
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։
-Պարոն Վասաձե, ՆԱՏՕ–ն խոստանում է, որ Վրաստանը կանդամագրվի Հյուսիսատլանտյան դաշինքին, և երրորդ երկիրը չի լուծելու Վրաստանի ատլանտյան ինտեգրման հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ զրույցում։ ՆԱՏՕ–ի գործիչը նշել է, որ երրորդ երկրներից ինքնիշխան պետությունների արտաքին գործերին և անվտանգության քաղաքականությանը միջամտելու փորձերն անընդունելի են։ Ինչքանո՞վ է հավանական Վրաստանի անդամակցության հեռանկարը, խոսքը մո՞տ ապագայի մասին է։
–Եկեք իրավիճակին նայենք այլ տեսանկյունից։ Երբ խոսում են այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա, այսպես ասենք, ծրագրային խոստում է։2002 թվականից Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և մենք ստացել ենք հսկայական ռազմատեխնիկական, ֆինանսական, խորհրդատվական աջակցություն իր Զինված ուժերն ամրապնդելու համար։ Այսօրվա դրությամբ Վրաստանը ՆԱՏՕ-ում ասպիրանտ է հանդիսանում և ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ անդամակցության շատ էլեմենտներ մեզ մոտ արդեն առկա են։Ինչ վերաբերում է ֆորմալ անդամակցությանը, ապա իհարկե այդ հինգերերոդ կետը շատ կարևոր է։ Բայց այսօրվա դրությամբ ոչ ոք չի կասկածում, որ եթե Վրաստանը ենթարկվի հարձակման, ապա ՆԱՏՕ-ն կխաղա իր դերը։ ՆԱՏՕ-ն առաջին հերթին Միացյալ Նահանգներն է, ինչպես նաև Վրաստանի մոտ գործընկերները․ այստեղ առաջին հերթին պետք է խոսել Ռումինիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի մասին։ Ուստի եթե մենք խոսում ենք Սև ծովի անվտանգության մասին, ապա Վրաստանը, ինչպես և Ուկրաինան ամբողջությամբ գտնվում են ՆԱՏՕ-ի պաշտանության ներքո։
-Տպավորություն է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է Ուկրաինային։ Հնարավո՞ր Վրաստանից առանձին գործընթաց Ուկրաինայի հարցում։
–Հարցն այն է, որ Ուկրաինայում այսօր հակամարտությունը գտնվում է թեժ վիճակում և այո՛, այսօր կա լուրջ վտանգ, որ հնարավոր է ռազմական կոնֆլիկտ հասունանա։Իրականում, եթե ռազմական կոնֆլիկտ հասունանա՝ ես կասկածում եմ, որ այն կլինի լայնամասշտաբ։ Եթե դա տեղի ունենա, ապա ՆԱՏՕ-ն իր ասպիրանտների հանդեպ ունեցած պարտավորությունը կկատարի։ Իհարկե ցանկալի կլիներ, որ հարցը չհասներ լայնամասշտաբ կոնֆլիկտի, բայց մենք ռեալ կյանքում ենք ապրում, ամեն ինչ էլ կարող է լինել։
–Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը այս հեռանկարներին. Թբիլիսին քննարկո՞ւմ է Վրաստանում հնարավոր ուկրաինական սցենարը:
-Ռուսաստանը դրան արդեն իսկ արձագանքել է 2008 թվականին։ Փաստացի Ռուսաստանը սպառել է Վրաստանի վրա ուղիղ հարձակման ռեսուրսները։Այսօրվա դրությամբ կա հիբրիդային պատերազմ և իմ կարծիքով Ռուսաստանը նման պատերազմ վարում է հետխորհրդային բոլոր երկրների նկատմամբ՝ այդ թվում Հայաստանի։ Պարզապես այն երկրները, որոնք Ռուսաստանի դաշնակիցը չեն, այդ երկրների դեպքում հիբրիդային պատերազմի հնարավորություններն ավելի քիչ են,քան դաշնակիցների դեպքում։ Ղազախստանը դրա վառ օրինակն էր։ Ուստի ես կարծում եմ ոչ մի բան չի փոխվի, Ռուսաստանը կշարունակի ասել, որ դեմ է, բայց ինչի՞ն է դեմ, որ մենք պետություն լինե՞նք։ Մենք էլ դեմ ենք, որ իրենք այդպես համարեն։
-Կփոխվե՞ն արդյոք ՆԱՏՕ-ական Վրաստանի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի հարաբերությունները Վրաստանի լիարժեք անդամակցության դեպքում։
-Վրաստանը այժմ էլ ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկիր է և դա որևէ կերպ չի ազդում մեր հարաբերությունների վրա։ Այլ հարց է, որ Ռուսաստանն, օրինակ, փորձի Հայաստանի տարածքով ընդդեմ Վրաստանի գործողություն իրականացնել, բայց տվյալ դեպքում ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական համապատասխան կամք կդրսևորեն, որովհետև նման հեռանկարն անշուշտ կանդրադառնա մեր հարաբերությունների վրա։ Առայժմ ՀՀ իշխանությունները կարողացել են խուսափել նման սցենարից։ Ես կարծում եմ, որ նման անհրաժեշտություն այժմ չկա էլ, որովհետև Ռուսաստանն ունի օկուպացրած տարածքներ, որտեղից էլ նրանք իրենց ագրեսիվ քաղաքականությունն են վարում։ Այլ հարց է, որ մենք կարող ենք մոտենալ ԽՍՀՄ երկուսի օրինակին, այսինքն առճակատում լինի Ռուսաստանի ու արևմուտքի դաշնակիցների միջև։ Չէինք ցանկանա, որ Հայաստանը մնար մյուս կողմում։ Բայց դա մեր ցանկությունն է միայն։