Բանակի օրվա միջոցառումները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով, այսօր լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Գիտեմ, որ առկախվել են և ժամանակավոր, տեսնենք երբ կիրականացվեն»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ կան մեկնաբանություններ, թե բանակի կազմավորման 30-ամյակի միջոցառումները դիտավորյալ չեն իրականացվել, Արման Սարգսյանն ասաց․ «Նման բան չի կարելի ասել, որովհետև կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք ուղղակի կասեցվեցին։ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում նաև շնորհակալական խոսքեր հնչեցին, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ։ Բայց սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամադրությամբ սկսել էինք նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեց»,- ասաց նա։