
25 տարվա ազատազրկման դատապարտված «Սասնա ծռեր» խմբից Արմեն Բիլյանը Ժիրայր Սեֆիլյանին պատասխանատու է համարում իր նկատմամբ սուտ մեղադրանքների առաջադրման ու դատապարտման համար եւ իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ:
Օրերս Բիլյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ անխտիր բոլորը գիտեն, որ ինքը չի եղել ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ոստիկան Մկրտչյանին վիրավորողը, անգամ դեպքի պահին դեպքի վայրում չեմ էլ գտնվել:
Նա ընդգծել է. «Իմ հանդեպ իրենց դավաճանությունը եւ իշխանությունների հետ գործարքը քողարկելու համար Ժիրայրն ու իր ենթակաները 2018 թվականի օգոստոսից կեղտոտ արշավ սկսեցին ինձ դեմ՝ ինձ հայտարարելով «ընկեր ծախող» եւ «ռեժիմի հետ գործարքի գնացած»: Նույնն արեցին այս տարվա ապրիլին կայացրած իմ ասուլիսից հետո»:
Դրանից առաջ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Ալեք Ենիգոմշյանը, ով նշել էր. «Թե ինչո՞ւ, ամբողջ ճշմարտությունն իմանալով հանդերձ, «մեղադրող» կողմը 2016թ-ից մինչեւ այսօր համառորեն քավության նոխազ է դարձրել Արմենին, նույնիսկ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվելուց հետո նա նորից է մեղադրվել ու 25 տարով դատապարտվել, կարեւորագույն հարց է, որի պատասխանը պետք է գտնվի: Բայց դրանից էլ կարեւոր և պատասխանի սպասող հարց է այն, թե ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն ու խմբի 1-2 ղեկավարները համառորեն պարտակում են ճշմարտությունը, ոչինչ չեն անում անարդարությունն ուղղելու, ու դրանով դառնում «իրավապահ» հանցագործ համակարգի հանցակիցները:
Պավլիկ Մանուկյանը դատական նիստերի մեկի ընթացքում հայտարարեց, որ Արմենը չի եղել ոստիկան Մկրտչյանի վրա կրակողը, այլ մեկ ուրիշը, ում անունը հնչեցրեց, Պավլիկն ու Արմենը Ժիրայրի ու նրա անմիջական շրջանակի կողմից անմիջապես հռչակվեցին «ծախվածներ» ու «գործարքի գնացածներ»:
Ես բոլորի նման իմացել եմ, որ կրակողն Արմենը չի եղել, բայց մինչեւ 2021թ ծանոթ չեմ եղել հարցի ներքին նրբություններին: 2018թ-ից շատ եմ փորձել համերաշխության մթնոլորտում լուծում գտնել այս հարցին, ապարդյուն»:
Սրան արձագանքելն է «Սասնա ծռեր» կուսակցությունից Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ Արմեն Բիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հայտարարություններում բերված փաստարկումները հիմնվում են ոչ թե փաստերի, այլ գաղափարական-քաղաքական մոտեցումների, հայացքների, ապա նաեւ` դրանցից ծնված անձնական վերաբերմունքի վրա։ Ալեք Ենիգոմշյանի մասով խոսքը հիմնականում վերաբերվում է տարածաշրջանում և Հայաստանի ապագայի առմամբ Ռուսաստանի դերի ու նրա հետ հարաբերությունների վերաբերյալ տարաձայնություններին»:
Բանտում գտնվող Արմեն Բիլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ալեք Ենիգոմշյանը իմ հավատարիմ ընկերն է, Մոնթեն իր հավատարիմ ընկերն է եղել: Նրա խոսքն իրականություն է, ով կասկածի տակ կդնի Ալեք Ենիգոմշյանի խոսքը, ինքը ստոր սրիկա է: իսկ Վարուժան Ավետիսյանը, որքան գիտեմ, պատասխան չի տվել, ոլոր-մոլոր բաներ է ասել: Ես հայտարարություն էի տարածել՝ նշելով, որ իմ անունից՝ խոսելու իրավունք ունի միայն Ալեք Ենիգոմշյանը: Համբերության բաժակը լցվեց:
Մի քանի տղերք կան՝ ինձ հետ են, հանդես կգան, իսկ Վարուժանը չի անդրադարձել պնդմանը, որ Ժիրայր Սեֆիլյանը գործարքի է գնացել»:
Արմեն Բիլյանը նաեւ նշեց, որ արդեն 45 օր է՝ առողջական խնդիրներ ունի՝ հաստ աղիքը նորմալ չի գործում, սակայն մինչ օրս իրեն չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց»:
Լուսանկարը՝ Photolure-ի