
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայկական ԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը
-Պարոն Ազատյան, կառավարությունը նախատեսում է «Գեոպրոմայնինգ» ընկերության համար Սյունիքում առավելագույնը 500-600 հատ հզորությամբ փոքր ատոմակայան կառուցել: Ինչպե՞ս եք գնահատում այդ մարզում փոքր ատոմակայան կառուցելու հնարավորությունները:
-Սա ընդհանուր մտածված պատմություն է, որ այդ հատվածներում ոչ թե կոնցենտրատ դուրս տալ, ինչպես արել են տարիներ շարունակ, այլ որպեսզի տեղում վերամշակված արդյունք ստանան: Այդ մասում մենք ունենք շատ լավ հանքարդյունաբերություն տեղում մշակելու համար, բնականաբար, պետք է լինելու և՜ ջերմություն, և՜ էլեկտրաէներգիա: Դրա համար էլ կառուցվում է ատոմային կենտրոնական կայան: Դա շատ բնական, նորմալ երևույթ է և բավական իմաստ կունենա: Կարող են և՜ Սյունիքում կառուցել, և՜ այլ տեղերում, որտեղ հանքավերամշակման գործունեություն կա:
-Դրա բոլոր հնարավորությունները Հայաստանն ունի՞:
-Իհարկե ունի: Ես ինքս այդպիսի շատ-շատ ծրագրեր ունեմ: Այս հարցերը հեռախոսային զրույցներով չեն լուծվում, պետք է կազմավորվի նոր ատոմակայան կառուցելու հարցով տնօրինություն, որը պետք է սկսի ամենասկզբից, ներկայացնի տնտեսական հիմնավորումները, թե ինչքանով է դա ձեռնտու, տեղի ընտրության խնդիրը պետք է անպայման նայվի, որից հետո պետք է նախագիծ արվի:
-Վերջին 5 տարիներին իրականացվում էին Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները: Ինչպե՞ս եք գնահատում, որ այդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը:
-Այսօրվա դրությամբ պետք է մենք կողմնորոշվեինք. կամ ընդհանրապես փակեինք և ասեինք՝ մեզ ընդհանրապես միջուկային կայան պետք չի, կամ պետք է անպայման նորը կառուցելու մասին մտածեինք: Բայց քանի որ նորը կառուցելու համար այդ ամբողջ ճանապարհը պետք է անցնեինք և դրա համար ժամանակ է պահանջվում, դրա համար շատ տրամաբանական էր ժամկետը երկարացնելը: Այդ բլոկը ինքս եմ ղեկավարել, և վերաթողարկել ենք: 1989 թվականից երկու բլոկներն էլ կանգնած էին, և 1993-ին մենք վերաթողարկեցինք երկրորդ էներգաբլոկը և հանրապետությունը փրկվեց: Կար պայմանավորվածություն, որ 10 տարի երկրորդ էներգաբլոկը պետք է աշխատեր:
Հիմա շատ-շատ կարևոր է ոչ թե հարցնել՝ արժե՞ կառուցել, կարելի է կառուցել, թե չի կարելի, այլ պետք է մտածել ճիշտ բլոկի ընտրություն կատարել: Բանն այն է, որ նոր էներգաբլոկի կառուցումը, որքան էլ այն փոքր լինի, մի քանի տարի կտևի, այդ տարիների ընթացքում շատ արագացված տեմպերով զարգանում են տեխնոլոգիաները, էներգաբլոկների կառուցման ոլորտում: Ու այնպես չպետք է լինի, որ մինչև մենք կառուցենք, արդեն հնացած լինի: Դրա համար դա բազմավեկտոր խնդիրների լուծում է պահանջում: Ես հիմա շատ կոնկրետ ծրագիր ունեմ, ջրածնի արտադրությամբ կայանների կառուցման: Հայաստանը քանի որ չունի օրգանական վառելիք՝ նավթ, գազ և այլն, դրա համար գազ ենք ներկրում: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ՋԷԿ-երի վառելիքի 96 տոկոսը ներկրում ենք: Դա մեր տունը քանդում է: Բացի դրանից, էկոլոգիական առումով այսօր ամբողջ աշխարհը կրակն է ընկել այդպիսի կայանների ձեռքը, որոնք նավթ կամ գազ են վառում, որիի հետևանքով ամենատարբեր գազեր են արտանետում մթնոլորտ: Իսկ մեր պետությունը շատ փոքր է, որը հարամելը շատ դժվար չի: Դրա համար ես արդեն 4 տարի է՝ մտածում եմ ջրածնի արտադրության մասին: Այսօր 100 մլն տոննա ջրածին են արտադրում ամերիկացիները և մյուսները: Տեխնոլոգիան կա, և պետք է նմանատիպ բլոկներ կառուցել: Օրինակ, իմ համոզմամբ, Հայաստանին շատ կսազեն ոչ շատ մեծ հզորությունների, մինչև 100 մեգավատտ հզորությամբ ջրածին արտադրող կայանները: Օգտակար գործողության գործակիցը, որն ամենակարևոր ցուցանիշներից մեկն է, մեր գործող կայանում շատ ցածր է՝ 30 տոկոսի շրջանակներում է: Իսկ եթե մենք կիրառենք նոր, ժամանակակից ջրածին արտադրող, որը կարող է դառնալ գազի փոխարինող, այլ ջերմային կայանների վառելիք, դրա օգտակար գործողության գործակիցը հասնում է մինչև 70-75 տոկոսի: Նաև դրանք այնքան հզորություն ունեն, որ մենք շատ հանգիստ կարող ենք ջրային հովացման համակարգն ապահովել, իսկ դա անվտնգության տեսանկյունից ամենակարևոր գործոնն է: Եթե դու պետք եղած ժամանակ կարող են հովացումն ապահովել, րդեն անվտանգության մակարդակը բարձր է: Այսօր հայրենություն է շահագործել կայաններ, որոնք ունեն ընդամենը 30 տոկոս ՕԳԳ: Այսինքն 70 տոկոս անտեղի վառելիք ենք փչացնում: