
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ի երեկոյան ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախօրեին տված հրաժարականին, ասել է, որ ինքն այդ հրաժարականի մասին տեղեկացել է դրա հանրայնացումից երեք ժամ առաջ, երբ իր հետ կապվել է նախագահ Սարգսյանն ու հայտնել մտադրությունը:
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախագահ Սարգսյանի հրաժարականն իր համար եղել է անակնկալ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով թեմային և մասնավորապես նոր նախագահի ընտրությանը, հնարավոր թեկնածությանը, Նիկոլ Փաշինյանն արել է բավականին ուշագրավ «խոստովանություն»:
Մասնավորապես, նա նշել է, որ պետք է քաղաքական ներդաշնակություն լինի կառավարության, խորհրդարանի և այն նախագահի միջև, որ ընտրում է խորհրդարանը: Ըստ Փաշինյանի, դա հատկապես կարևոր է շոշափելի մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի պարագայում: Իբրև օրինակ Նիկոլ Փաշինյանը բերել է նախորդ տարի ԳՇ պետի և գեներալակազմի մասնակցությամբ հայտնի քաղաքական ճգնաժամը, երբ ըստ նրա կար ընդհուպ պետականության կորստի վտանգ:
Փաշինյանն այդպիսով փաստացի ակնարկել է այն իրավիճակը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ «ընդվզած» պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին վարչապետի որոշումը, և չէր ստորագրում նաև ԳՇ նոր պետ նշանակելու մասին նրա որոշումը: Իրավիճակը հանգուցալուծվեց ՍԴ որոշմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ օրինակը ցույց տվեց, թե ինչ բարդ և ճգնաժամային իրավիճակներ կարող են լինել, եթե ներդաշնակ չեն կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանին մեղադրել է 2021 թվականին ստեղծված իրավիճակում «ոչ ներդաշնակ» գործելու և ճգնաժամը խորացնելու համար: Այդպիսով, վարչապետ Փաշինյանը մի կողմից նշելով, որ իր համար նախագահի հրաժարականը եղել է անակնկալ, մյուս կողմից սակայն մատնացույց է անում և բավականին թափանցիկ ակնարկում նրա հետ քաղաքական «աններդաշնակության» հանգամանքը: Իսկ դա իհարկե չէր կարող զգացնել չտալ ներքին հարաբերությունների դաշտում և ի վերջո նաև չունենալ իր այսպես ասած տարաբնույթ մետաստազները: Սա իհարկե չի նշանակում, որ բառի ուղիղ իմաստով Արմեն Սարգսյանին պարտադրվել է հրաժարական, մյուս կողմից սակայն հիմք է տալիս եզրակացնելու, որ Արմեն Սարգսյանին չէր մնում այլ բան, քան՝ կամ ներդաշնակվել կառավարության ու խորհրդարանի մեծամասնության հետ ամբողջապես, կամ պարզապես դուրս գալ «սահմանադրական եռանկյունուց», քանի դեռ «աններդաշնակությունը» իր համար չի դարձել առավել նկատելի գլխացավանք: Ի դեպ, խիստ հատկանշական է, որ Սարգսյանի հրաժարականից գրեթե ժամ անց հայկական մամուլում հայտնվեց լրագրողական միջազգային հետաքննության մի հատված, որտեղ խոսվում է այն մասին, որ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն, որ ստացել է այնտեղ ներդրումներ կատարելու դիմաց: Ինչպես հայտնի է, այլ երկրի քաղաքացիություն ունեցողը չէր կարող դառնալ Հայաստանի նախագահ: Իհարկե այն ժամանակ խոսվում էր, որ Արմեն Սարգսյանն ունի բրիտանական քաղաքացիություն: Ավելին, այդ մասին խոսում էր հենց Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս ընդդիմադիր պատգամավոր: Վարչապետ դառնալուց հետո իհարկե Փաշինյանը հայտարարեց, որ համոզվել է՝ Արմեն Սարգսյանը ժամանակին հրաժարված է եղել բրիտանական քաղաքացիությունից: Այդ փաստը հաստատում է նաև հետաքննությունը, բայց մեջտեղ բերում փաստորեն այլ քաղաքացիության հարց, որը պակաս հնչեղ անունով է, սակայն ոչ պակաս խնդիր ունի Հայաստանի օրենքների և Սահմանադրության հետ: Արդյո՞ք այդ հանգամանքը դեր խաղացել է նախագահ Սարգսյանի հրաժարականի հարցում, թե՞ այն այսպես ասած «զուգահեռ» նշանակության է, իսկ բուն խնդիրն «աններդաշնակությունն է»: