
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է՝ ժամանակն է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել բաց ձևաչափով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի քան 100 հանդիպում ենք անցկացրել ռուս գործընկերների հետ: Բոլոր հանդիպումները փակ են եղել: Կարծում ենք, որ եկել է հարցը բաց ձևաչափով քննարկելու ժամանակը»,-նշել է ԱՄՆ ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հունվարի 31-ին հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որը վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանը դրան դեմ է արտահայտվել:
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները անվանել է անհիմն: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին նիստ է անցկացրել: