Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրն իտալական թիմի հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ Օրեր առաջ իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ռոման» մտադիր չէ երկարաձգել պայմանագիը Մխիթարյանի հետ։ Ավելի ստույգ, «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է հրաժարվել բարձր վարձատրվող մի շարք ֆուտբոլիստներից, նրանց փոխարեն թիմը համալրելով երիտասարդ խաղացողներով։ Եվ այսպես Romanews-ի տեղեկություններով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում հրաժարվել Մխիթարյանից ու էլի մի քանի առաջատար ֆուտբոլիստներից։ Ավելին, պորտուգալացի մասնագետը մտադիր է միջնորդել, որպեսզի «Ռոմայի» ղեկավարությունը վերանայի որոշումը՝ Մխիթարյանի, Էլ Շարավի և Վերետուի հետ կապված։ Այս տարվա սկզբին հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել Ժոզե Մոուրինյոյին։
Ավելին, ակումբի ղեկավարներն աջակցում են նրան և պատրաստ են կատարել նրա տրանսֆերային պահանջները։ Ըստ իտալական լրատվամիջոցների 58-ամյա մասնագետն Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Յուվենտուսից» կրած 3։4 հաշվով պարտությունից հետո հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ, որոնք դժգոհություն չեն ներկայացրել։ Ավելի վաղ պորտուգալացի մարզիչը հայտարարել էր, որ «Ռոման» իրեն 3 տարի ժամանակ է տվել արդյունքների բարելավման համար։ «Ինձ երեք տարի են տվել, որպեսզի թիմը բարելավի արդյունքները, բայց դրա համար ինձ պետք է ակումբի օգնությունը։ Երբ խաղադաշտում բարդ վիճակ է լինում, մեր խաղացողներից ոչ ոք չի դրսեւորում առաջատարի որակներ, չկա ուժեղ բնավորությամբ մեկը։Այո, մենք կուժեղացնենք կազմը։ Մեյթլենդ-Նայլսից հետո կունենանք նաեւ ֆիզիկապես ամուր եւ բնավորություն ունեցող կիսապաշտպան։Պետք է դուրս գալ կոմֆորտի գոտուց, որտեղ բավարարվում ենք 6-7-րդ տեղերով։ Ես արդեն ասել եմ խաղացողներին, որ նրանք պետք է հոգեբանության տեսանկյունից հասնեն ինձ, ես չեմ շարժվելու նրանց ուղղությամբ»,- ասել էր Մոուրինյոն։ Բնական է, որ լուրջ խնդիրներ լուծելու համար Մոուրինյոյին անհրաժեշտ են որակյալ ֆուտբոլիստներ։ Ֆուտբոլիստներ որոնց պորտուգալացի մասնագետը լավ է ճանաչում, հույսեր է կապում։ Մոուրինյոյի «Ռոման» գլխավորելուց ընդամենը երկու շաբաթ առաջ իտալական լրատվամիջոցները գրում էին, որ Մխիթարյանը որոշում է կայացրել հեռանալ «Ռոմայից»։ Հեռանալու հիմնական պատճառ նշվում էր Մխիթարյանի և «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոչ այնքան ջերմ հարաբերությունները, բայց․․․։
Մոուրինյոն պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հայ ֆուտբոլիստի հետ, որի գրանցած արդյունքն ընթացիկ մրցաշրջանում լավագույններից է Ա սերիայի կիսապաշտպանների շարքում։ Այո, Մխիթարյանը լավագույններից է Իտալիայում և բնական է, որ Մոուրինյոն չէր ցանկանում կորցնել նման որակի ֆուտբոլիստի։ Պայմանագրի կնքումից մեկ օր առաջ La Gazetta dello Sport-ը տեղեկություն էր տարածել, որ Ժոզե Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Փաստորեն, վերջին պահին Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ըստ էության կնքվել էր համաձայնագիր։ Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ Մխիթարյանը նոր պայմանագրով տարեկան ստանում է 3․5 միլիոն աշխատավարձ։ Շատ էր խոսվում, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հստակ պայման էր ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել էր Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։
Փաստորեն, «Ռոման» ի վերջո կատարել էր Մխիթարյանի և նրա գործակալի պահանձը։ Ներկայում բացի Ռայոլայից Մխիթարյանին պատրաստ է աջակցել նաև Մոուրինյոն։ Վերկլուծելով վերջին զարգացումները հանգում ենք այն եզրակացության¸որ Մխիթարյանն ու Մոուրինյոն ցանկություն ունեն շարունակելու համատեղ աշխատանքը «Ռոմայում»։ Չմոռանանք, որ վերջին շրջանում պորտուգալացի մասնագետը շարունակ գովեստի խոսքե է հնչեցնում Մխիթարյանի հասցեին, ինչ վկայում է, Մոուրինյոն գոհ է հայ կիսապաշտպանից և մեծ հույսեր է կապում նրա հետ։