
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, որի երկիրը ստանձնում է ԵԱՀԿ նախագահողի կարգավիճակը, Երևանում հայտարարել է, որ հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ հունվարի 13-ի համաժողովը: Դեսպան Չեպլակը չի բացել այլ մանրամասներ, նշելով, թե չի ուզում ժամանակից առաջ անցնել և բացել ԵԱՀԿ նախագահող Լեհաստանի առաջնահերթությունները: Պետք է հասկանալ, դեսպան Չեպլակը նկատի ունի կոնկրետ հնարավոր զարգացումներ, նախանշված գործողություններ, որոնք փոխելու են իրավիճակը և առաջընթաց արձանագրեն հայ գերիերի վերադարձի հարցում, թե՞ հայտարարությունն ավելի շուտ սպասումային է, իսկ կոնկրետ որևէ բան պլանավորված կամ նախանշված չէ: Բոլոր դեպքերում, հայտարարությունն իհարկե պատասխանատու է:
Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ հունվարին սպասվող ԵԱՀԿ համաժողովի առումով թերևս առանցքային թեման ամերիկա-ռուսական բանակցությունն է, որի հնարավոր հարթակներից մեկը դիտվում է ԵԱՀԿ-ն: Մոսկվան ու Վաշինգտոնը պլանավորել են սկսել հունվարի 10-ին, փոխարտգործնախարարների պատվիրակությունների մակարդակում: Սակայն դա չի լինելու միակ ձևաչափը և բանակցություն է նախատեսված թե Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափում, թե ԵԱՀԿ-ում: Պետք է նկատել, որ ռեգիոնալ իրադրությունն ու դրանում եղած խնդիրների այս կամ այն զարգացման հեռանկարները էապես պայմանավորված են ամերիկա-ռուսական բանակցության ընթացքով, դրանում եղած տրամադրությամբ և մթնոլորտով: Թերևս նաև հենց այս հանգամանքը նկատի ունի Լեհաստանի դեսպանը խոսելով այն մասին, որ ԵԱՀԿ համաժողովը կունենա էական նշանակություն: Բանն այն է, որ ամերիկա-ռուսական հարաբերության գործընթացում լարվածության գերակայությունն ու անհամաձայնության գերակշռությունը Ադրբեջանին ու Թուրքիային հնարավորություն է տալու մանևրել, այդ թվում և գերիների հարցում: Ե
թե Վաշինգտոնն ու Մոսկվան որոշակի համաձայնության մթնոլորտ ձևավորեն տակտիկական մակարդակում, ապա դա իհարկե կնվազեցնի Բաքվի ու Անկարայի ճկունությունը, ինչը իր ազդեցությունը կթողնի նաև հայ գերիների հարցում: Ինչ խոսք, այդ ամենը բոլորովին միարժեք չէ, որովհետև կան բազմաթիվ և բազմապիսի այլ գործոններ, սակայն առանցքայինն անկասկած ամերիկա-ռուսական հարաբերությունն է: ԵԱՀԿ կենսունակությունն ընդհանրապես, որպես կառույց, կախված է հենց այդ հարաբերությունից: Այս իմաստով կարող է դրական ազդակ լինել այն, որ ՄԱԿ ԱԽ անդամ հինգ մշտական երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, ՌԴ-ն, Չինաստանն ու Բրիտանիան համատեղ հայտարարություն են արել հունվարի 3-ին, նշելով, որ անթույլատրելի է միջուկային պատերազմը և այն չի ունենալու հաղթող՝ պարտվելու են բոլորը: Հնգյակը հայտարարում է միջուկազերծ աշխարհի հեռանկարին հավատարմության մասին: Միջուկազերծ աշխարհն իհարկե խիստ տեսական, շատ մշուշոտ հեռանկար է և այդ առումով էական է, որպեսզի այսօր խոշորագույն միջուկային զինանոց ունեցող երկրները պարզապես մեծ պատասխամնատվությամբ մոտենան միջուկային պատերազմի վտանգներին և ռիսկերին: Միևնույն ժամանակ սակայն, երբ նրանք հայտարարում են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, կարող է նաև նշանակել, որ շարունակվելու և ավելի ինտենսիվ բնույթ է ստանալու հիբրիդային համաշխարհային պատերազմը, այդ թվում լոկալ պատերազմների միջոցով: Այսինքն, միմյանց չենք հարվածում, որովհետև դա ուղիղ ինքնաոչնչացում է, բայց կարող ենք հարվածել միմյանց անուղղակկիորեն, տարբեր գոտիներում: Համենայն դեպս, առկա աշխարհաքաղաքական վիճակն ու նախորդ տարիները վկայում են, որ դա միանգամայն հնարավոր իրավիճակ է, հետևաբար նաև ռիսկային, բնականաբար այդ թվում նաև Հայաստանի համար: Այլ կերպ ասած, գլոբալ մակարդակում անվտանգության հարցում մեծ տերությունները կարծես թե կարողանում են պայմանավորվել և միջուկային զինանոցը կատարում է իր զսպող դերը, և դա լավ է, սակայն ավելի ցածր մակարդակներում պայմանավորվածության հեռանկարները դեռևս մշուշոտ են, այդ թվում ամերիկա-ռուսական մակարդակում, որը ամենից էականն է Հայաստանի կենսական շահերի գոտու հանդեպ հարաբերակցության իմաստով: Խոշոր հաշվով դրան ենթակա են լինելու ոչ միայն մարդասիրական հարցերը, մասնավորապես հայ ռազմագերիների, այլ նաև տնտեսա-քաղաքական որոնք քննարկվում են թե հաղորդուղիների ապաշրջափակման հայ-ռուս-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարաբերության կարգավորման տիրույթում: