
ՌԴ նախագահ Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 4-ին Պեկինում տեղի ունեցած բանակցությունից հետո արել են համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է երկու երկրների ռազմավարական գործակցությանն ու միջազգային իրադրությանը: Դա չափազանց տարողունակ հայտարարություն է, որի վրա աշխատանքը անկասկած կատարվել է շատ ավելի վաղ և երկու նախագահների բանակցությանը պարզապես համաձայնեցվել է տեքստի հանրայնացումը: Տարողունակ և միջազգային հարաբերությունների գրեթե ամբողջ սպեկտրը շոշափող այդ հայտարարությունը անշուշտ դիտարկելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում, որն այլ բան չէ, քան նոր աշխարհակարգի վերաբերյալ բարդ քննարկումների հանգույց: Ռուսաստանն ու Չինաստանն ահա այդ հանգույցում հայտարարում են «նոր տիպի հարաբերության» մասին, չմանրամասնելով սակայն, թե ինչով է առանձնահատուկ իրենց այդ նոր տիպի ռազմավարական հարաբերությունը, որը հայտարարության հեղինակների խոսքով «ենթակա չէ միջազգային իրադրության փոփոխություններին»:
Մոսկվան ու Պեկինը որոշել են «սարսափեցնե՞լ» Արևմուտքին և արդյո՞ք ռուս-չինական համատեղ հայտարարությունը ունի Արևմուտքի հանդեպ վերջնագրային բնույթ, թե՞ հակառակը՝ այդ հայտարարությունը Պեկինի վերջնագիրն է Մոսկվային, այն կասկածի համատեքստում, որ Չինաստանը գուցե ունի ամերիկա-ռուսական բանակցության առնչությամբ, երբ օրինակ ակնառու է, թե ինչպես է Մոսկվան «օգնում» Վաշինգտոնին տոտալ ազդեցություն սահմանել Եվրոպայի վրա, փորձելով այն տարածել ընդհուպ Պարսից ծոց: Ըստ ամենայնի, Պեկինը ՌԴ հետ հետագա աշխատանքի կամ երկխոսության համար «պահանջել» է միանալ այդօրինակ տարողունակ հայտարարությանը, ինչը մերժել Պուտինը համարել է ոչ նպատակահարմար: Ի վերջո, անկասկած է, որ Ռուսաստանը փորձում է առայժմ խաղալ ամերիկա-չինական մրցակցության վրա և մի կողմից բանակցելով Արևմուտքի հետ, մյուս կողմից իհարկե չի սառեցնի Չինաստանի հետ հարաբերությունը:
Համատեղ հայտարարության մեջ Չինաստանն իր ըմբռնումն ու աջակցությունն է հայտնում անվտանգության վերաբերյալ Եվրաատլանտյան բևեռին ներկայացվող առաջարկներին, իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ Թայվանը չի կարող լինել Չինաստանից անջատ: Խոսվում է, որ չկան ռուս-չինական հարաբերության ծավալման «արգելված գոտիներ»: Խոսվում է ժողովրդավարություն պարտադրելու անթույլատրելիության մասին, ինչպես նաև հայտնվում է Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգը պահպանելու հաստատակամության մասին: Ինչ արձագանք կհետևի այդ հայտարարությանը Վաշինգտոնից: Բավականին բարդ է ասել, առավել ևս նկատի ունենալով այն, որ Չինաստան այցից առաջ ՌԴ նախագահ Պուտինը վերջին օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ խոսել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որն էլ իր հերթին Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ զրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Այլ կերպ ասած, իրավիճակը բացարձակապես միագիծ չէ, որքան էլ բավականին ազդեցիկ է հնչում ռուս-չինական հայտարարության տեքստը: Ի վերջո, այդ տեքստը չի կարող ծածկել օրինակ ՌԴ նախագահ Պուտինի համար բազմաթիվ խնդիրների շարքում երկու առանցքայիններից մեկի՝ Ռուսաստանի ուղղությամբ չինական ժողովրդագրական սպառնալիքի հարցը: Այնպես որ, գործնականում ամեն ինչ ներկայումս ենթակա է մեծ տուրբուլենտության, այդ թվում ռուս-չինական մեծ հայտարարությունը: Միաժամանակ սակայն, այն իր հերթին մեծ նրբանկատություն և զգուշավորություն է պահանջում Հայաստանից: Թե այն իմաստով, որ պարզ չէ դրա վերաբերյալ Թուրքիայի և Իրանի դիրքորոշումների հնարավոր աստիճանը, թե այն առումով, որ Մոսկվան ու Պեկինը փաստորեն ռիսկ կամ սպառնալիք են դիտարկում ժողովրդավարությունը: Մի բան, որ Հայաստանի համար չափազանց կարևոր ներքին զարգացման գործիք և աշխարհաքաղաքական կապիտալ է, մյուս կողմից հենց այդ ժողովրդավարության կառուցման միջավայրի համար խիստ կարևոր է աշխարհաքաղաքական «ճամբարացման» տրամաբանությունից առավելագույնս խուսանավումը: