Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում և քաղաքական կամք երկու կողմից, որպեսզի հնարավոր լինի այս տարածաշրջանում հասնել խաղաղության. դա Մինսկի խմբի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդիրն է: Այդ մասին նոյեմբերի 28-ին Աստանայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերրեն դե Բրիշամբոն՝ ըստ արդբեջանական Trend գործակալության:
«Եկել է էջը շրջելու ժամանակը, որպեսզի երկու հարևան երկրները կարողանան ապրել բարեկամության և համագործակցության մթնոլորտում: Անհրաժեշտ է լուծել ԼՂ հակամարտությունը»,- ասել է դե Բրիշամբոն:
Իսկ Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտին Ժիգալովի խոսքով՝ Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր համանախագահության սկզբից այցելել է տևական հակամարտությունների գոտի: «Մենք հետևողականորեն այցելեցինք Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` մեծ նշանակություն տալով այդ հարցին: Հեշտ չի առաջ գնում որոշ հարցերի քննարկումը, թեև մի շարք ուղղություններով հաջողվել է շատ բան անել», – նշել է Ժիգալովը: Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Աստանա և ակտիվորեն աշխատում են գտնելու համար երկարաձգվող հակամարտության լուծման՝ բոլորին ձեռնտու ձևակերպումներ:
«Հուսով եմ, որ մյուս օրերին մեզ նույնպես կհաջողվի հարցի շուրջ հասնել կոնսենսուսային ձևակերպումների, քանի որ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հասկանում են, որ անհրաժեշտ է մեծացնել հակամարտությունների վաղ կարգավորման ներուժը: Մենք կձգտենք դրական ներդրում ունենալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը ճիշտ արտացոլվի գագաթնաժողովի փաստաթղթերում, և հուսանք, որ դա կհաջողվի», – ասել է Ժիգալովը: