
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իմաստով 2022 թվականի համար Հայաստանի գերխնդիրը անշուշտ ֆինանսական մեծ փաթեթի՝ 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության հեռանկարի քաղաքական իրացումն է: Այդ հնգամյա օժանդակության փաթեթը ներառում է տնտեսական և ռազմավարական կարևոր ուղղություններ:Այս համատեքստում հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Ֆրանսիան Հայաստանի համար կարող է լինել կարևոր գործընկեր։ հաշվի առնելով նաև այն փաստը, թե ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի Արևելյան գործընկերության ծրագրի նկատմամբ, իսկ Եվրամիության օժանդակությունը հենց այդ ծրագրի անդամ պետություններին է նախատեսվում ՝ Հայաստանը կանգնում է նոր մարտահրավերների առաջ։Պուտին-Մակրոն հաճախակի շփումները նկատի ունենալով՝ Հայաստանն այս հարցում կարո՞ղ է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահությունը ԵՄ խորհրդում լավ հնարավորություն է Հայաստանի համար մեր հարաբերությունները թե՛ Ֆրանսիայի և թե՛ Եվրամիության հետ թարմացնելու, նորացնելու համար․<<Դրա հիմքն այն է, որ մենք Եվրամիության հետ ունենք Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիր, նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզին։ Այո՛, հիմա ժամանակն է գործնական քայլերի, իսկ թե Ռուսաստանն ինչ կմտածի՝ բացառապես Ռուսաստանի խնդիրն է, քանի որ զարգանալու խնդիրը մեր առաջ է դրած»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ժամանակն է ծրագրեր ներկայացնել, հաստատել ու սկսել գործնական աշխատանքը․ «2․6 միլիարդ եվրո ասվածն այն չափն է, որը սահմանել է Եվրամիությունը հատկացնելու համար, բայց դրանք հատկացվում են կոնկրետ ծրագրերի համար։ Պետք է աշխատել այն ծրագրերը կյանքի կոչելու համար, որպեսզի գումարը չկորի։Եվ եթե Հայաստանում մասնագետների պակաս կա, ապա պետք է վարձել խորհրդականներ նաև Եվրոպայում, որպեսզի այդ ամենը բերվի պատշաճ վիճակի ու այդ ծրագրերը օր առաջ գործարկվեն»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի քայլերին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, ի՞նչ դրսևորումներ են հնարավոր, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց․ «Իրերը պետք է կոչենք իրենց անուններով ու հակադարձումները պատշաճ կերպով իրականացնենք։ Ի վերջո՝ խոսքը Հայաստանի զարգացման մասին է։ Եվ եթե պարոն Կոպիրկինը հայ ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում ասաց, որ ժամանակը ցույց տվեց, որ սրանք դատարկ խոսքեր չեն, ապա Ռուսաստանը պետք է ապացուցի, որ դրանք դատարկ խոսքեր չեն։ Ցանկացած բարի կամեցողություն ենթադրում է, որ այն երկիրը, որին դու բարեկամ ես համարում՝ որքան շատ զարգանա, այնքան լավ։ Եթե Ռուսաստանը դրանով չի առաջնորդվում, ուրեմն պարոն Կոպիրկինը զբաղվում է տրիվյալ ցինիզմով ու պարզապես փորձում է մոլորության մեջ գցել հայ ժողովրդին։ Այնպես որ՝ այս ամեն ինչը նաև հայ ժողովրդին հետևությունների տեղիք կտա, բայց դրան հակազդելու ձևեր կան։ Եթե Ռուսաստանն իրեն պետք է պահի «կլյուչնիկի» պես, կարժանանա համապատասխան վերաբերմունքի», -եզրափակեց նա։