Ուկրաինան լքելու ամերիկացի քաղաքացիներին արված հանձնարարականները չեն նշանակում, որ ԱՄՆ-ի վարչակազմը վստահ է, որ Ռուսաստանը կսկսի ենթադրյալ «ներխուժումը» հանրապետության տարածք: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Պետդեպարտամենտում լրագրողների առջև։
Նա հիշեցրել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հանձնարարականի մասին՝ դիտարկել երկրից անհապաղ դուրս գալու հնարավորությունը։ «Առայժմ մենք չգիտենք՝ Ռուսաստանը կշարունակի արդյո՞ք իր ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ։ Ամեն դեպքում մենք պարտավոր ենք այդ ծանուցումներն ուղարկել ամերիկացիներին», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
«Այդ որոշումը հիմնված էր միայն մեկ գործոնի վրա՝ մեր գործընկերների եւ նրանց ընտանիքների անվտանգության։ Եվ հաշվի առնելով Ուկրաինայի սահմաններում ռուսական զինված ուժերի շարունակվող զանգվածային աճը, որն ունի ներխուժմանը նախապատրաստվելու բազմաթիվ նշաններ, այդ քայլերը խելամիտ էին», – ասել է պետքարտուղարը։