
«Առաջին լրատվականը» զրուցել է համաճարակաբան Դավիթ-Մելիք-Նուբարյանի հետ
–Առողջապահության նախարարը ներկայացրել է Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծ, որի մշակման գործընթացում,ըստ նախարարության, հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Ի՞նչ կարծիք ունեք այսպիսի համակարգի ներդրման մասին։ Արդյոք առաղջապահական համակարգը, նաև հասարակության տարբեր շերտեր պատրա՞ստ են իրագործել նման բարեփոխում։
– Սա մեր առողջապահական համակարգում իրականացվող ամենակարևոր բարեփոխումներից է, որը մեզ մոտ հասունացել է մեկ տասնամյակի ընթացքում, մինչդեռ անհրաժեշտ է միշտ: Ինչու՞, որովհետև այս բարեփոխման էությունն այն է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, հնարավորություն են հավասար պայմաններով ստանալու բժշկական օգնություն, իսկ մեր տվյալներով Հայաստանում մոտ 33 տոկոս քաղաքացիներ առողջապահական չափիչներով զրկված են բժշկական պատշաճ օգնությունից, ինչը բավականին մեծ, անհանգստացնող ցուցանիշ է: Այս ծրագրի ներդրումով տարբեր եկամուտներ ունեցող մարդիկ տարբեր չափի գումար (չափորոշիչները դեռևս ճշտման, որոշման փուլում են) կհատկացնեն պետական կամ մասնավոր ընկերություններին՝ առողջապահական ապահովագրություն ստանալու նպատակով: Արդյունքոմ ցանկացած քաղաքացի կուտակված գումարներով հնարավորություն կունենա օգտվել անհրաժեշտ բուժօգնությունից, ընդ որում՝ նախագծի կոնցեպտի համաձայն՝ այդ օգնությունը ներառում է թե´ դեղորայքին ապահովումը, թե´ այնպիսի լուրջ ու ծախսատար վիրահատություններ, ինչպիսիք են սրտի բաց վիրահատությունը, գլխուղեղի վիրահատական միջամտությունները, թե´ նույնիսկ ատամնաբուժական օգնության հասանելիություն և այլն: Հարկ եմ համարում նշել, սակայն, որ սա ամբողջական, ծավալուն բարեփոխում է, որն իրականացնելու համար առողջապահական համակարգում անհրաժեշտ է հիմնական և հարակից նախադրյալների ապահովում, ինչպիսիք են.
Առողջության առաջնային պահպանման օղակի խորը բարեփոխում, կարողությունների զարգացում, որովհետև շատ մեծ դեր է ունենալու ապահովագրական համակարգի ներդրման ծրագրում:
Հայաստանում ապացուցողական բժշկության ներդրում, այսինքն՝ օրենքը հիմնված լինի ոչ թե փորձի, այլ ուղեցույցների, չափորոշիչների, գործելակարգերի կիրառման ապահովման վրա:
Երրորդը վերաբերում է հաշվետվողականությանը և Էլեկտրոնային առողջապահական համակարգի զարգացմանը: Սրանք, ըստ ինձ, ամենակարևոր գործոններն են՝առանց որի պարզապես խոչընդոտներ կստեղծվեն այս ծրագրի իրականցման ճանապարհին, կունենանք անհիմն կորուստներ, և ընդհանրապես կստացվի գումարը մի տեղից տանելու ենք մի այլ տեղ ու ոչ մի էական փոփոխություն չենք կատարի:
-Առաջնային օղակի կատարելագործում ասելով հատկապես ի՞նչ նկատի ունենք:
-Առաջնային օղակն այսօր իսկապես բավականին մեծ աշխատանք է տանում, բայց դա պետք է դառնա պրոակտիվ, որի համար նրանց հետ պետք է համապատասխան աշխատանքներ տարվի,խրախուսվի դրամական փոխհատուցումով: Պրոակտիվ ասելով՝ նկատի ունեմ նրանք մոտիվացված, ակտիվ կերպով զբաղվեն բնակչության առողջության շարունակական վերահսկմամբ,հիվանդությունների կանխարգելմամբ, տնային հաճախակի այցերով, հիվանդների հետ ավելի սերտ կապի պահպանմամբ, հոսպիտալացումների կրճատմամբ: Այս ամենի համար անհրաժեշտ է հինգ տարվա կտրվածքով այս մասնագետներին վերապատրաստել, զինել հմտություններով, սակայն պետք է արձանագրեմ, որ առաջնային օղակի աշխատանքն այսօր այնքան էլ գրավիչ չի թվում:Սա են փաստում ԵՊԲՀ-ում այս ուղղությամբ մասնագիտացողների նվազ թիվը, մանկաբույժների և թերապևտների առումով վիճակն ավելի վատ է (Մանկաբույժների թիվը նվազել է մոտ 14 տոկոսով): Մի քանի տարի հետո հավանական է, որ չունենանք թվարկածս մասնագետներից:
-Տարբեր կարծիքներ կան առողջապահության նախարարի որոշման մասին, ըստ որի՝ հունվարի 22-ից մի շարք հաստատություններ կարող ենք մուտք գործել պատվաստման կամ թեստավորման հավաստագրերով: Հաշվի առնելով բազմաթիվ բողոքները շահագրգիռ կողմերից և մասնագետների ու հասարակաության թերահավատությունը, որ այն կարող է կյանքի կոոչվել իրականում՝ կուզենայինք իմանալ Ձեր կարծիքը: Արդյոք հնարավո՞ր է գործարկել այս սահմանափակումները:
– Այս որոշման դրդապատճառներն ինձ համար ընդունելի և հասկանալի են, այն է՝ խթանել պատվաստաման գործընթացը, պաշտպանել մարդկանց հիվանդանալուց և հոսպիտալացումից: Բայց,մյուս կողմից, այսպիսի սահմանափակումներ ստեղծելուց առաջ պարտադիր է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, քննարկումներ անցկացվեն տարբեր կողմերի հետ: Հակառակ դեպքում՝ այս որոշումը ևս արժանանաալու է հանրային տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու անբավարար, խիստ թերակատարվող պահանջի ճակատագրին: Պետք է շատ լուրջ գնահատել՝արդյոք հնարավոր էր կյանքում, մեր պայմաններում դա կյանքի կոչել:Այդ իսկ պաատճառով որոնք, որոշում ընդունողները մինչև ստորագրելը նախապես լավ մտածեն, քանի որ անիրատեսական և չհիմնավորված քայլերով հակառակ արդյունքի ենք հասնելու. մարդկանց մոտ ավելանալու է անվստահությունը առողջապահական համակարգի, պետական մարմինների նկատմամբ: Մյուս կողմից՝ մտահոգիչ են վերջին շաբաթների պատվաստման ցուցանիշներն ու տեմպերը, հատկապես առաջին դեղաչափ ստացողների թիվը: Հետևաբար չենք կարող այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք և´ օրենսդրական փոփոխությունններով և´ պարզապես մարդկանց հետ ակտիվ աշխատանքներ տանելով, համոզելով, հորդորելով, որ պատվաստվեն: