը երբեք ոչ մի պետության հետ ոչ մի դաշինքների մեջ չի մտել ու չի էլ մտնի՝ այն պարզ պատճառով, որ դա հակասում է դարավոր չինական մտածելակերպին, քաղաքականությանն ու արտաքին քաղաքականությանը։Համոզված եմ, որ նաև Վլադիմիր Պուտինը դա գիտակցում է, պարզապես դա հերթական մի փիար ակցիա էր, որը նախատեսված էր Ռուսաստանի բնակչության համար։ Կարծում եմ Պուտինը պարզապես հերթական անգամ չինական կողմին զիջումներ կառաջարկի, ինչը Չինաստանը շատ մեծ հաճույքով կընդունի ու իր վրա ոչ մի պարտականություն չի վերցնի։ ցավոք սրտի այսօր ռուսաստանյան քաղաքական էլիտայում շատ քչերն են գիտակցում, որ իրական վտանգը դեպի Ռուսաստան գալիս է ոչ թե արևմուտքից, այլ բոլորովին հակադարձ կողմից։
-Պուտինը ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի հետ դիմակայության ու հնարավոր նոր պատժամիջոցների հարցում ակնկալում է Չինաստանի աջակցությունը, միևնույն ժամանակ, ըստ ռուս փորձագետների գնահատականների, այդ աջակցությունը կարող է թանկ արժենալ Ռուսաստանին։ Ի՞նչ կարող է տալ այդ աջակցությունը, ինչպիսի փոփոխություններ են հնարավոր։
–Ինչպես նշեցի նախորդ պատասխանի ժամանակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը տարբեր տեսանկյուններից են դիտարկում այս առաջարկները։ Իսկ առաջարկները կոնկրետ հետևյալն են․ Պուտինն առաջարկում է, որպեսզի Չինաստանը մեծ տնտեսական, տեխնիկական մասնակցություն ունենա Սիբիրի ու ռուսաստանյան հեռավոր արևելքի զարգացման մեջ։ Չեմ կասկածում, որ Չինաստանը մեծ հաճույքով կմասնակցի նման նախագծերին, քանի որ համոզված է այն բանում, որ վաղ թե ուշ թե Սիբիրը, թե Հեռավոր Արևելքը կմտնի Չինաստանի կազմի մեջ։ Արդեն այսօր այդ ռեգիոնները շատ լայնածավալ կերպով Չինաստանի կողմից բնակեցվում են, Չինաստանի կողմից վարձակալական հիմունքներով վերցրած սիբիրյան անտառները ոչնչացվում են, այնտեղից արտահանվում։ Արդեն այսօր զբոսնելով սիբիրյան մեծ քաղաքների փողոցներով, տպավորություն է ստեղծվում, որ դու գտնվում ես Չինաստանում։ Դա պարզապես ռուսական էլիտաների ու անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից թշնամական ու հանցագործ վերաբերմունք է սեփական երկրի ու ռեսուրսների հանդեպ։ Այդ ամենը հետագայում կատաստրոֆիկ հետևանքների կբերի Ռուսաստանի համար։
–Նշվում է նաև, որ Մոսկվա–Պեկին համագործակցությունը դրսևորվեց 2020-ի հոկտեմբերին․ Չինաստանը Ռուսաստանի խնդրանքով արգելափակեց ՄԱԿ ԱԽ–ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձևի քննարկումը։ Իհարկե կային վարկածներ, որ արգելափակողը Չինաստանն է եղել, բայց ինչու՞ Մոսկվայի խնդրանքով։
-Համոզված եմ, որ այդ հարցի պատասխանը միակն է․ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի ոչ միայն լուծման մեջ, այլ նաև իրավիճակի կայունացման մեջ։ Իր մասնակցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասում ինքը պայմանավորում է ղարաբաղյան խնդրի չլուծվածությամբ։ Կրեմլը սթափ գիտակցում է, որ այն օրը, երբ ղարաբաղյան խնդիրը պարզաբանվի ու լուծման ճանապարհ գտնվի, այդ օրվանից ի վեր, իրենց մասնակցությունը ռեգիոնում այլևս չի պահանջվի։ Ուզում եմ ընդգծել, որ դա իրենց մտածելակերպն է։ Ըստ ինձ արդեն այսօր և նույնիսկ երեկ չէր պահանջվում իրենց ներկայությունը Հայաստանում ու Ղարաբաղում, քանի որ ոչ մի ռեալ օգնություն ու պաշտպանություն հայաստանցիները և Արցախում բնակվող մեր հայրենակիցներն իրենց կողմից չստացան։ Դրա փոխարեն անցած 30 տարիների ընթացքում, Հայաստանը փաստացիորեն ենթարկվեց Ռուսաստանի կողմից գաղութացման։ Իրենք միշտ էլ Հայաստանը դիտարկել են որպես տարածք իրենց ռազմաբազայի տեղակայման համար։ Շատ ուրախ եմ , որ մեր հայրենակիցները վերջին տարիների ընթացքում այդ հնչեցրած փաստերը գիտակցում են ու ճանապարհներ են փնտրում այդ իրավիճակը լուծելու համար։