
Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Նուրբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գ. Բալդրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկներ Ալիկ Հովհաննիսյանի, Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քննչական խումբը կատարի դեպքի վայրի տեղազննություն:
Ոստիկաններն ու քննիչները հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ի դին: Ըստ նախնական տեղկությունների՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: