Ավելի վաղ որոշում էր կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան:
Sputnik Արմենիայի տվյալներով՝ խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։