Մոսկվայում ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ օրերս տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Այս հանդիպումը լուրջ քննադատությունների տեղի է տվել որոշակի շրջանակներում՝ մասնավորապես հաշվի առնելով Շվիդկոյի ադրբեջանամետ հայտարարությունը, թե Ալիևը հիասքանչ ձևով կատարեց իր գործը՝ ռազմական ճանապարհով վերականգնելով իր երկրի տարածքային ամբողջականությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: