Տարածաշրջանում եթե հաջողվի բացել կոմունիկացիաները, այդ թվում, Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր գործարկման մասին հարցին:
ՀՀ վարչապետի խոսքով, կան միջազգային կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են նախագծով, ցանկանում են ներդրում կատարել, շահագործել, պատրաստ են ֆինանսավորել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործնականում երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են:
«Եթե մեզ հաջողվի տարածաշրջանի կոմունիկացիաները, այդ թվում, Հայաստան- Թուրքիա սահմանը բացել, ապա Հայաստանը Եվրոպայի, Իրանի Ռուսաստանի Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով: Խաղաղության օրակարգ ասելով՝ մենք սա նկատի ունենք: Տրանզիտային հսկայական հոսքերի մասին է խոսքը գնում՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան: Այս ընդհանուր նախագիծը խաղաղության օրակարգի հիմք կարող է լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: