
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է էներգետիկայի հարցով ՄԱԿ–ի միջազգային փորձագետ Արա Մարջանյանը։
-Պարո՛ն Մարջանյան, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կբարձրանա միջինը 4,7 դրամով։ Կա տեսակետ, որ սա խոսում է համակարգում առկա լուրջ ռիսկերի և համակարգում խոշոր ձախողումների մասին։ Դուք ինչպես եք գնահատում այս որոշումը, արդյոք սա կարող ենք համարել համակարգում առկա ճգնաժամի հետևանք:
-Համակարգում ճգնաժամային երևույթներ, անշուշտ, առկա են, սակայն դրանք ձևավորվել են անցած 15 տարիների ընթացքում: Քանի որ արմատական լուծումներ չեն առաջարկվել, այս ճգնաժամային երևույթները պահպանվում են: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի վերջին բարձրացումներին, ապա ինչպես գիտեք, պաշտոնական դիրքորոշումը բերում էր մտավորապես 7 պատճառ, որոնք հանգեցրել են թե՛ դրական, թե՛ բացասական փողային ճեղքվածքների կամ կուտակումների: Որպես փողային ճեղքվածքների հիմնական պատճառ՝ նշվում է ատոմակայանի երկարատև կանգը և Հրազդանի 5-րդ բլոկի հետ կապված խնդիրները: Բանն այն է, որ Հրազդանի 5-րդ բլոկը բավական երկար ժամանակ չէր ստանում երաշխավորված հզորության համար հատուկ սակագնային վճարումները, և ռուսական կողմը պնդում է այդ փողերի վերադարձման խնդիրը՝ մեղմելով դա գազի գինն անփոփոխ պահելու խոստումով, որը կտևի 10 տարի: Այսինքն 10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին կմնա անփոփոխ: Բայց դրա փոխարեն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Հրազդանի 5-րդ բլոկի նկատմամբ, որպես երաշխավորված տեղակայված հզորություն: Իհարկե, կարելի էր այս խնդիրները լուծել ավելի շուտ, ավելին՝ պետք էր լուծել, սակայն, ինչպես ասացի, այդ ճգնաժամային երևույթները ձևավորվել են մոտավորապես 2007-2008 թվականներից: Ես այս մասին տարբեր հոդվածներ եմ գրել, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Հայաստանում առկա է համակարգային էներգետիկ ճգնաժամ»: Սակայն, ցավոք սրտի, քայլեր առանձնապես չձեռնարկվեցին:
–Հետաքրքիր է, որ նշվում է, որ բացի այս 4,7 դրամով սակագնի բարձրացումը, առաջիկայում մեծ հավանկանությամբ ունենալու ենք էլեկտրաէներգիայի սակագնի նոր բարձրացում՝ պայմանավորված գազի ոլորտում իրականացվող քաղաքականությամբ, մասնավորապես, նրանով, որ 2020-ի ամռանը գազի սակագինը բարձրացավ 10 հազար խմ-ից ավելի սպառող օբյեկտների, նաև ջերմաէլեկտրակայանների համար։ Իսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի գեներացման շուրջ 40 տոկոսն ապահովում են ՋԷԿ-երը։ Դուք ևս համարո՞ւմ եք, որ սակագինը նորից կարող է բարձրանալ:
-Այս հարցը բարձրացվում է մոտավորապես կես տարին մեկ անգամ պարբերականությամբ: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հիշել ու մի տեղ դաջել, որ սակագների բարձրացումը, լինի ինտերնետի, լինի, տրանսպորտի, լինի գազի կամ էլեկտրաէներգիայի, տեղի է ունենալու անընդհատ և անընդմեջ: Դա գալիս է տնտեսությունների ինֆլյացիոն բնույթից: Քանի որ գինին կամաց-կամաց դառնում է քացախ, իսկ Կոմս Մոնտե Քրիստոն կամաց-կամաց դառնում է ժեկի պետ, ամբողջ մոլորակում ընթանում են ինֆլյացիոն երևույթներ, և սակագներն անընդհատ բարձրանալու են: Խնդիր դա չի, խնդիրն այն է, որ հաշվի առնելով այդ իրականությունը, երկիրը պետք է զարգանա ավելի արագ, քան ինֆլյացիոն երևույթներն են, և սակագների վճարները անտանելի բեռ չպետք է դառնան: Սա է խնդիրը:
-Պարոն Մարջանյան, գազն էլ, ըստ ամենայնի, երեք ամսից կթանկանա, քանի որ ռուսական «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ` Հայաստանում բնական գազի սակագներն ապրիլի 1-ից միջինը 6 տոկոսով բարձրացնելու համար: Լիովին կանխատեսելի՞ էր։
-Լիովին կանխատեսելի էր, չեմ կարծում, որ շատ կտրուկ իրադրությունը փոխվի, ընդհանրապես Հայաստանը պետք է պատրաստ լինի սակագների սահուն փոփոխությանը և սակագների ընդհանուր վճարումները շարքային քաղաքացու համար չպետք է մեծ բեռ լինեն։
-Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ի՞նչ խնդիրներ է առաջացնելու տնտեսության մեջ:
-Հայաստանը հետևողականորեն փորձում է մեղմել հարվածը անապահով խավի վրա՝ թանկացումների բեռը դնելով արտադրող սեգմենտի վրա: Կարճաժամկետ հեռանկարում այսպիսի մոտեցումը հասկանալի է, բայց երկարաժամկետ հեռանկարում այսպիսի մոտեցումը ծանր հարված կլինի մեր արտադրող սեգմենտի վրա: Ի վերջո, Հայաստանը կզրկի մրցունակությունից, ինչը, իհարկե, շատ վատ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ երկրի համար: Նորից շեշտեմ, այստեղ խնդիրը պետք է լինի Հայաստանի շեշտակի տնտեսական զարգացումը, և սակագնային վճարումների մասնաբաժնի իջեցումը ընդհանուր եկամուտների մեջ