Օրերս Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած հերթական աղմկոտ, ամոթալի, խայտառակ միջադեպը, որ ծագեց ՀՌԱՀ անդամի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացրած թեկնածու Ռուբիկ Հակոբյանի պահվածքից, Հայաստանի հանրության շրջանում ունեցավ բուռն արձագանք: Թերևս հեռու չէ այն օրը, երբ հանրությունն այդ ամենի հանդեպ կձևավորի «կոլեկտիվ իմունիտետ», ժամանակի ընթացքում անգամ սկսելով ուշադրություն չդարձնել այդպիսի միջադեպերի կամ ընտրություն կատարել՝ դիտարժանների և ոչ դիտարժանների միջև:
Եթե լուրջ, ապա այդ իմաստով կա հասունացող խնդիր, որն այսօր գուցե նկատելի չէ, բայց վաղը անխուսափելիորեն կդառնա հասարակական-քաղաքական համակարգի խորքային ճգնաժամի ևս մի առանցքային բաղկացուցիչ: Բանն այն է, որ խորհրդարանական միջադեպերը արժանանում են հասարակական բուռն արձագանքի, ինչը սակայն չի տրանսֆորմացվում առավել կարևորի՝ առկա իրավիճակից դուրս գալու, առկա հասարակական-քաղաքական ստատուս-քվոն խորքային առումով, ինստիտուցիոնալ առումով, մշակութային և մտածողական առումով հաղթահարելու շուրջ առողջ քննարկումների:
Մինչդեռ, հասարակության համար, հասարակական-քաղաքական առողջացման և պետական արդյունավետության համար կարևորագույն խնդիրը հենց դա է, այլ ոչ միայն այն, որ հասարակության գործնականում բոլոր շերտերը տալիս են այդ միջադեպերի իրենց խիստ գնահատականը: Այսօր տալիս են, վաղը կձևավորվի այդ «կոլեկտիվ իմունիտետն» ու հանրությունն աստիճանաբար կդառնա անտարբեր: Իսկ բուն խնդիրը հենց դա թույլ չտալն է, հետևաբար՝ լայն քննարկում ծավալելը, թե ինչպես փոխել առկա վիճակն ու ձևավորել քաղաքական, հասարակական-քաղաքական մշակույթի, հարաբերությունների նոր միջավայր: Ինչպես դնել այդ միջավայրն ընդլայնելու, ինստիտուցիոնալացնելու և այդպիսով առկա ստատուս-քվոյին զուգահեռ աստիճանաբար նոր ստատուս-քվո, դրա հանդեպ հանրային լայն համախմբում և ներգրավելում ապահովելու նպատակ ու գործել այդ նպատակի ուղղությամբ, ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ, ճանապարհային ինչ քարտեզ: Մեծ հաշվով, այն պատկերը, որ առկա է այժմ կամ դրսևորվում է ժամանակ առ ժամանակ, ըստ էության հենց մյուս գործընթացի, այսինքն խորը և լայն քննարկումների բացակայության հետևանք է, եղածի անբավարարության հետևանք է: