Մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի շուրջ քննարկում է տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն է՛լ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը:
Վերլուծվել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված վերահսկողական շրջայցերի արդյունքները և ընթացքում առաջացած դժվարությունները։
Հիշեցնենք, որ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը) առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), որի համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները: