Երևանում կբացվի ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, որը կլինի այն կարևոր միջոցներից մեկը, որով երկու երկրների համագործակցությունը կշարունակվի: Այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանն ընդգծեց երկու երկրների միջև հարաբերությունների խորացման կարևորությունը և նշեց, որ Հայաստանը և Ավստրիան համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցության լուրջ փորձ կա կողմերի միջև.
«Մենք չենք իրացրել այն ողջ ծավալի ներուժը, որը կա երկու երկրների միջև հարաբերություններում և մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որ հարաբերությունների հաստատման հաջորդ փուլին անցնենք»,-ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ Ավստրիայի ԱԳ նախարարի հետ այսօր առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, քննարկվել են ԼՂ հարցով բանակցային գործընթացին, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: