Երբ վարչապետ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահի դիմումն ու խորհրդակցել ՀԱՊԿ առաջնորդների հետ, այդ պահին արդեն Ղազախստանում ոչ թե հեղափոխական գործընթացներ էին, այլ՝ ահաբեկչական գործողություններ: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
Գրիգորյանը շեշտել է, որ զորախումբ ուղարկելու որոշումը եղել է կոնսենսուսային՝ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Անդրադառնալով քննադատությանը, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում, Գրիգորյանը նշել է․«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»:
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարություններին նշեց․«Եթե 2018 թվականին ինչ-որ մեկը ասեր, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի կիսամեռ ՀԱՊԿ կառույցը աշխատեցնենք, այսինքն կառավարության գործառույթը դա է՝ ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն պարզապես տեղի չէր ունենա»
Ըստ Հովհաննիսյանի՝ սա որևէ տրամաբանական շրջանակի մեջ չտեղավորվող պնդում է․«Երկրորդը՝ նկատենք, որ ՀԱՊԿ-ը որևէ նշանակություն չունի իր անդամ երկրների շահերն ու արտաքին անվտանգությունը պահպանելու հարցում։ Միակ նպատակը, ինչի համար գոյություն ունի ու ինչի համար ֆունկցիոնալ է՝ տարատեսակ փտած ռեժիմների բռնի պահպանումն է, սեփական ժողովուրդներից պաշտպանությունը։ Եթե մենք դրա մի մասն ենք, ապա ընդամենը պետք է գիտակցենք, որ ողջ աշխարհը դա գնահատելու է համապատասխան կերպով։ Եվ չեմ չափազանցնում՝ մեր «քթից գալու է» սա՝ շատ ծանր միջոցներով»։
Մեր զրուցակիցը համոզված չէ, որ մեր կառավարությանը սա որևէ կերպ հետաքրքրում է․«Որովհետև իրենք թիթեռնիկի նման 24 ժամվա կյանքով են ապրում՝ ամեն օր առավոտյան արթնանալիս։ Բայց քանի որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, մեզ համար միևնույն չէ, թե մեր ու մեր երեխաների հետ մեկ ամսից, մեկ տարուց, տաս տարուց ինչ կլինի»։
Միևնույն ժամանակ Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց՝ բացի իշխանության պաշտպաններից՝ կամավոր կամ գուցե ոչ այնքան անշահախնդիր, որևէ մարդ չի տեսել անկախ քաղաքական համոզմունքներից, որն ասեր, որ սա դրական քայլ էր․«Այո, մենք շոկի մեջ ենք։ Գաղտնիք չէ, որ պարտությունից հետո հասարակությունը հոգեբանորեն ջախջախված վիճակում է։ Եվ այս կառավարությունն այդ վիճակը շահագործելու է ինչքան կարողանա, ինչքան կստացվի՝ մեկ օր, մեկ տարի ավել։ Պատկերացրեք՝ Ղազախստանում իրենց ոստիկանների գլուխն են կտրում, եթե հանկարծ մի հայ ընկնի իրենց ձեռքը՝ մոտավորապես պատկերացրեք, թե ինչ են անելու։ Եթե գեթ մեկ այդպիսի դեպք լինի, նոր կխոսենք»,-եզրափակեց նա։