
Բաքվի ղեկավար Ալիևը նախօրեին հարցազրույց է տվել ադրբեջանական մի քանի հեռուստաընկերությունների, անդրադառնալով հարցերի լայն շրջանակի, այդ թվում հայ-ադրբեջանական խնդիր, արցախյան հարց, ԵԱՀԿ Մինսկի խումբ, 44-օրյա պատերազմ, ռուս խաղաղապահներ: Ալիևը արել է ուշադրության արժանի մի շարք հայտարարություններ, որոնք ընդհանուր առմամբ պարունակել են հոխորտանք վերը նշված բոլոր ուղղություններով: Ալիևի այդ բարձր հոխորտանքը մատնում է այն անհանգստությունը, որ նրա մոտ առաջացրել է Ղազախստանի «պայթյունն» ու տեղի ունեցած զարգացումները, ՀԱՊԿ մեխանիզմի գործարկումն ու դրա միջոցով Ղազախստանում Ռուսաստանի դիրքերի որոշակի ամրապնդումը, ինչի շնորհիվ Մոսկվան կարողացավ կանխել այդ երկրում թյուրքական դիրքերի ուժգնացումը: Այդ ամենին Ադրբեջանի տագնապալի ու նյարդային արձագանքը ակնառու էր դրանց առնչությամբ ադրբեջանական մեդիայի անդրադարձերից:
Սակայն, անհանգստությունն ըստ ամենայնի շատ ավելի մեծ է, եթե Ալիևն է որոշում հոխորտալ հեռուստաէկրաններից, ցույց տալ, թե ինչպիսի հզոր ղեկավար է և ինչպիսի բարձրունքների է հասցնում Ադրբեջանը: Դա իհարկե վախն է, վախը հնարավոր շղթայից, որ կարող է հասնել Ադրբեջան: Դրա համար էլ Ալիևը փորձում է հանրության ուշադրությունը սևեռել իր խրոխտ կերպարի և «հաղթականության» վրա, որպեսզի ստվերվեն ներքին հարցերը կամ հենց նույն «հաղթանակի» վերաբերյալ ադրբեջանական հանրության ունեցած հարցադրումները:
Ադրբեջանն աշխարհաքաղաքական բարենպաստ իրողության պայմաններում կարողացավ իրացնել իր ռազմա-տեխնիկական ահռելի առավելությունը, որ կուտակել էր տարիներ շարունակ: Ադրբեջանին ակտիվ ու պասիվ, որոշ դեպքերում էլ լռելյայն աջակցեցին գործնականում բոլոր հիմնական դերակատարները: Սակայն հարցն այն է, որ Ալիեըը հայտնվել է հետհաղթանակային «սինդրոմում»: Մի կողմից արտաքին դերակատարները նրան տարբեր կերպ հուշում են քաղաքական գործընթաց վերադառնալու անհրաժեշտության և հրամայականի մասին, որովհետև դա է պահանջում այդ խոշոր խաղացողների միջև եղած քննարկումների օրակարգը, մյուս կողմից Ալիևը չի կարող անել դա, որովհետև անմիջապես կպարզվի, որ 44-օրյա պատերազմը Բաքվի համար որքան հաղթանակ էր, նույնքան էլ թերևս պարտություն: Ահա այդ երկիմաստ բարդությունն է, որ Բաքվի ղեկավարին մղել է սահմանին իրավիճակը լարելուն և դրան զուգահեռ հեռուստատեսային մեծ հարցազրույցի, որտեղ ակնհայտորեն փորձել է ադրբեջանական հանրության համար «սրել» արտաքին օրակարգը, ներքին հարցերը խլացնելու համար: Այդպիսի Ալիևն ու Ալիևի այդպիսի խնդիրները ամենևին չեն կարող և չպետք է փափուկ բարձ լինեն հայկական կողմի համար: Հայաստանն ունի ռազմա-քաղաքական և տնտեսական իր «անկախ» խնդիրները, որոնք կարող են լուծվել միայն Հայաստանի աշխատանքով, այլ ոչ ինքնաբերաբար՝ Ալիևի բարդություններով: