
ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից անցել են օրեր, սակայն կարծես թե բացակայում է Ազգային անվտանգության ծառայության արձագանքը այն առնչությամբ, ինչ հայտարարել է ՀՀԿ նախագահը Հայաստանում 2018 թվականի իրադարձությունների մասին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու իշխանափոխությունը արտաքին ուժերի ներգործությամբ իրականացված գործողություն էր: Թե ինչ ուժերի մասին էր խոսքը՝ Սերժ Սարգսյանը չէր հայտնել, ասելով միայն, որ դրանք այն ուժերն էին, որոնց համար ցանկալի և ընդունելի չէր Արցախի հարցում հայկական այն մոտեցումը, որ դավանում էինք իրենք, այսինքն Սերժ Սարգսյանն ու իշխող ուժը:
Սարգսյանի այդ հայտարարությունները պարունակում էին մի շարք հակասություններ: Նախ, ի՞նչ մոտեցում էին դավանում ինքն ու ՀՀԿ-ն: Որովհետև, պաշտոնական առումով այդ մոտեցումը մադրիդյան սկզբունքների հիմքով կարգավորումն էր, կազանյան պլանը, որին հավանության տալու կամ տված լինելու մասին հայտարարել է Սարգսյանն ինքը: Հետևաբար, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանի դեմ 2018-ին գործել են ուժեր, որոնք դեմ են եղել այդ պլանին, այդ կարգավորմանը: Կամ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ձևացրել են, թե համաձայն են այդ կարգավորմանը, իսկ իրականում պատրաստ չեն եղել ստատուս-քվոյի փոփոխության: Այդ դեպքում նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բավականին վտանգավոր խաղ են խաղացել այն ուժերի հետ, որոնք առաջարկել են մադրիդյան սկզբունքների շրջանակում կարգավորում, որովհետև նրանց ասել են «այո», իսկ իրականում դավանել են՝ «ոչ»: Եվ այստեղ արդեն կարևորն «այո»-ն կամ «ոչ»-ը չէ, այլ վտանգավոր «խաբեությունը»: Ամբողջ խնդիրն այն է, որ այս հարցերը ամենևին անցյալ չեն, սրանք այսօր էլ կարևոր են հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախյան հարցի շուրջ, որովհետև կատարվողը իր ներկայիս բովանդակությամբ և քննարկումներով անկասկած գնում է դեպի այն շրջափուլեր, որոնք եղել են թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում: Հետևաբար, երբ այստեղ հնչում են հրապարակային այդօրինակ հակասություններով լեցուն հայտարարություններ, հանրությունը հայտնվում է բավականին մոլոր և մանիպուլյացիոն միջավայրում: Մինչդեռ ազգային անվտանգության տրամաբանությունը պահանջում է թերևս կամ «բացվել» ամբողջությամբ, կամ Հայաստանի ներքաղաքական կյանքում չբեմադրել «կիսաբաց լուսամուտներ» և այդպիսով խորացնել առանց այդ էլ մանիպուլյացիաներով հագեցած և հանրային գիտակցության քաոս առաջացնող մթնոլորտը:
Հատկապես, որ այդ հանրային գիտակցության նենգափոխմանը էապես նպաստել է նաև տարիներ շարունակ «կիսաբաց լուսամուտների» բառի բուն իմաստով տիրաժավվորումը հեռուստաեթերային միջավայրից՝ տեղեկատվական ամենազանգվածային դաշտից, այդպիսով Հայաստանում քաղաքական միջավայրի աղավաղման հետևանքը «բթացնելով» հանրային գիտակցությունը աղավաղելու միջոցով: Միթե՞ դա էլ անում էին արտաքին ինչ որ ուժեր: Այստեղ է, որ ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները թերևս պետք է ստանան Սերժ Սագսյանից կարևոր պարզաբանումներ, կամ, եթե ունեն և տիրապետում են, թերևս որևէ կերպ մատուցեն հանրությանն ու չեզոքացնեն հասարակական գիտակցության ու միջավայրի աղավաղման նոր փորձերը, առանց այդ էլ առատ փորձերի պայմաններում:
Լուսանկարը՝ panorama.am-ի