Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իտալիան մեծ անհանգստությամբ է հետևում Ղազախստանում ծավալվող իրադարձությունների զարգացմանը և պատրաստ է օգնություն ցույց տալ Ղազախստանին իրավիճակը երկրում կայունացնելու նպատակով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում ստեղծված իրավիճակին, երկրի, որը Իտալիայի և Եվրոպական միության կարևոր գործընկերն է: Բնականաբար, մենք վճռականորեն պահանջում ենք, որ բռնությունն անհապաղ դադարեցվի, որ բնակիչների իրավունքները լիովին պահպանվեն»,-շեշտել է նա:
ԱԳՆ նախարարը հավելել է, որ Իտալիային և Ղազախստանին կապում են բարեկամական հարաբերությունները և համերաշխ տնտեսական համագործակցային կապերը: Դի Մայոն հայտնել է, որ Հռոմը պատրաստ է նպաստել երկրի կայունացմանը և լարվածության թուլացմանը:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: