Այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ Երևանն ինչ առաջարկների փաթեթ է ներկայացրել Բաքվին, վարչապետը նախ արձագանքեց, որ այդ առաջարկը փոխանցել են և՛ ռուս գործընկերներին, և՛ Ադրբեջանին` ուղիղ. «Եվ որ այդպիսի առաջարկներ լինելու են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի նախագահին Բրյուսելում մեր ունեցած հանդիպման ընթացքում:
Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա: Դրանք այն առաջարկների մասին են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս մայիսին` հայելային ետքաշման առաջարկը»:
Նա շեշտեց` հայկական կողմը չի փորձել փաստաթուղթ ձևավորել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը. «Հիմա քննարկումները շարունակվում են, և մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարենք աշխատանքային քննարկումը: Մենք կարծում ենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի, և դա շատ կարևոր է, ինչքան շուտ, այնքան ավելի լավ»: