Շփման գոտում անվտանգային միջավայրի ապահովման համար անհրաժեշտ է լուրջ քննարկել ապառազմականացված գոտու գաղափարը:
«Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը:
«Շատ կարևոր այս մոտեցումը տեղ է գտել նաև Եվրոպայի խորհրդի համարժեք բանաձևում, որ շփման գոտում անվտանգային միջավայրի ապահովման համար անհրաժեշտ է լուրջ քննարկել ապառազմականացված գոտու գաղափարը: Կարծում եմ, սա շատ կարևոր գաղափար է, որ պետք է թե պետական մակարդակով և թե Մարդու իրավունքների պաշտպանը իր մանդատի հնարավորությունները օգտագործելով առաջ մղի, հակառակ դեպքում ի՞նչ անվտանգության մասին է խոսքը կամ ո՞ւմ անվտանգության մասին ենք մենք խոսում»,- ասաց Գրիգորյանը:
ՄԻՊ-ի թեկնածուն անհրաժեշտ է համարում հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի շփման գծի տարածքներում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թե հզորացումը, թե ակտիվացումը:
«Կարծում եմ, պարոն Թաթոյանի կատարած աշխատանքը պետք է նույն ջանասիրությամբ փորձել առաջ տանել»,- եզրափակեց Գրիգորյանը: