
Ղազախստանի որոշ հատվածներում շարունակվող անկարգությունների համատեքստում երկրում համացանցի հասանելիությունը կրկին արգելափակվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Globalcheck» տելեգրամյան ալիքին:
«Համացանցը կրկին անջատված է: Այն աշխատեց յոթ ժամից մի փոքր ավել»,- հայտնել է տելեգրամյան ալիքը:
Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և ավիատիեզերական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Բագդատ Մուսինը հայտնել է, որ իշխանությունները սահմանափակում են համացանցի հասանելիությունը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Նա մեկնաբանել է, որ ահաբեկչական խմբավորումները հենց համացանցի միջոցով են կոորդինացնում ու ծրագրավորում իրենց հետագա անելիքները:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: