
ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան ուղարկված 100-հոգանոց հայկական զորախումբը վերահսկում է Ալմաթիի շուկան: Շատերի կարծիքով, դա շատ ռիսկային վայր է, որտեղ ամեն վայրկյան կարող են տեղի ունենալ սադրանքներ, այդ թվում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից: Անգամ հնչում են տեսակետներ, որ ՌԴ ռազմական ղեկավարները դա հատուկ են պլանավորել, որ հնարավոր սադրանքի դեպքում հայերն ինքնապաշտպանվելու համար կրակեն, կամ հայերի վրա կրակեն:
Թե ինչպիսին է իրավիճակն այսօր Ղազախստանում և մասնավորապես, Ալմաթիում, «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ալմաթայի հայկական համայնքի ղեկավար, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը:
Նրա խոսքով, քաղաքում կյանքը լրիվ նորմալ հունի մեջ է մտել. «Ալմաթին վերականգնվել է, ավտոբուսներն աշխատում են, մարդիկ աշխատում են, ՀԱՊԿ զորքերն արդեն հեռանում են: Գործող իշխանությունը վերահսկում է իշխանության բոլոր մարմինները: Այս կարճ ժամանակահատվածում հաշվի առնելով մեր նախագահի կոշտ պահանջը, իրավիճակը կարգավորվել է, բոլոր ձեռնարկությունները, առևտրի կետերը, շուկաներն աշխատում են: Արդեն երեկ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի ստորաբաժանումներն սկսում են վերադառնալ իրենց երկրները:
Երեկ տեղի ունեցած Ղազախստանի խորհրդարանի նիստը, որտեղ ելույթ ունեցավ նախագահ Տոկաևը, նա հաստատեց նոր կառավարության կազմը՝ վարչապետին, մի քանի նախարարների, ազգային անվտանգության կառույցի ղեկավարին: Կարճ ասած, իշխանության են եկել արդեն ուրիշ մարդիկ, ուրիշ ծրագրով: Մենք չէինք սպասում, որ այսքան արագ ամեն ինչ կկայունանա»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ռիսկային չէ՞, որ հայ զինծառայողները Ալմաթիի շուկայի մոտ են, Արտյուշա Կարապետյանն ասաց, որ իր տեղեկություններով որոշումն այնպիսին է եղել, որ ՀԱՊԿ-ի ուժերը շուկաների, կայարանների, նավթաբազաների պաշտպանության մեջ չներգրավվեն: Նրանք պատասխանատու են այնպիսի կառույցների համար, ինչպիսիք են ջրանցքը, ՋԷԿ-ը և այլն, նրանք չեն մտնում Ղազախստանի ներքին խնդիրների մեջ: Նրանք պաշտպանում են լուրջ օբյեկտները, որոնք ապահովում են քաղաքը ջերմությամբ, էներգիայով, ջրով: Որքան գիտեմ, հայկական զորախումբը էներգետիկ օբյեկտներ էր պաշտպանում»:
Նա ընդգծեց, որ Ղազախստանի հայերը չեն մասնակցել բողոքի ակցիաներին, ամեն մեկն իր գործով է զբաղված եղել, ազգամիջյան խնդիրներ Ղազախստանում չկան:
Հարցին, թե որքանո՞վ են իրական պնդումները, թե դրսից ահաբեկչական խմբեր են ներթափանցել Ղազախստան և կազմակերպել այդ անկարգությունները, Արտյուշա Կարապետյանը պատասխանեց. «Ով գիտի, մեկն ասում է՝ դրսից են եկել, մյուսն ասում է՝ չեն եկել: Ոչ մեկը կոնկրետ բան չի ասում: Կարևորն այն է, որ 5 օրում իրավիճակը կայունացավ, իսկապես ամեն բան լավ կազմակերպվեց»:
Ինչ վերաբերում է անկարգությունների առիթ հանդիսացած գազի գնի բարձրացմանը, արդյոք այս ամենից հետո գազը կթանկանա, նա նշեց. «Այդ հարցի վերաբերյալ դեռ ոչ մի բան չեն ասում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ քաղաքականությունը կփոխվի»: