Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էրդողանի Ասրիկա նախագիծը

Հայկ Գաբրիելյան, ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • 21-րդ դարում Թուրքիան շեշտակի ամրապնդել է սեփական դիրքերն Աֆրիկայում։
  • Թուրքիան արդեն ձեռնամուխ է եղել Ասիայի «նվաճմանը»։
  • Այս համատեքստում յուրահատուկ տեղ ունի Թյուրքական աշխարհի «նվաճումը»։
  • Աֆրիկյան ու ասիական ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերը հիմք են ստեղծում Ասրիկա (Ասիա-Աֆրիկա) նախագծի իրագործման համար։
  • Ասրիկա նախագծում «սոսնձի» դեր է խաղալու կրոնական բաղադրիչը՝ իսլամը։
  • Խալիֆի հավակնություններով Էրդողանի նպատակն է ստեղծել հետմոդեռնիստական խալիֆաթ՝ Ստամբուլ կենտրոնով։
  • Էրդողանը ձգտում է վերջնականապես ամրագրել սեփական տեղն ու հետքը Թուրքիայի և համաշխարհային պատմության մեջ։

 1․ ԱՖՐԻԿԱ

11 Պատմական էքսկուրս

Թուրք–աֆրիկյան հարաբերությունների պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլն ընդգրկում է Աֆրիկայի հետ Օսմանյան կայսրության առնչությունը և ավարտվում է վերջինիս կործանմամբ ու 1923թ. Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադրմամբ: Երկրորդ փուլն առնչվում է 1923–1998թթ․, երբ գրանցվեց թուրք–աֆրիկյան հարաբերությունների ամենացածր մակարդակը: Թուրքիան անտարբերություն ցուցաբերեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած աֆրիկյան երկրների անկախանալու գործընթացի հանդեպ: Նա թեև ճանաչեց աֆրիկյան երկրների անկախությունը, սակայն առանձնակի ջանքեր չգործադրեց նրանց հետ հարաբերություններ հաստատելու և դրանք ամրապնդելու ուղղությամբ: Դա կապված էր Թուրքիայի արևմտականացման (արտաքին քաղաքականության ամերիկյան և եվրոպական ուղղվածության) հետ. «Սառը պատերազմի» ժամանակ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի համար բացասական է դիտվել աֆրիկյան երկրների հետ հարաբերություններ զարգացնելը, որոնց մեծ մասը Չմիավորման շարժման անդամ էր: Բացի այդ տվյալ շրջանում աֆրիկյան բազում երկրներում անկայուն վիճակ էր. 1960–1980թթ. աֆրիկյան երկրներում իրականացվել է ավելի քան 70 հեղաշրջում և պետության ղեկավարի նկատմամբ 13 մահափորձ: Թուրքիան այդպիսով բաց թողեց աֆրիկյան երկրների հետ քաղաքական, տնտեսական և առևտրային կապերը զարգացնելու հնարավորությունը: Իրավիճակը որոշակի փոխվեց 1960–1970–ականներին՝ կապված Կիպրոսի հարցի սրման հետ, որը վատթարացրեց Թուրքիայի և նրա արևմտյան մի շարք դաշնակիցների միջև հարաբերությունները: Կարիք ունենալով նոր երկրների աջակցության՝ Թուրքիան հայացքը գամեց Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վրա:

1998թ․-ից մեկնարկել և ընթացքի մեջ է երրորդ փուլը, որում նկատվում է թուրք–աֆրիկյան հարաբերությունների լայն զարգացում։ 21-րդ դարում Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենաուշագրավ կողմերից մեկը դարձավ աֆրիկյան ուղղությունը, Թուրքիայի կողմից հսկայական տեմպերով Աֆրիկա ներխուժելը։

«Սառը պատերազմի» և դրանից բխող պայմանների ավարտից հետո անխուսափելիորեն առաջ քաշվեց Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության վերանայման հարցը, և Թուրքիան 1990–ականներին ընդլայնեց արտաքին քաղաքականության աշխարհագրությունը` ներգրավելով նորանոր երկրներ և տարածաշրջաններ, այդ թվում և Աֆրիկայում: 1998թ. Թուրքիայում ընդունվեց Աֆրիկյան նախաձեռնությունների պլանը, որում խոսվում էր Թուրքիայի և աֆրիկյան երկրների միջև բարձրաստիճան այցերի, միջազգային տարբեր կառույցներում աֆրիկյան երկրների հետ քննարկումների մեծացման, Աֆրիկայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ավելացման, գործարարների փոխադարձ այցերի, տնտեսական, գիտատեխնիկական և առևտրային համագործակցության պայմանագրեր կնքելու անհրաժեշտության մասին:

Թուրքիան իր համար առաջին անգամ Աֆրիկան «բացահայտեց» Թուրգութ Օզալի ժամանակ, արտգործնախարար Իսմայիլ Ջեմի ժամանակ (1997–2002թթ.) մշակվեց Աֆրիկայի հետ մերձենալու հայեցակարգ, սակայն տվյալ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկվեցին միայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց (2002թ․ նոյեմբեր) հետո։ Հենց ԱԶԿ-ի ջանքերով էապես ուժգնացան Թուրքիայի դիրքերն Աֆրիկայում քաղաքական, տնտեսական, գաղափարական ու ռազմական տեսանկյուններից։

1Քաղաքական-դիվանագիտական

ԱԶԿ-ը սկսեց դիվերսիֆիկացնել աֆրիկյան կապերը և Հյուսիսային Աֆրիկայից բացի ուշադրություն դարձնել նաև Սահարայից հարավ ընկած երկրներին (SAGA): 2003թ. Թուրքիայում ընդունվեց «Աֆրիկյան երկրների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման ռազմավարությունը», որի շրջանակներում մի շարք երկրներ դիտարկվեցին որպես դարպաս` մայրցամաքի հյուսիսային (Եգիպտոս, Լիբիա), արևմտյան (Սենեգալ, Նիգերիա), հյուսիսարևելյան (Եթովպիա, Սուդան), արևելաաֆրիկյան (Քենիա), հարավային (ՀԱՀ), կենտրոնական (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ԿԴՀ) շրջաններ ներթափանցելու համար։ 2005թ. Թուրքիայում հայտարարվեց «Աֆրիկայի տարի», Թուրքիան Աֆրիկյան միությունում ստացավ դիտորդի կարգավիճակ, իսկ Ադիս Աբեբայում նրա դեսպանատունը դարձավ այդ միությունում Թուրքիայի ներկայացուցչությունը: 2008թ. հունվարին Աֆրիկյան միությունը Թուրքիան հայտարարեց իր ռազմավարական գործընկեր: Մինչ այդ նման կարգավիճակ էին ստացել միայն Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան:

2009թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իշխող ԱԶԿ ընտրանու առաջ ունեցած ելույթում ազդարարեց երկրի աֆրիկյան պլանների, ինչպես նաև նեոօսմանիզմի քաղաքականությանն անցում կատարելու մասին. «Մենք նեոօսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով և անգամ Աֆրիկա ենք գնում: Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգություն: Մեզ նեոօսմաններ են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մեծ տերություններն այս ամենին հետևում են զարմացած: Նախևառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում: Ես արդեն հանձնարարել եմ, որ աֆրիկյան որ երկիր էլ որ գնա (Ֆրանսիայի նախագահ Նիկոլա) Սարկոզին, անհրաժեշտ է, որ ամեն անգամ բարձրացնելով իր աչքերը՝ նա տեսնի թուրքական դեսպանատունը և Թուրքիայի ծածանվող դրոշը»[1]:

Մեր կարծիքով՝ Դավութօղլուն այստեղ պատահական օր չէր ընտրել․ 1934թ․ նոյեմբերի 24-ին (Մ․ Ք․ Աթաթուրքի նախագահության ժամանակ) Օսմանյան կայսրության խորհրդանիշներից մեկը դարձած Սուրբ Սոֆիայի մզկիթը ստացավ թանգարանի կարգավիճակ։ Թերևս պատահական չէր նաև այն, որ թուրքական կողմը 2015թ․ հենց նոյեմբերի 24-ին Սիրիայի հետ սահմանին կործանեց ռուսական օդուժի Su-24M ռմբակոծիչը՝ չնայած նրան, որ Թուրքիան դեռ հոկտեմբերի առաջին օրերից էր դժգոհում Սիրիայում գործող ռուսական ավիախմբի կողմից իր օդային սահմանը խախտելուց (Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունը մեկնարկել է 2015թ․ սեպտեմբերի 30-ին)։

Ա) Գագաթնաժողովներ – Աֆրիկյան ուղղությունը զարգացնելու համար ԱԶԿ-ի առաջին քայլերից մեկը եղավ «Թուրքիա-Աֆրիկա» համատեղ գագաթնաժողովների անցկացումը։ Աֆրիկայի հետ գագաթնաժողով («Աֆրիկա+1») անցկացնելու ավանդույթը պատկանում է Ֆրանսիային, որը նման առաջին գագաթնաժողովն անցկացրել է 1973թ․։ Ֆրանսիայից հետո Աֆրիկայի հետ գագաթնաժողովներ անցկացրել են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Գերմանիան, Հարավային Կորեան ու Ռուսաստանը։

«Թուրքիա-Աֆրիկա» առաջին գագաթնաժողովն անցկացվեց 2008թ. օգոստոսի 18–21–ին Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Էրդողանը դրա շրջանակներում հանդիպումներ ունեցան աֆրիկյան 49 երկրների ներկայացուցիչների հետ, ինչն աննախադեպ էր: Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց 2 փաստաթուղթ` «Թուրքիա–Աֆրիկա համագործակցության ստամբուլյան հռչակագիր. համատեղ ապագայի համար համագործակցություն և փոխօգնություն» և «Թուրքիա–Աֆրիկա գործընկերության համագործակցության շրջանակներ»: Դրանք նախատեսում էին միջկառավարական համագործակցություն, փոխադարձ առևտուր և ներդրումներ, խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ համագործակցություն, ինչպես նաև շոշափում էին գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, ջրային պաշարների, առողջապահության, էներգետիկ, տրանսպորտային, կապի, կրթական, մշակութային, մեդիա ոլորտները:

Թուրք–աֆրիկյան առաջին գագաթնաժողովում Թուրքիան հետապնդում էր երկու հիմնական նպատակ: Առաջինն առնչվում էր Թուրքիայի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառության մեծացմանը, երկրորդը՝ աշնանը կայանալիք ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամների ընտրություններում Թուրքիայի թեկնածության հանդեպ աֆրիկյան երկրների աջակցությունը ստանալուն: Եվ, իսկապես, աֆրիկյան երկրների դերը շատ մեծ է Թուրքիայի` 2009–2010թթ. ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու հարցում: 2008թ. աշնանը տեղի ունեցած քվեարկության ժամանակ աֆրիկյան 54 երկրներից 52–ն իրենց քվեն տվել են Թուրքիայի օգտին: Դրանով իսկ Թուրքիան վերջին 47 տարում առաջին անգամ դարձավ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ ընդհանուր առմամբ ստանալով 151 ձայն: Ի դեպ, դա ՄԱԿ շրջանակներում Թուրքիայի ստացած ամենամեծ աջակցությունն է (ավելի վաղ Թուրքիան ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է դարձել 1951–1952թթ., 1954–1955թթ. և 1961թ.)[2]:

2014թ․ նոյեմբերի 19-21-ին Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում անցկացվեց «Թուրքիա-Աֆրիկա» երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեց 32 աֆրիկյան երկրի պատվիրակություն։ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց 2015-2019թթ․ «Համատեղ օգտագործման պլանը», որը նախատեսում էր բազմակողմ համագործակցություն բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև կրթություն, անվտանգությունից մինչև միջազգային հարցեր[3]։

2021թ․ դեկտեմբերի 16-18-ին Ստամբուլում անցկացվեց «Թուրքիա-Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովը, որի թեման էր «Գործընկերության ընդլայնումը՝ հանուն համատեղ զարգացման ու բարգավաճման»։ Դրան մասնակցեց աֆրիկյան 16 երկրի ղեկավար և 102 նախարար (որից 26-ը՝ արտգործնախարար)։ Ընդունվեց 2022-2026թթ․ կոնկրետ նախագծերի իրագործման գործողության պլանը, որոնք, ինչպես ակնկալվում է, Թուրքիայի աջակցությամբ կիրագործվեն առաջիկա տարիներին և օգտակար կլինեն Աֆրիկայի երկրների համար։ Հաջորդ գագաթնաժողովը ծրագրված է անցկացնել աֆրիկյան երկրներից որևէ մեկում։ Իր ելույթում ԹՀ նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս հայտնեց, որ «Թուրքիա-Աֆրիկա» գործընկերային գագաթնաժողովները կդառնան ավանդական։ Նրա խոսքերով՝ աֆրիկյան մայրցամաքը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, և Թուրքիան երբեք երես չի թեքի Աֆրիկայից ու նրա ժողովուրդներից[4]։

Բ) Դեսպանատներ – Թուրքիա-Աֆրիկա առաջին գագաթնաժողովից հետո սկսեց աճել Աֆրիկայում դեսպանատների թիվը։ Մինչև ԱԶԿ իշխանության գալը Թուրքիան Աֆրիկայում ուներ միայն 12 դեսպանատուն, որոնցից 7–ը՝ SAGA–ում: Աֆրիկայում Թուրքիայի առաջին դեսպանատունը բացվել է 1925թ․ Կահիրեում, իսկ SAGA–ում՝ 1926թ․ Ադիս Աբեբայում: 1954-1994թթ․ Թուրքիան դեսպանատներ է բացել նաև Լիբիայում, Մարոկկոյում, Թունիսում, Սուդանում, Նիգերիայում, Սենեգալում, Քենիայում, Կոնգոյում, Սոմալիում ու ՀԱՀ-ում։

2009-2019թթ․ Թուրքիայի դեսպանատներ բացվել են Կոնգոյում, Կոտ դԻվուարում, Անգոլայում, Գանայում, Մադագասկարում, Մալիում, Հասարակածային Գվինեայում, Մավրիկիոսում, Ուգանդայում, Կամերունում, Հարավային Սուդանում, Մավրիտանիայում, Մոզամբիկում, Զամբիայում, Զիմբաբվեում, Գամբիայում, Գաբոնում, Նամիբիայում, Նիգերում, Ջիբութիում, Չադում, Էրիթրեայում, Գվինեայում, Բենինում, Բոտսվանայում, Բուրկինա Ֆասոյում, Ռուանդայում, Բուրունդիում, Սիերա Լեոնեում, Տանզանիայում։

2021թ․ Թուրքիայի դեսպանատուն բացվեց Տոգոյում, որով աֆրիկյան մայրցամաքում Թուրքիայի դեսպանատների թիվը հասցվեց 43-ի։ ԹՀ-ն այդ ցուցանիշով բարձրացավ 4-րդ հորիզոնական Չինաստանից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից հետո։ Այդպիսով, 2009թ․-ից Թուրքիան Աֆրիկայում բացել է 31 դեսպանատուն և դարձել 21-րդ դարում Աֆրիկայում ամենաշատ դեսպանատներ բացած երկիրը։ Մոտ ժամանակներս ծրագրված է Թուրքիայի դեսպանատուն բացել Գվինեա Բիսաուում, իսկ Աֆրիկայում Թուրքիայի դեսպանատների թիվը հասցնել մինչև 50-ի (աֆրիկյան երկրների թիվը կազմում է 54)[5]։ 2021թ․ հոկտեմբերի 18-ին Էրդողանն Անգոլայում հայտարարեց, որ Թուրքիայում աֆրիկյան երկրների դեսպանատների թիվը հասել է 37-ի[6]։ Հարկ է նշել, որ մինչև ԱԶԿ իշխանության գալը Թուրքիայում դեսպանատուն ուներ աֆրիկյան միայն 10 երկիր, որոնցից 5-ը բաժին է ընկել SAGA–ին (Ալժիր, ՀԱՀ, Մարոկկո, Լիբիա, Եգիպտոս, Սուդան, Թունիս, Նիգերիա, Սենեգալ, Եթովպիա):

Գ) Բարձրաստիճան այցեր – ԱԶԿ կառավարման տարիներին ԹՀ-ի ու Աֆրիկայի միջև գրանցվեցին բարձր մակարդակի փոխադարձ այցեր։ Մինչև ԱԶԿ իշխանության գալն Անկարան հիմնականում սահմանափակվել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների, առաջին հերթին՝ Լիբիայի հետ հարաբերություններով, որին Թուրքիայում անվանում էին «աֆրիկյան դարպասներ»: Մինչև 2000-ականները Թուրքիայից SAGA իրականացվել է ամենաբարձր մակարդակի երկու այց․ 1969թ. դեկտեմբերի 17–22–ին Եթովպիա է այցելել Թուրքիայի նախկին (1966–1973թթ.) նախագահ Ջևդեթ Սունայը, իսկ 1996թ. հոկտեմբերի 7-8-ին Ն․ Էրբաքանն այցելել է Նիգերիա: Մինչդեռ միայն 2004-2013թթ. Էրդողանը և Գյուլը 38 այց են կատարել աֆրիկյան երկրներ, որոնց մեծ մասը եղել է աննախադեպ: 2011թ. Էրդողանը մեկնեց Մոգադիշո, որով դարձավ վերջին 20 տրավա ընթացքում Սոմալի այցելած, աֆրիկյան երկիր չհանդիսացող օտար առաջին երկրի առաջնորդ։

2021թ․ հոկտեմբերի 17-ին Էրդողանը քառօրյա այցով մեկնեց Անգոլա, Նիգերիա և Տոգո՝ այցելած աֆրիկյան երկրների թիվը հասցնելով 30-ի[7]։ Այս ամենին զուգահեռ՝ ավելանում է Թուրքիա աֆրիկյան երկրների առաջնորդների այցերի թիվը, որոնց մի զգալի մասը նույնպես  աննախադեպ է[8]։ Օրինակ, միայն 2021թ․ Թուրքիա է այցելել աֆրիկյան միանգամից 5 երկրի (Եթովպիա, ԿԴՀ, Գվինեա, Սուդան, Անգոլա) առաջնորդ, ինչպես նաև Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը[9]։

Այդպիսով, Թուրքիային հաջողվել է 21-րդ դարում քաղաքական-դիվանագիտական ոլորտում Աֆրիկայում հասնել բավական լուրջ (աննախադեպ) հաջողությունների։ Անգամ դեսպանատների բացման համատեքստում կարելի է ասել, որ Թուրքիան առաջատար հնգյակում է և մոտենում է եզրագծին (54 երկրից 50-ում դեսպանատուն ունենալուն)։

1Տնտեսական

Իր աֆրիկյան քաղաքականությունում Թուրքիան շեշտը դնում է աֆրիկյան երկրների հետ տնտեսական համագործակցության վրա: Աչք է զարնում այն, որ թուրք առաջնորդները սովորաբար աֆրիկյան երկրներ են այցելում հարյուրավոր գործարարների ուղեկցությամբ: Թեև Թուրքիային հետաքրքրում են աֆրիկյան երկրների բնական հարստությունները, այնուամենայնիվ, նա մեծ կարևորություն է տալիս նաև հարաբերությունների այլ տեսակներին: Դա, մասնավորապես, վերաբերում է թուրքական արտահանմանը և աֆրիկյան երկրներում ներդրումներ անելուն: Հաշվի է առնվում, որ Աֆրիկան մոտ 1․3 միլիարդ բնակչությամբ ու $3․4 տրիլիոն ծավալով հսկա շուկա է։

Աֆրիկայի հետ Թուրքիայի առևտրի մեծ մասը դեռ բաժին է ընկնում Հյուսիսային Աֆրիկայի երկրներին, որոնց հետ նա վաղեմի կապերի մեջ է: Թուրքիան և Աֆրիկան կանոնավորապես փոխանակվում են տնտեսական պատվիրակություններով: Մշտապես կազմակերպվում են թուրքական ապրանքների տոնավաճառներ ու ցուցահանդեսներ: TUSKON-ը (Թուրքիայի գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիա) կազմակերպում է բիզնես-գագաթնաժողովներ, որոնց մասնակցում են թուրք և Աֆրիկայի գրեթե բոլոր երկրների հազարավոր գործարարներ: 2008թ. ստեղծվել է Թուրք-աֆրիկյան առևտրային պալատը, որում Թուրքիան ներկայացնում է Առևտրային պալատների և ապրանքային բորսաների միությունը (TOBB): 1998թ․-ից Թուրքիան աֆրիկյան մայրցամաքում մասնակցում է միջազգային կառույցների (նաև ՀԲ-ի) նախագծերի իրագործմանը:

Թուրքիայի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Աֆրիկան չեն դիտարկում միայն որպես հումքի մատակարար և ապրանքների վաճառքի շուկա, որ շահագրգռված են լայնամասշտաբ համագործակցությամբ, այդ թվում նաև տեխնոլոգիաների, աֆրիկյան ապրանքները համաշխարհային շուկաներում հայտնվելու գործընթացը դյուրացնելու, մայրցամաքի զարգացման և այլ ոլորտներում: Թուրք ձեռնարկատերերն ակտիվորեն ներդրումներ են անում աֆրիկյան երկրներում: Հյուսիսային Աֆրիկայում թուրքական ներդրումների ծավալը զգալիորեն գերազանցում է SAGA-ում կատարված ներդրումների ծավալը, թեև այն վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել: Թուրքական ընկերություններն Աֆրիկայում լայնորեն օգտագործում են տեղի աշխատուժը: Հաշվի առնելով, որ աֆրիկյան երկրների մեծ մասում աշխատավարձի մակարդակը բարձր չէ, դա տվյալ երկրները դարձնում է առավել գրավիչ՝ այնտեղ տեղափոխելու համար մի շարք արտադրական հզորություններ, որոնք չեն պահանջում որակյալ աշխատանք[10]:

ԱԶԿ-ի ջանքերով զգալի աճել է Թուրքիայի ու Աֆրիկայի միջև առևտրի ծավալը։ Եթե 2003թ․ Թուրքիայի ու Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր $5․47 միլիարդ, ապա 2015թ․ այն արդեն եռապատկվել է՝ $17․5 միլիարդ, իսկ 2020թ․ կազմել $25․3 միլիարդ՝ չնայած կորոնավիրուսի համավարակին (2019թ․՝ $26․2 միլիարդ)։ Եթե 2003թ․ Աֆրիկայում Թուրքիայի ներդրումների ծավալը կազմում էր $100 միլիոն, ապա ներկայումս հասել է  $6-7 միլիարդի, որով աշխատանքով ապահովվել է ավելի քան 25․000 աֆրիկացի[11]։

Ներկայումս Թուրքիան գործարար խորհուրդներ է ձևավորել շուրջ 45 աֆրիկյան երկրի հետ, $8․7 միլիարդ է ուղղել աֆրիկյան երկրների զարգացման նախագծերի իրագործմանը, 48 աֆրիկյան երկրի հետ ստորագրել է առևտրային ու տնտեսական համագործակցության, 32 երկրի հետ՝ ներդրումների փոխադարձ խթանման ու պաշտպանության, իսկ 16 երկրի հետ՝ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրեր։

Թուրքիայի գործարար շրջանակները գործադրում են բոլոր ջանքերն իրենց համար բացելու Աֆրիկայի շուկաները: Աֆրիկայի տնտեսական բարձր ներուժը և օտար երկրների առջև բաց դառնալու նրա ջանքերը Թուրքիայի համար ստեղծում են լայնամասշտաբ տնտեսական համագործակցության հնարավորություններ: Դա վերաբերում է նաև շինարարական ոլորտին։ Թուրք շինարարներն արտերկրում իրենց առաջին գործունեությունը ծավալել են Լիբիայում, որին 1972–1979թթ. բաժին է ընկել արտերկրում թուրքական շինարարական աշխատանքների 72.53%-ը, իսկ 1980–1989թթ.՝ 55.2%-ը[12]: Ներկա դրությամբ թուրքական կապալառու ընկերություններն Աֆրիկայում արդեն իրականացրել են ընդհանուր $78 միլիարդ ընդհանուր արժողությամբ 1686 նախագիծ։

ԱԶԿ իշխանության տարիներին «Թուրքական ավիաուղիները» (THY) զգալի մեծացրել է ավիաչվերթների աշխարհագրությունն Աֆրիկայում: Եթե 2002թ. THY–ն ուներ ընդամենը 4 աֆրիկյան ուղղություն, ապա 2013թ․ այն չվերթներ էր կատարում Աֆրիկայի 25 երկրի 36 կետեր, այդ ցուցանիշով այն Աֆրիկայում զիջում էր միայն Air France–ին (52 չվերթ)[13]: 2021թ․ աշնանը հաղորդվեց, որ Աֆրիկայում THY-ի ուղղությունների թիվը հասել է 61-ի (40 երկիր)[14], և որ THY-ին հաջողվել է գերազանցել նաև Air France–ին[15]։ Սա վկայում է, որ THY-ը «քայլում է» ԹՀ արտաքին քաղաքականությանը զուգահեռ (և նաև ԹՀ-ի «փափուկ ուժի» մաս է)։

Աֆրիկյան ռազմավարության մաս են կազմում Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) կազմակերպած «Թուրքիա-Աֆրիկա տնտեսական և գործարար ֆորումները» (TABEF)։ Ֆորումներին մասնակցում են աֆրիկյան երկրների նախարարներ, մասնավոր սեկտորում ներգրավված ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Աֆրիկյան Միության ու Աֆրիկյան զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, Աֆրիկյան տարածաշրջանի տնտեսական համայնքների գլխավոր քարտուղարը և այլք։ Առաջին TABEF-ը Ստամբուլում անցկացվել է 2016թ․ նոյեմբերի 2-3-ին, երկրորդը՝ 2018թ․ հոկտեմբերի 21-22-ին, իսկ երրորդը՝ 2021թ․ հոկտեմբերի 21-22-ին[16]։

Երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցել է 41 երկրի 250 ներկայացուցիչ, ավելի քան 3000 գործարար, որոնցից 1600-ը՝ Աֆրիկայից[17]։ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը ֆորումում հայտարարեց․ «Թուրքիայի արտահանումն Աֆրիկա $21 միլիարդից հասել է $152 միլիարդի, իսկ ներկրումը՝ $33 միլիարդից $10 միլիարդի։ Թուրքիան ու Աֆրիկան շարունակելու են առաջ ընթանալ «շահիր-շահիր» սկզբունքով»[18]։

Ֆորումում Էրդողանը հայտարարեց, որ Աֆրիկան ու Թուրքիան նպատակադրվել են ապրանքաշրջանառության ծավալը նախ հասցնել $50 միլիարդի, ապա $75 միլիարդի։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի վարչապետի ու նախագահի պաշտոնում ընդհանուր 50 այց է կատարել 30 աֆրիկյան երկիր։ Էրդողանը կարևորեց թուրքական ներդրումները նաև Աֆրիկայի առողջապահական ենթակառուցվածքներում, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում թուրքական TURKOVAC պատվաստանյութի կիրառումը (ծրագրված է Աֆրիկա ուղարկել 15 միլիոն չափաբաժին)։[19] Նշենք, որ 2014թ․ Մալաբոյում Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան $5 միլիոն է հատկացրել Էբոլայի դեմ պայքարին, Սուդանում բացել է 150, իսկ Սոմալիում՝ 200 մահճակալով հիվանդանոցներ։

Տանզանիայի Արդյունաբերական պալատի ղեկավար Փոլ Քովին ֆորումում հայտարարեց, որ թուրքական ապրանքները համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին, և միաժամանակ դրանց գինը մատչելի է, ինչն առավելություն է իրենց համար։ Եթովպական կողմին հետաքրքրել է թվային կրթության ոլորտում, իսկ Ուգանդային՝ ջրային ոլորտում Թուրքիայի ունեցած փորձը։ Ընդգծվեց, որ աշխարհում չշահագործվող տարածքների 60%-ը գտնվում է Աֆրիկայում։[20] Ֆորումում նշվեց, որ կարճ ժամանակ անց Աֆրիկայի բնակչությունը 1․3 միլիարդից հասնելու է 1․7 միլիարդի, և այդ համատեքստում կարևորվեց Թուրքիայի կողմից Աֆրիկայում որակյալ ենթակառուցվածքներ կառուցելը[21]։

Չնայած տնտեսական ոլորտում զգալի հաջողություններին՝ Թուրքիան դեռ բավական անելիքներ ունի մի շարք ուղղություններով․ Գերմանիայի ու Աֆրիկայի միջև առևտրի ծավալը կազմում է $50 միլիարդ, իսկ Չինաստանի ու Աֆրիկայի միջև՝ $190 միլիարդ։ Այնուամենայնիվ, Թուրքիան պարարտ է հող է ստեղծել տնտեսական կապերի հետագա խորացման համար, և թերևս անկասկած է, որ ժամանակի ընթացքում զգալի կմեծանա Թուրքիայի դերն Աֆրիկայի տնտեսական կյանքում (նաև ենթակառուցվածքներում)։

1Գաղափարական, Փափուկ ուժ

21-րդ դարում Թուրքիայում մի շարք քայլեր ձեռնարկվեցին թուրք հասարակությանն Աֆրիկան ծանոթացնելու և Թուրքիան Աֆրիկային ծանոթացնելու ուղղությամբ: Այդ նպատակով «ուղեղային կենտրոնները» կազմակերպում էին սեմինարներ և կոնֆերանսներ, որոնցում ընդգծվում էր, որ Թուրքիան օտար երկիր չէ Աֆրիկայում (Օսմանյան կայսրություն): 2013թ. սկզբին Տնտեսական և սոցիալական հետազոտությունների միջազգային հիմնադրամը (UTESAV) կազմակերպեց «Աֆրիկայի ապագան և Թուրքիան» խորագրով միջազգային կոնֆերանս: Զեկուցողներից Չադում Թուրքիայի դեսպան, պրոֆեսոր Ահմեթ Քավասը հայտարարեց․ «Մալիում Ֆրանսիայի իրականացրած օպերացիան «Աֆրիկայում Մեծ խաղի» մասնիկն է, ինչի հիմքում ընկած է SAGA-ի էներգետիկ հարուստ պաշարներին և առաջին հերթին նավթին ու ուրանին տիրելը։ Արևմտյան երկրները քաջատեղյակ են Աֆրիկայի մասին, նրանք վաղուց տեղեկություններ ունեն Աֆրիկայի օգտակար հանածոների և գյուղատնտեսական արտադրանք արտադրելու համար բարենպաստ տարածքների մասին: Ընդ որում, աֆրիկացիները հաճախ տեղյակ չեն իրենց տարածաշրջանի պաշարների մեծ մասից: Արևմուտքը սխալ տեղեկություններ է հաղորդում Աֆրիկայի բնական հարստությունների մասին (սովորաբար աֆրիկյան հանքավայրերը շահագործման համար բավական մատչելի են և ունեն հարուստ բովանդակություն)։ Իրականում այդ պաշարները շատ ավելին են: Աֆրիկայի մասին մեր տեղեկությունները սահմանափակ են և սովորաբար հենված են արևմտյան աղբյուրների վրա: 21-րդ դարի երկրորդ կեսը կդառնա «Աֆրիկայի դար», և դրա հետ կապված` պետք է շեշտը դնել աֆրիկյան մայրցամաքում հետազոտություններ անցկացնելու կարևորության վրա»:

Թուրք սյունակագիր Սամի Քոհենը գրում է. «Այսօր Աֆրիկան վերածվել է բազում երկրների համար կատաղի մրցակցության գոտու: ԱՄՆ–ը և Եվրոպան ներկայացնող նրա նախկին գաղութարար երկրներն արդեն բավական երկար ժամանակ ներկայացված են տվյալ տարածաշրջանում: Վերջին շրջանում Աֆրիկայում զգալի ակտիվություն են ցուցաբերում Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Բրազիլիան: Այժմ Թուրքիան նույնպես միացել է այդ մրցակցությանը, և այդ պայքարում հաջողության հասնելու համար կարևոր է խաղալ որոշակի կանոններով: Աֆրիկայում դրված առաջադրանքների կատարման համար պետք է հիմնավորապես ճանաչել և՛ նրա պետությունները, որոնցից շատերում իշխում են բռնապետներն ու տիրում է կոռուպցիա, և՛ նրա ժողովուրդներին»։

Վերոնշյալը վկայում է, որ Թուրքիան մյուսների հետ համեմատ ավելի ուշ է միացել Աֆրիկայի համար մղվող պայքարին և հաջողության հասնելու համար պետք է ցուցաբերեր նորարարական մոտեցում։ Գիտակցելով, որ գաղութատիրական անցյալով արևմտյան երկրները բավական խոցելի են՝ թուրքական կողմն անմիջապես մասշտաբային քարոզչական գրոհ ձեռնարկեց տվյալ ուղղությամբ։ 2010թ. ԿԴՀ այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարեց. «Մեծ երկիր լինելը չի բնորոշվում միայն ուժեղ բանակ և ուժեղ տնտեսություն ունենալով: Դա բնորոշվում է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելով: Աֆրիկային Թուրքիայի մարդասիրական օգնության ծավալն անցել է $1 միլիարդից: Ի տարբերություն եվրոպական երկրների` Թուրքիան չունի գաղութատիրական անցյալ, թուրք-աֆրիկյան հարաբերությունները մաքուր են: Թուրքիան առանց որևէ ակնկալիքի հումանիտար օգնություն է ցուցաբերում Աֆրիկային»:

2011թ. Էրդողանը քննադատեց այն բոլոր երկրներին և միջազգային կառույցներին, որոնք անտարբեր           են Սոմալիի խնդիրների նկատմամբ. «Աֆրիկայի բնական հարստությունների կողոպտիչները հանգիստ, առանց խղճի խայթի հետևում են աղետին: Սա թեստ է` ապացուցելու համար, որ արևմտյան արժեքները դատարկ հռետորաբանություն չեն»: 2013թ. սկզբին էլ Էրդողանը Գաբոնի խորհրդարանում հայտարարեց. «Նայելով Աֆրիկային` մենք ուշադրություն չենք դարձնում նրա հարստություններին, մենք տեսնում ենք միայն բարեկամություն և եղբայրություն: Կգա ժամանակ, երբ Աֆրիկան Արևմուտքից պատասխան կպահանջի առևանգած ալմաստների, ոսկու, ստորգետնյա հարստությունների և մարդավաճառության համար: Դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը դարձել է Աֆրիկայում բարեկամական և եղբայրական կյանքի խորհրդանիշ, նա մշտապես դեմ է եղել շահագործմանը և երբեք չի միջամտել այլ ժողովուրդների կրոնական, լեզվական, մշակութային գործերին: Թուրքիան և Աֆրիկան դժվարին ճանապարհ են հաղթահարել: Նայելով Աֆրիկային` մենք տեսնում ենք մեր ընդհանուր պատմությունը»:

2012թ. մայիսին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն Անկարայում «Թուրքիա-Աֆրիկա» մեդիա ֆորումում հայտարարեց. «Դարերի ընթացքում Աֆրիկան բազում տանջանքներ է տեսել, նրա ստորգետնյա և վերգետնյա բնական պաշարներն անխնա թալանվել և թալանվում են: Թուրքիայի և Աֆրիկայի միջև առկա են պատմական կապեր: Աֆրիկայի նկատմամբ մեր հետաքրքրությունը համեմատելի չէ մյուսների հետաքրքրության հետ, մեր հետաքրքրությունը բխում է մեր սրտերում առկա սիրո զգացումից: Մենք օգնում ենք անգամ Աֆրիկայի ամենահեռավոր մասերում բնակվող հասարակ քաղաքացիներին: Թուրքիան զգալիորեն ավելացրել է իր ներկայացուցչություններն աֆրիկյան երկրներում, ինչը վկայում է նրանց մեր տված մեծ նշանակության մասին»:

Թուրք առաջնորդների նմանատիպ հայտարարությունները միտված են աֆրիկացիների շրջանում Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելուն և առաջին   հերթին Աֆրիկայում ամուր դիրքեր ունեցող եվրոպական երկրներին վարկաբեկելուն, նրանց դեմ ատելություն բորբոքելուն[22]: Այս գործելաոճը չի փոխվել նաև ներկայումս։ 2021թ․ հոկտեմբերին Էրդողանն Անգոլայի խորհրդարանում հայտարարեց․ «Մենք այնպիսի ազգ ենք, որի պատմության մեջ չկան գաղութատիրական հետքեր։ Այսօր մենք պայքարում ենք գլոբալ համակարգի անարդարության դեմ՝ հայտարարելով, թե աշխարհը հինգից մեծ է։ Մարդկության ճակատագիրը չպետք է գտնվի մի բուռ երկրների ձեռքում, որոնք հաղթել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Թեև Թուրքիայի ու Անգոլայի միջև աշխարհագրական հեռավորությունը կազմում է մոտ 6000 կմ, այնուամենայնիվ, անհնար է սահմաններ գծել մեր սրտերի միջև։ Թուրքիան տարբերակում չի մտցնում աֆրիկյան երկրների միջև, ցանկանում է Աֆրիկայի հետ առաջ գնալ ձեռք ձեռքի տված։ Մեր նպատակն է Աֆրիկայի հետ միասին հաղթել, զարգանալ, աճել ու հաղթահարել ճանապարհը»[23]։

Այդպիսով, Էրդողանը ձգտում է աֆրիկյան երկրներին շարունակ ցուցադրել իր «հակաիմպերիալիստական» ուղղվածությունը՝ ընդգծելով, որ «արդեն բավական է, որ պետք է վերջ դնել գաղութատիրությանը, որ Աֆրիկան կարող է դառնալ բարօրության մայրցամաք»։ Էրդողանը Թուրքիան ներկայացնում է որպես աֆրո-եվրասիական երկիր՝ հիշեցնելով, որ Օսմանյան կայսրության տարածքները տարածվել են Աֆրիկայում, Եվրոպայում ու Ասիայում։ Շատ կարևոր է այն, որ Աֆրիկայի մասին խոսելիս Էրդողանը շեշտը դնում է «արդարության վերականգնման» վրա՝ այդպիսով ներկայանալով որպես «արդարության համար պայքարի առաջամարտիկ» և աֆրիկյան երկրներին լարելով Արևմուտքի դեմ։

Եվ թուրքական կողմի այս գործունեությունը տալիս է իր պտուղները։ Ներկայացնենք մի քանի օրինակ։ 2021թ․ դեկտեմբերին «Անադոլուի» հետ զրույցում մավրիկացի պատմաբան Ասադ Բհուղլան նշեց. «Աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները հիմնված են մարդասիրության, եղբայրության և փոխադարձ համագործակցության վրա։ Թուրքիայի հետ հարաբերությունները տարբերվում են Աֆրիկայում գաղութատիրական պատմությամբ արևմտյան տերությունների պարտադրած միակողմանի հարաբերություններից։ Նախկին գաղութատիրական տերությունները շահագործեցին մայրցամաքի ռեսուրսներն ու հումքը՝ միաժամանակ հզորացնելով իրենց, մինչդեռ Թուրքիան ավելի մարդասեր է, ձգտում է, որ աֆրիկյան ժողովուրդներն օգտագործեն իրենց սեփական ռեսուրսները և իրենց ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքում»[24]:

Սենեգալյան Dakar Construction ընկերության սեփականատեր Բամբա Դիագնեն էլ «Անադոլուի» հետ զրույցում կարևորեց թուրքական ընկերությունների և ներդրողների կողմից հարգանքի ցուցաբերումը․ «Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժում իրեն «վերևից նայող» գործընկերներին։ Մայրցամաքում թուրք ներդրողների ամենամեծ առավելությունն այն է, որ նրանք հարգում են իրենց զրուցակիցներին: Ես ամբարտավան վերաբերմունք չեմ զգում թուրքերի հետ աշխատելիս: Մենք դա հաճախ ենք զգում այլ գործընկերների հետ շփվելիս: Կարծում եմ, որ շատ լավ է նաև այն, որ մենք դավանում ենք նույն կրոնը։ Օրինակ, չինական ընկերությունների հետ լուրջ խնդիրներ կան կրոնի մասով։ Բայց թուրքերի զգայունությունն այս հարցում անվիճելի է։ Սենեգալում հավատքն առաջին տեղում է: Սենեգալում բիզնես անելիս հարկ է որոշակի զգայունություն ցուցաբերել կրոնական հարցերի նկատմամբ»[25]:

Յոհաննեսբուրգում գտնվող Media Review Network ուղեղային կենտրոնի գիտաշխատող Մուստաֆա Մեթանն «Անադոլուի» հետ զրույցում հայտնել է․ «Աֆրիկայի զարգացման հանդեպ Թուրքիայի մոտեցումը լիովին տարբերվում է մյուսներից: Այն հենված է իրական գործընկերության վրա, հենված չէ հարկադրանքի և մանիպուլյացիայի վրա, ինչպես որ արևմտյան որոշ երկրների դեպքում է։ Աֆրիկան կարիք ունի գործընկերների, ոչ թե տերերի։ Աֆրիկյան երկրների ներքին գործերին Թուրքիայի չմիջամտելը բարեկամության ակնհայտ ցուցիչ է։ Նա միջամտում է միայն այն ժամանակ, երբ իրեն խնդրում են այդ մասին»:

Քեյփթաունի համալսարանի դոկտորանտ Սաֆիե Յըլդըզի կարծիքով՝ ցուցաբերած հարգանքի շնորհիվ Թուրքիան կշարունակի դիրքեր գրավել մայրցամաքում․ «Օսմանյան կայսրությունը պատվավոր ժառանգություն է կտակել մայրցամաքին: Թուրք ժողովուրդն Աֆրիկան երբեք չի անվանել «սև մայրցամաք», ինչպես որ Արևմտյան աշխարհը։ Այն ժամանակ, երբ Աֆրիկայում գաղութարարները եկեղեցիները տարանջատում էին ըստ սպիտակամորթների և սևամորթների, օսմանները թուրք գիտնականներ էին ուղարկում Հարավային Աֆրիկա՝ անկախ մաշկի գույնից, մարդկանց ուսուցանելու համար»[26]:

21-րդ դարում Աֆրիկայում Թուրքիայի դիրքերի շեշտակի ամրապնդումը մեծապես հնարավոր է դարձել Թուրքիայի «փափուկ ուժի» գործիքակազմի հաջող կիրառման շնորհիվ։ Այստեղ, թերևս, պետք է առաջինը հիշատակել Թուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը (TIKA), որը գործում է Աֆրիկայի գրեթե 40 երկրում և իր գրասենյակներն է բացել աֆրիկյան 22 երկրում: TIKA-ն դրամաշնորհներ է տրամադրում Աֆրիկայում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցմանը։ Ի դեպ, TIKA–ն մեծ ուշադրություն է հատկացնում Աֆրիկայում ջրի խնդրի լուծմանը: TIKA–ն Թուրքիայի Ջրային ռեսուրսների գործակալության (DSI) հետ մեկտեղ 2010-ականների սկզբներին աֆրիկյան երկրներում արդեն բացել է 303 ջրհոր: TIKA–ն Աֆրիկայում նաև մասնակցում է ծառատունկերի` դրանով իսկ ներգրավվելով աֆրիկյան երկրների համար առանցքային մեկ այլ խնդրի լուծման մեջ (անապատացման դեմ պայքար): 2012թ. օգոստոսին աֆրիկյան այդ երկրում ստեղծվեց «Նիգեր–Թուրքիա բարեկամության անտառ»[27]:

1992թ․-ից ի վեր TİKA-ն 5 մայրցամաքում իրականացրել է մոտ 30.000 նախագիծ։ Այն իր 62 գրասենյակներն է բացել 60 երկրում (63-րդ գրասենյակը ծրագրված է բացել Նիգերիայում)։ Թերևս ավելորդ չէ ասել, թե Թուրքիայի վարկը որքան է բարձրանում տեղաբնակների ջրային սուր խնդիրները լուծելուց հետո (Թուրքիան նաև ջրատար մեքենաներով է խմելու ջուր հասցնում աֆրիկյան գյուղեր)։ 2021թ․ վերջին թուրքական մամուլը հայտնեց, որ Թուրքիան Ասիայում ու Աֆրիկայում խմելու ջրով ապահովել է 18 միլիոն մարդու, ընթացքի մեջ է ևս 7 միլիոն մարդու խմելու ջրով ապահովելու հարցը։ Միայն աֆրիկյան 22 երկրում թուրքական պետական ու քաղաքացիական կազմակերպությունները բացել են 34․297 ջրհոր, որոնք կծառայեն 15-25 տարի։ Ջրհորներ բացելու արժեքը կազմում է 80-2250 եվրո՝ կախված տարածաշրջանից։ Բացի այդ նրանք բազում կիլոմետրերով ջրագծեր ու ջրի մաքրման կայաններ են կառուցել այդ երկրներում, որտեղ տարեկան ավելի քան 485․000 մարդ է մահանում խոլերայից, դիզենտերիայից, տիֆից ու փորլուծությունից[28]։

Աֆրիկայում լայն գործունեություն են ծավալում Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), որը պայքարում է բնական ու մարդածին աղետների հետևանքների վերացման դեմ, Թուրքական Կարմիր մահիկը, Արտասահմանաբնակ թուրքերի ու ազգակից համայնքների վարչությունը (YTB), Թուրքիայի Կրոնական հիմնադրամը (TDV), Յունուս Էմրեի ինստիտուտը (YEE), Թուրքիայի Լուսավորման (Մաարիֆ) հիմնադրամն (TMV) ու բազում ՀԿ-ներ, Anadolu լրատվական գործակալությունը («փափուկ ուժի» գործիքակազմի մեջ են մտնում վերոնշյալ DEIK-ը և նաև THY-ը)։

YEE-ն զբաղված է տեղաբնակների շրջանում թուրքերեն լեզվի, թուրքական մշակույթի տարածմամբ, Թուրքիայի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելով (թուրքական հեռուստասերիալները մեծ տարածում ունեն Աֆրիկայում)։ Այն Աֆրիկայում ունի 10 գրասենյակ (որից 4-ը՝ Հյուսիսային Աֆրիկայում)։ YEE-ն այդպիսով հիշեցնում է Աֆրիկայում չինարենի ուսուցում իրականացնող Կոնֆուցիոսի կենտրոնները (աֆրիկյան 45 երկրում 61 գրասենյակ)։ TMV-ն էլ 25 աֆրիկյան երկրի 175 կրթական հիմնարկում մատուցում է կրթական ծառայություններ (դրանցում սովորում է 17․565 աշակերտ)։ Աֆրիկայում TMV-ն իր գործունեությունը բավական ընդլայնել է վերջին 5 տարում՝ 2016թ․ ամռանը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո, երբ Էրդողանը սկսեց իր վերահսկողության տակ առնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հայտնի դպրոցներն Աֆրիկայում (և ոչ միայն)։ Եթե 2016թ․ Աֆրիկայում TMV-ի տրամադրության տակ կար 18 ուսումնական հիմնարկ, ապա 2017թ․ այն հասավ 76-ի, 2018թ․՝ 125-ի, 2019թ․՝ 144-ի, 2020թ․՝ 151-ի, 2021թ․՝ 175 ի։ Այսօր աշխարհի 47 երկրում TMV-ի տրամադրության տակ առկա է 378 դպրոց, 1 համալսարան ու 14 կրթական կենտրոն, որոնցում սովորում է մոտ 45․000 աշակերտ ու ուսանող։ TMV-ի վարժարանների շրջանավարտները հետագայում դառնում են թուրքական բուհերի ուսանողներ։ Էրդողանի խոսքերով՝ ներկայումս Թուրքիայի բուհերում սովորում է աֆրիկյան ավելի քան 50 երկրի 5000 ուսանող, իսկ վերջին 25 տարում Թուրքիայում կրթություն ստացած աֆրիկացի ուսանողների թիվը գերազանցել է 14.000-ը[29]։

Էրդողանը «Թուրքիա-Աֆրիկա» 3-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեց Թուրքիայում ուսանող աֆրիկացի երիտասարդների հետ և հիշատակեց իր «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» խորագրով գիրքը․ «Ներկայիս աշխարհն արդար չէ, նրանում առկա է զուլում, որի մեղավորը ՄԱԿ ԱԽ-ն է։ Ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների թվում չկա մեկ մուսուլմանական երկիր, ինչո՞ւ Աֆրիկան ներկայացված չէ այնտեղ։ Ո՞վ է այս իրավիճակը փոխելու։ Դո՛ւք եք փոխելու։ Աֆրիկայի հետ միասին պետք է լուծենք հարցը, միասին պետք է պայքարենք ընդհուպ մինչև հաղթական ավարտ։ Իմ հանձնառությունը սա է, իսկ ձերը՝ դա»։ Էրդողանն աֆրիկացի երիտասարդներին խորհուրդ տվեց լինել ինքնավստահ, իրենց երկրներ վերադառնալուց հետո զբաղվել քաղաքականությամբ և խնդրի լուծմամբ[30]։

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը նույնպես ակտիվորեն ներգրավված է Աֆրիկայում Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունն առաջ մղելով։ 2021թ․ աշնանը նա ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանից առաջ Նյու Յորքում կատարեց իր «Իմ ճամփորդություններն Աֆրիկայում» գրքի շնորհանդեսը, որի վաճառքից գոյացած գումարը ծրագրված է ուղղել Աֆրիկայում երեխաների կարիքների ապահովմանը: Ընդ որում, գրքի շնորհանդեսն անցկացվեց նորաբաց Թուրքական տանը, որն ունի 36 հարկ (թերևս խորհրդանշում է օսմանյան 36 սուլթաններին)։ Գրքում Է․ Էրդողանը պատմում է 2014-2020թթ. աֆրիկյան 23 երկիր կատարած այցերի մասին (Ալժիր, Հասարակածային Գվինեա, Եթովպիա, Ջիբութի, Սոմալի, Կոտ դ’Իվուար, Գանա, Նիգերիա, Գվինեա, Ուգանդա, Քենիա, Տանզանիա, Մոզամբիկ, Մադագասկար, Սուդան, Չադ, Թունիս, Մավրիտանիա, Մալի, ՀԱՀ, Զամբիա, Գամբիա, Սենեգալ)։ Գրքի շնորհանդեսի ժամանակ նա կարևորեց այն մտածելակերպի փոխվելը, երբ Աֆրիկա ասելիս մարդկանց մտքին առաջինը գալիս են «գաղութատիրություն, աղքատություն, ծարավ, սովալլուկ երեխաներ»։ Է․ Էրդողանի խոսքերով՝ ավելի քան 2000 լեզու և էթնիկ համայնք, ավելի քան 1 միլիարդ բնակչություն ունեցող Աֆրիկան դառնալու է 21-րդ դարի Ծագող աստղ։ Ծրագրված է նրա գիրքը թարգմանել նաև անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և սվահիլի (Աֆրիկայում ամենատարածված լեզուներից)[31]։

Հոկտեմբերին էլ նա Անգոլայում հայտարարեց, թե TIKA-ն Աֆրիկայում կառուցում է կանանց համար նախատեսված Պրոֆեսիոնալ կրթական կենտրոններ, ուր տեղաբնակ կանայք յուրացնում են վարսահարդարության, խոհարարության, կարուձևի, արվեստի տարբեր տեսակների, տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների վերամշակման գաղտնիքները․ «Մենք վերացնում ենք կանանց կրթության ու զբաղվածության առջև ընկած բոլոր խոչընդոտները։ Ես անկեղծ հավատում եմ, որ ապագան կառուցվելու է կնոջ ուժով։ Կանայք դաստիարակում են ապագա սերնդին։ Սերնդի որակը կախված է կնոջ ունեցած որակներից։ Աֆրիկացի կանայք կկանխորոշեն Աֆրիկայի ապագան»։ Էմինե Էրդողանը կարևորեց նաև Աֆրիկայում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Թուրքիայի աջակցությունը[32]։

Այս ամենին զուգահեռ Թուրքիան Աֆրիկայում ամրապնդում է բարերար երկրի իր կերպարը։ Թուրքիան 10 տարում 30 անգամ մեծացրել է արտաքին օգնության ծավալը՝ օգնություն ցուցաբերելով 5 մայրցամաքում գտնվող ավելի քան 100 երկրի․ եթե 2003թ. դրա ծավալը կազմել է $76 միլիոն, ապա 2012թ. այդ ցուցանիշը կազմել է $2533 միլիոն: 2012թ. Թուրքիան աշխարհում 161 երկրի մարդասիրական օգնության ցուցանիշով զբաղեցրել է 4–րդ տեղը: 2004–2012թթ. Թուրքիան ցուցաբերել է $7 միլիարդ և 481 միլիոնի օգնություն[33]։ Համաշխարհային մարդասիրական օգնության մասին 2018թ․ զեկույցի համաձայն՝ 2017թ․ Թուրքիան դարձել է աշխարհի ամենաառատաձեռն երկիրը՝ մեկ տարում ցուցաբերելով $8․07 միլիարդի օգնություն (ԱՄՆ-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ $6․68 միլիարդ ցուցանիշով)։ Թուրքիան մարդասիրական օգնությանն է ուղղում իր ազգային եկամտի 0․85-1․15%-ը[34]։

Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականության չափազանց կարևոր գործիք է TDV-ը, որն Աֆրիկայում (և այլուր) իրականացնում է բազմոլորտ գործունեություն։ TDV-ն Աֆրիկայի կարիքավորների համար հատկացրել է $111․6 միլիոն՝ կապված հրատապ մարդասիրական օգնության, սոցիալական, կրթական, մշակութային ոլորտների հետ։ TDV-ը նույնպես ներգրավված է ջրհորներ փորելու և աղբյուրներ բացելու գործընթացում (TDV-ն Աֆրիկայում բացել է 294 ջրհոր)։ Բացի այդ TDV-ը նպաստում Աֆրիկայում թուրքերենի դասընթացների անցկացմանը, ինչպես նաև Աֆրիկայում բացում է հաֆիզի (Ղուրանն անգիր սովորելու) դպրոցներ։ TDV-ը Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ 95․432 փաթեթ (զոհաբերության) միս է բաժանել Աֆրիկայում, Ռամադանի կապակցությամբ  բաժանել է 331․436 սննդամթերքի փաթեթ, հրատապ մարդասիրական օգնություն է հասցրել բնական աղետներից տուժածներին։ Այն Աֆրիկայում իրականացնում է նաև մզկիթների կառուցում ու վերանորոգում, ինչպես նաև Աֆրիկայի 24 երկրում բաժանել է Ղուրանի օրինակներ՝ թարգմանված 9 լեզվով (այդ թվում նաև աֆրիկյան լեզուներով)[35]։

Այդպիսով, կարելի է փաստել, որ Թուրքիան «փափուկ ուժի» ողջ գործիքակազմը գործի է գցել Աֆրիկայում և այդ համատեքստում հասել է զգալի հաջողությունների՝ իր համար ամրապնդելով դրական լուրջ կերպար։ Զուր չէ, որ Էրդողանը հայտարարել է, թե իրենք YEE-ի, TIKA-ի ու նման բաների միջոցով Թուրքիան բացում են աշխարհի առջև և միաժամանակ աշխարհը տեղափոխում են Թուրքիա։

1․5 Ռազմական

Թուրք զինծառայողները 2016թ․-ից ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում գործում են Մալիում ու ԿԱՀ-ում։ Բացի այդ Թուրքիան իր ռազմակայաններն է բացել Սոմալիում (արտերկրում Թուրքիայի առաջին ռազմակայան)[36] ու Լիբիայում[37]։ Երկու դեպքում էլ Թուրքիային դա հաջողվել է նրանց ղեկավարություններին իրենից պարտական վիճակում դնելուց հետո․ Թուրքիան Սոմալիի դեպքում հսկայական հումանիտար օգնություն է ցուցաբերել, մշտապես զգայուն է եղել նրա խնդիրների հանդեպ, Լիբիայի դեպքում էլ Ֆայեզ Սարաջի կառավարությանը փրկել է Խալիֆա Հաֆթարի բանակի հարձակումներից։ Արդյունքում, Սոմալիի ու Լիբիայի ղեկավարություններն իրենց շնորհակալությունը Թուրքիային հայտնել են նաև նրանով, որ «կանաչ լույս» են վառել թուրքական ռազմակայանների տեղակայման առջև։ Մեր նախկին հոդվածներում Սոմալիում ու Լիբիայում թուրքական ռազմակայանների տեղակայման մասով նշել ենք, որ Թուրքիան հաշվի է առնում տվյալ երկրների աշխարհագրական ու աշխարհաքաղաքական կարևորությունը (օրինակ, Սոմալիի պարագայում հաշվի է առնում, որ նա գտնվում է մեծ կարևորություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ, որ Աֆրիկայում ունի ամենաերկար ափագիծը Մադագասկար կղզուց հետո)։ Դրանցում նաև ընդգծել ենք, որ Թուրքիայի համար առաջնահերթ է այն տարածաշրջաններում ու երկրներում ռազմակայաններ բացելը, որոնք նախկինում կազմել են Օսմանյան կայսրության մաս։ Թուրքիայի այդ քաղաքականությունը որակել էինք «ռազմակայանային քաղաքականություն»՝ այն համարելով որպես նեոօսմանիզմի քաղաքականության բաղադրիչ։ Նաև նշել էինք, որ Թուրքիան կարող է ռազմածովային բազա բացել Կարմիր ծովում գտնվող Սուակին կղզում, որը թուրքական կողմը 99 տարի ժամկետով վարձակալության է վերցրել՝ պաշտոնապես տեղի օսմանյան պատմամշակութային ժառանգությունը վերականգնելու նպատակով[38]։

Վերջին տարիներին Թուրքիայի աֆրիկյան քաղաքականության ռազմական բաղադրիչն ուժգնանում է նաև թուրքական զենքի մշակման ու արտահանման պլանում։ Վերջին տարիներին Թուրքիայի ռազմարդյունաբերությունը մեծ առաջընթաց է գրանցել և սկսել է տարեկան արտահանել $2-3 միլիարդի ռազմական արտադրանք։ Թուրքական կողմին հաջողվել է հասնել նրան, որ աֆրիկյան մի շարք երկրներ սկսել են գնել թուրքական մշակման ԱԹՍ-եր, որոնցից, թերևս, ամենահայտնի Bayraktar TB2-ը թուրքական կողմը կիրառել է Լիբիայում՝ ընդդեմ Հաֆթարի ուժերի։ Հայտնի է, որ Մարոկկոն[39] ու Եթովպիան[40] Թուրքիայից գնել են Bayraktar TB2, իսկ Թունիսը՝ ANKA-S[41] ԱԹՍ-եր։ Թուրքիան ծրագրում է ԱԹՍ-եր վաճառել նաև Նիգերիային և աֆրիկյան այլ երկրների։ Ուշագրավ է, որ Թուրքիան սկսել է Bayraktar TB2-ն ամենուրեք ներկայացնել որպես անջատողականների, ապստամբների, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի արդյունավետ գործիք՝ գիտակցելով, որ աֆրիկյան երկրների (և ոչ միայն) ապստամբները, առանց արտաքին լուրջ աջակցության, հազիվ թե կարողանան նշանակալից հակաքայլ գտնել Bayraktar TB2-ի դեմ[42]։

Թուրքիան, այդպիսով, ԱԹՍ-երի վաճառքի ոլորտում Աֆրիկայում և այլուր զգալի հաջողության է հասել, ինչը որակվում է որպես «դրոնային դիվանագիտության» արդյունք[43]։ Թուրք պաշտոնյաներն այսուհետ այս կամ այն երկիր այցելելիս շեշտը դնում են նաև թուրքական մշակման ԱԹՍ-երի, ինչպես նաև զրահատեխնիկայի ու այլ զինատեսակների (զրահատրանսպորտ[44], ականազերծող մեքենա[45] և այլն) գովազդի ու վաճառքի վրա։

Աֆրիկյան երկրներին զենք վաճառելը վկայում է, որ Թուրքիան «փափուկ ուժի» գործիքակազմի լայն կիրառման հետ մեկտեղ չի խորշում նաև «կոշտ ուժի» տարրեր կիրառելուց։ Ներկայումս Թուրքիան զենք է արտահանում 14 աֆրիկյան երկիր (Բուրկինա Ֆասո, Ալժիր, Չադ, Մարոկկո, Գանա, Քենիա, Մալի, Մավրիտանիա, Նիգեր, Նիգերիա, Սենեգալ, Սոմալի, Ռուանդա, Ուգանդա)։ Եթե 2020թ․ Աֆրիկա թուրքական զենքի արտահանումը կազմել է մոտ $83 միլիոն, ապա 2021թ․ առաջին 10 ամիսներին՝ $288 միլիոն։ Թեև Թուրքիային հաջողվել է որոշակի հաջողության հասնել այս ոլորտում, նրան դեռ զգալի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողականա փոքրիշատե կարևոր տեղ զբաղեցնել Աֆրիկայի զենքի շուկայում։ Վերջինիս կարիքների 35%-ն ապահովում է Ռուսաստանը (կապված «Սառը պատերազմի» ժամանակ խորհրդային զենք գործածելու ավանդույթը շարունակելու, դրա արդիականացման հարցով այդ երկրին Աֆրիկայի դիմելու հետ)։ Երկրորդ տեղում Չինաստանն է, ապա գալիս են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը[46]։

Մեր կարծիքով՝ Թուրքիայի հաջողություններն Աֆրիկայում և այլուր դեռ առջևում են՝ կապված Թուրքիայում ռազմական արտադրանքի ծավալների աճի ու բազմազանեցման հետ։ Դա մասնավորապես վերաբերում է թուրքական Akıncı և Aksungur նոր ԱԹՍ-երի, Hürkuş ուսումնական ինքնաթիռի, Hürjet թեթև գրոհիչ ինքնաթիռի, Atak (Atak 2) հարվածային ուղղաթիռի, Gökbey բազմանշանակ ուղղաթիռի և թուրքական այլ զինատեսակների հնարավոր վաճառքին։ Ակնառու է, որ աֆրիկյան երկրների կողմից թուրքական զենքը նախընտրելը մեծապես կապված է նաև գաղափարական, քարոզչական ոլորտում Թուրքիայի կատարած ծավալուն աշխատանքի հետ, որը տալիս է իր պտուղները։

Ամփոփելով աֆրիկյան հատվածը՝ կարող ենք արձանագրել Թուրքիայի աննախադեպ հաջողությունները վերոնշյալ բոլոր չորս կետերում և առանձնացնել 3 կարևոր դիվանագիտություն՝ լիդերի, առևտրային ու դրոնային։ Եվ սա, թերևս, միայն սկիզբն է․ թուրքական թափանիվը դեռ նոր է սկսում թափ հավաքել։ Առաջիկա տարիներին Թուրքիայի աֆրիկյան քաղաքականությունը կարձանագրի ավելի մեծ հաջողություններ վերոնշյալ բոլոր ուղղություններով Թուրքիայի կատարած նախապատրաստական ծավալուն ջանքերի հետ։ 2021թ․ հենց Էրդողանն է ընդգծել, որ իրենց ջանքերի գնով աֆրիկյան ուղղությամբ հաջողվել է հասնել այնպիսի արդյունքների, որոնց մասին անգամ հնարավոր չէր երազել 16 տարի առաջ (Էրդողանը հիմք է վերցրել 2005թ․ Թուրքիայում «Աֆրիկայի տարի» հայտարարելը)։

2․ ԱՍԻԱ

21 Ներածություն

Թուրքիայի ԱԳՆ-ի կայքի՝ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունները» բաժնում նշված է․ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՏ) վերջին 20 տարում սկսել է վերածվել մոլորակի աշխարհաքաղաքական կենտրոնի։ Դա փոխում է նաև ուժերի հավասարակշռությունը գլոբալ մակարդակում, ուր 21-րդ դարի վճռորոշ թեման ակնհայտորեն դառնալու է «Ասիայի վերելքը»։ Հիմնականում տնտեսական դինամիկայից սկսված այդ տրանսֆորմացիայի հավելյալ տարրերը դրսևորվում են քաղաքական, ռազմական ու մշակութային ոլորտներում։ Ասիային բաժին է ընկնում մոլորակի բնակչության 45%-ը և համաշխարհային տնտեսության 30%-ը։ Թուրքիան կարևորում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, օտար ուղիղ ներդրումներ ներգրավելը և միջազգային արենայում իր քաղաքական դիրքորոշումներին աջակցելը։ Թուրքիան 2010թ-ից Չինաստանի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Մալայզիայի ու Սինգապուրի հետ իր հարաբերությունները հասցրել է ռազմավարական մակարդակի։ 2012թ Թուրքիան դեսպանատներ է բացել Նեպիդոյում (Մյանմար), 2013թ՝ Բանդար Սերի Բեգավանում (Բրունեյ) և Պնոմպենում (Կամբոջա), 2017թ՝ Վիենտյանում (Լաոս)։ Այդպիսով, տարածաշրջանում Թուրքիայի դեսպանատների թիվը հասել է 15-ի։ ՄԱԿ-ից բացի Թուրքիան ասիական երկրների հետ գտնվում է նաև միջազգային այլ հարթակներում՝ G-20, ԻՀԿ և ՄԻԿՏԱ (Մեքսիկա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Ավստրալիա)։ 2013թ սեպտեմբերին Թուրքիան Ասիական համագործակցության երկխոսության (ACD) անդամ է։ Թուրքիան ՇՀԿ-ում ունի Երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ 2010թ Թուրքիան դարձավ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) Բարեկամության և համագործակցության պայմանագրի (ASEAN/TAC) կողմ, որը տարածաշրջանի կարևորագույն միջազգային կազմակերպություններից է և ունի 8-րդ ամենամեծ տնտեսությունն աշխարհում։ Վերջին տարիներին աճել է ԱԽՏ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը։ Եթե 2004թ այն կազմում էր $17 միլիարդ, ապա 2017թ՝ $70 միլիարդ։  Դրան զուգահեռ աճել են այդ տարածաշրջանից Թուրքիայում արվող ուղիղ ներդրումները 2002-2011թթ ընդհանուր առմամբ արվել է $21 միլիարդի, իսկ 2017թ վերջին՝ $76 միլիարդի ուղիղ ներդրում»[47]։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում