Կոսովոյի ազատագրական բանակի նախկին առաջնորդ Ռամուշ Հարադինայը կրկին կանգնել է Հաագայում ՄԱԿ-ի միջազգային ռազմական դատարանի առաջ: Նրան մեղադրում են 1990-ականներին՝ Սերբիայի հետ կոնֆլիկտի ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների մեջ:
Ռամուշ Հարադինայը սկզբում անմեղ էր ճանաչվել, բայց անցյալ տարի ռազմական դատարանի վերաքննիչ պալատը պահանջել էր կրկին քննել նրա գործը` հայտարարելով, որ նախորդ դատաքննության ժամանակ վկաները վախեցած են եղել:
Սա վերջին 18-տարվա մեջ առաջին դեպքն է, որ Հաագայի դատարանը վերաքննություն է իրականացնելու: Հարադինայի հետ միասին դատարանի առաջ կանգնելու են նրա 2 զինակիցները: Ի թիվս այլ հանցագործությունների, ամբաստանյալները մեղադրվում են էթնիկ սերբերին սպանելու և կտտանքների ենթարկելու, էթնիկական զտումների մեջ, իսկ Կոսովոյի ալբանացիները Հարադինային հերոս են համարում:









































