
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։
-Պարոն Ստեփանյան, այս փուլում, երբ շատերը չեն բացառում ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանում կարծես սրա հնարավոր հեռանկարների մասին դիսկուրսներ չկան։ Ձեր կարծիքով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման զարգացումը մեզ վրա, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Երևանը։
-Այն իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը՝ հաշվի առնելով մեր հարաբերությունների մակարդակը Ռուսաստանի հետ, ամենաճիշտ բանը, որ կարող ենք անել՝ չեզոքություն պահպանելն է։ Դրանից այն կողմ, չեմ կարծում, որ մենք կարող ենք որևէ ճիշտ քայլ կատարել։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ հնարավոր պատերազմին՝ Ռուսաստանի ու արևմուտքի միջև, ապա ես չեմ կարծում, որ դա հնարավոր տարբերակ է, որովհետև դա կարող է վերջնական երրորդ համաշխարհային պատերազմով, որտեղ ի տարբերություն առաջին երկուսի կողմերը կկիրառեն միջուկային զենք։Այսինքն՝ դա ապոկալիպտիկ սցենար է, և ես չեմ կարծում, որ հնարավոր է, որ նման բան տեղի ունենա։
-Դուք նշեցիք, որ Հայաստանի պարագայում ամենաճիշտ քայլը չեզոքություն պահպանելն է։ Մենք նույն բանն էինք մտածում նաև Ղազախստանի իրադարձությունների պարագայում, բայց ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանը ՀԱՊԿ նախագահող է։ Հնարավո՞ր է, մեզ թույլ չտան այդ չեզոքությունը պահպանել։
-Ես չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարությունը փորձելու է գործել ինքնասպանություն։ Կարծում եմ, որ այդ ողջամտությունը մեր ղեկավարության մոտ կա։ Եթե նույնիսկ այդպիսի կոչեր հնչեն, մեր ղեկավարությունը դրան ընդառաջ չի գնա։ Նաև չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է այդպիսի կոչեր հնչեցնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք էլ շատ լավ հասկանում են, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը։ Ղազախստանն ու Ուկրաինան մի փոքր տարբեր են։ Նախ՝ Ղազախստանի ղեկավարությունն է դիմել, որպեսզի ՀԱՊԿ զորքերը գան։ Չեմ կարծում, որ Ուկրաինայի ղեկավարությունը կարող է այդպիսի կոչով դիմել։ Այսինքն՝ իրավիճակները լրիվ տարբեր են և ես չեմ կարծում, որ այստեղ զուգահեռներ տանելը ճիշտ է։
-Իսկ եթե Ռուսաստանը դիմի ՀԱՊԿ-ի՞ն կամ ավելի ճիշտ՝ որոշի ներգրավել ՀԱՊԿ զորքեր։
–Ռուսաստանը շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ես չեմ կարծում, որ որևէ ՀԱՊԿ երկիր՝ նույնիսկ Բելառուսը կարող է գնալ նման սցենարով, որովհետև դա շատ լուրջ խնդիրներ է բերելու՝ առաջին հերթին արևմուտքի կողմից տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների տեսքով։ Մեր տնտեսությունը, Բելառուսի տնտեսությունը, ՀԱՊԿ մյուս երկրների տնտեսություններն այն վիճակում չեն, որպեսզի կարողանան այդ սանկցիաներին դիմագրավել։ Մենք ո՛չ Ռուսաստան ենք, ո՛չ էլ Իրան։