Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները երեկ տեղական ժամանակով ժամը 20.00-ին Սիիրթի (Սղերթ) նահանգի Էրուհ և Փերվանի շրջաններում երկու համաժամանակյա հարձակումներ են գործել պարեկություն կատարող Ժանդարմերիայի զինծառայողների վրա՝ հրթիռներով ու երկարափող զենքերով գնդակոծելով նրանց։
Հարձակումից հետո PKK-ի զինյալները նահանջել են մոտակա անտառները, սակայն թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ որոնողական գործողություններ են ձեռնարկել՝ «Կոբրա» տիպի ուղղաթիռներով կրակի տարափ տեղալով քուրդ զինյալների նահանջած վայրերի վրա։
Բախման արդյունքում զոհվել է 2 և վիրավորվել 4 թուրք զինծառայող։ Սպանվել է նաև 2 PKK-ական։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում կայացել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը տևել է մոտ 4.5 ժամ։ Նիստի քննարկման հիմնական առարկաներից մեկը հանդիսացել է ահաբեկչության դեմ պայքարը, որոշվել է ահաբեկչության դեմ պայքարի համար այսուհետ նոր և ավելի արդյունավետ ռազմավարություն մշակել։