
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Նշվում է, որ ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 քաղաքացիական անձի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել և չեն թողել դուրս գալ այգուց:
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
Հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա: