Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գտնում է, որ Հայաստանը և Արցախն այսօր գտնվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։ Սեյրան Օհանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ՝ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում»,- ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ հակառակորդը այսօր իրեն չի դրսևորում որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրել Հայաստանի հետ։
«Ընդհակառակը, նրանց հռետորաբանությունը և նաև նրանց գործողությունները և սադրանքները խոսում են նրա մասին, որ նրանք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության իշխանություններին»,- եզրափակեց Օհանյանը։