Այսօր ՍՊԻԴ-ի կենտրոնից հետաքրքրվեցինք, թե Հայաստանում քանի հիվանդ կա ՁԻԱՀ-ով ու ՄԻԱՎ-ով վարակված: Կենտրոնի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
Ըստ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրության՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վարակի առաջին դեպքերը գրանցվել են 1988 թ., ՁԻԱՀ-ից առաջին մահվան դեպքը՝ 1989 թ., թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին դեպքը՝ 1990 թ., երեխաների շրջանում վարակի առաջին դեպքերը՝ 2001թ.:
1988-ից մինչև 2011-ի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1072 դեպք, որոնցից 148-ը` 2010 թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 763 (71,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 309 դեպք (28,8%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների 57,7%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն, ըստ փոխանցման ուղիների, հետևյալն են՝ հետերոսեքսուալ փոխանցման ուղի (52,8%), թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով (38,4%), հոմոսեքսուալ փոխանցման ուղի (1,9%), մորից երեխային (1,6%), արյան միջոցով (0,3%), անհայտ (5,0%):
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 518-ի մոտ (կին` 120, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ՝ 2010 թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 250 դեպք: Մահացածների թվում կան 42 կին և 5 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (54,6%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,6%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 437, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 41%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:










































