
Օրերս Արցախի ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծին։ Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։
Արդյոք այս փոփոխությունները ենթադրում են, որ գրավված տարածքներից ինչ-որ բան կարողանալու են հինգ կամ տասը տարի հետո հետ բերե՞լ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նշեց, որ այս փոփոխությունը իրականում սահմանադրությունից բխող պահանջ է։ Արցախի Սահմանադրության 173-րդ հոդվածի երկրորդ կետով նշվում է, որ վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարում:
«Այն, որ այս փոփոխությունը պետք է Սահմանադրությունում կատարվեր, դա միանշանակ է, որովհետև մենք կոնկրետ ժամկետ ունենք, նշված է, որ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխությունները կատարվում են 5 տարուց հետո: Այսինքն՝ վարչատարածքային օրենքի վերանայում պետք է կատարվեր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում, բայց քանի որ մարտին հինգ տարին լրանում է, և այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը, դրա համար հինգ տարվա փոխարեն տասը տարվա ընթացքում վարչատարածքային բաժանման վերանայում կիրականացվի»,-ասաց Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձին, Աղաջանյանի խոսքով, այս հարցը միշտ էլ օրակարգում է։
«Այս հարցը, իհարկե, դեռևս միայն Արցախի ԱԺ հանձնաժողովում է քննարկվել, դեռ պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվի և այլն, բայց որևէ դիմադրության չի հանդիպի, որովհետև բոլորիս համար էլ պարզ է, որ ժամկետը լրացել է, այդ փոփոխությունը պետք է կատարվի»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է առաջիկայում Արցախում սահմանադրական փոփոխություններին, ապա, Աղաջանյանի խոսքով, Սահմանադրական փոփոխություններ սպասվում են, բայց դեռևս այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել: Պետք է ձևավորվի աշխատանքային խումբ, որը պետք է մշակի հայեցակարգ, վերջում էլ դրվի հանրաքվեի:
Արցախում խոսում են կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու անհրաժեշտության մասին։ Հարցին՝ կիսանախագահական համակարգի անցումը որքանով ճիշտ կլինի Արցախի դեպքում, Աղաջանյանը նշեց, որ կիսանախագահական կառավարման ձևն ավելի նպատակահարմար է, որովհետև այդ դեպքում միանձնյա ղեկավարում չի լինի, իսկ այսօր հանրապետության նախագահը միաժամանակ կառավարության ղեկավարն է:շ, նախագահի և ԱԺ-ի ընտրությունները համատեղ են արվում:
«Այսինքն՝ եթե նախագահը հրաժարական է տալիս, Ազգային ժողովն էլ է ցրվում, կառավարությունը պարալիզացվում է: Որպեսզի դա չլինի ճիշտ է կիսանախագահական կառավարման ձևը, ինչպես եղել է մինչև 2017 թվականը: Հատկապես դա հասկանալի է դառնում հետպատերազմյան այս պայմաններում»,-հավելեց նա:
Կլինի՞ կոնսենսում սահմանադրական փոփոխությունների հարցում, Աղաջանյանը չշտապեց գնահատական տալ․«Վաղ է ասել, բայց երևի թե կոնսենսուս լինելու է քաղաքական ուժերի միջև, որովհետև հենց սկզբից բոլորն այդ հարցում կարծես համաձայն են»: