
Հրաժեշտ տվեցինք 2021 թվականին: Ինչպիսին էր այն: Այդ հարցին այս օրերին տրվում են ամենատարբեր գնահատականներ: Անկասկած է, որ այն մեր հանրային ու պետական կյանքի ամենևին լավագույն տարին չէր: 2021 թվականն իր վրա շարունակում էր կրել մղձավանջային 2020-ի ազդեցությունը, պատերազմի ծանր հետևանքը թե քաղաքական, թե տնտեսական, թե անվտանգային, թե հոգեբանական իմաստով: Այդ ամենի հանրագումարում էլ ներքաղաքական թեժ կրքերը բերեցին նաև մարդկային հարաբերությունների ճգնաժամի, որը շարունակվեց և շարունակվում է անգամ հունիսին տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, երբ, թվում է, որ եղավ քաղաքական որոշակի հանգուցալուծում և ձևավորվեց հարաբերական կայունության նախադրյալ: Այս իրողությունների պատճառները դիտարկել ենք ամբողջ տարվա ընթացքում և ցավոք սրտի դեռ կունենանք դիտարկելու առիթներ: Այդ ամենով հանդերձ, սակայն, պետք է արձանագրել, որ 2021 թվականին Հայաստանն այդուհանդերձ որոշակիորեն հաղթահարեց պատերազմից հետո հաստատված շոկային իրավիճակը, հաջողվեց Հայաստանը դուրս բերել անկումից, կասեցնել գահավիժման գործընթացի ծավալումը և որոշակիորեն ուղղել ընթացքը: Այս ամենը իհարկե միայն ու միայն պատերազմի և հետպատերազմյան առաջին ամիսների մղձավանջային ֆոնի համեմատությամբ: Որովհետև, Հայաստանը ինչպես կանգնած էր, այդպես էլ շարունակում է նոր տարվա շեմին էլ կանգնած լինել ռեգիոնալ-աշխարհաքաղաքական անվտանգային, քաղաքական, տնտեսական և հիբրիդային բնույթի այլ մարտահրավերների առաջ, որոնք մեզանից պահանջում են աշխատանք լուծումների կամ դրանց կառավարման ուղղությամբ: Հայաստանը պետք է կարողանա որպես միավոր, սուբյեկտ, ինքն իր համար ձևավորել պատասխաններ կամ հայեցակարգային պատկերացումներ արցախյան հարցի ապագայի վերաբերյալ՝ սկսած Հայաստան-Արցախ հարաբերությունից, մինչև Հայաստան-աշխարհ հարաբերություն:
Հայաստանը պետք է կարողանա կառավարել Ադրբեջանի հետ խնդիրների մեծ հանգույցը, գտնել հայկական շահերին համահունչ հանգուցալուծումներ, կամ կառավարել իրավիճակն ու թույլ չտալ, որ պարտադրվեն այդ շահերը ոտնահարող լուծումներ: Հայաստանը պետք է փորձի ճկուն և արդյունավետ լինել բավականին բարդ, բազմաշերտ, միաժամանակ անհրաժեշտ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ աշխատանքային գործընթացում: Այդ ամենով հանդերձ Հայաստանը պետք է կարողանա իրենից հասանելին անել ամերիկա-ռուսական հարաբերության «արանքում» սեղմվելու ռիսկերը չեզոքացնելու համար: Եվ այդ ամենը մի համաշխարհային իրավիճակում, որն ինքնին բավականին հեռու է կայունությունից ու կանխատեսելիությունից, ու ստեղծում է այնպիսի իրադրություն, որ Հայաստանին վերաբերող առանցքային հարցերում միայն Հայաստանի գործողությունները բավարար չեն իրավիճակի մեզ համար դրական զարգացման համար:
Այդուամենայնիվ, հանգամանքը, որ Հայաստանը կարողացավ բավականին դժվար, բավականին բարդ, ծանր հետպատերազմյան իրավիճակում կառավարել շոկը, ուղղել ու կայունացնել ընթացքը թեկուզ հարաբերականորեն, թույլ է տալիս գործնականում ակնկալել որոշակի արդյունավետություն նաև 2022 թվականի համար: Այստեղ առանցքային հարցը թերևս այն է, որ հայկական կայունությունը ներկայումս հիմնվում է ոչ թե ինստիտուտների, այլ հասարակության վրա, հանրային ինքնագիտակցության, հաճախ անգամ ենթագիտակցական մակարդակում դրսևորվող քաղաքացիական վարքագծի վրա, երբ մարդիկ եթե ոչ քաղաքական հասունության, քաղաքագիտական պատրաստվածության, այլ պարզ, մարդկային ինտուիցիայի շնորհիվ կարողանում են զերծ մնալ տարատեսակ քաղտեխնոլոգիական մանիպուլյացիաներից և զերծ պահել դրանց քայքայիչ ազդեցությունից հասարակական կյանքը:
Խոշոր հաշվով, նաև սրա վրա էր հիմնված այն թեկուզ հարաբերական կայունացման գործընթացը, որ հնարավոր եղավ առաջ տանել 2021 թվականին: Հիմքը նույնն է լինելու 2022-ի համար: Միևնույն ժամանակ, սակայն, հասարակական-քաղաքական այն շրջանակները, որոնք հավակնում են լինել առաջնորդող, նախաձեռնող էլիտաներ և իրապես հետաքրքրված են Հայաստան պետության կայացման հարցով, պետք է 2022 թվականին բազմապատկեն երկրում ինստիտուցիոնալ վերափոխումներին ուղղված, ինստիտուցիոնալ և որակական նոր միջավայրեր ձևավորելուն միտված ջանքերը: Պետության կայուն ընթացքը ի վերջո հանրային ինտուիցիայից պետք է տեղափոխել ինստիտուցիայի հիմքի վրա: