Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր վաղ առավոտյան ավարտվել է Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակում անցկացված մենամարտը: Երկրորդ միջին քաշային WBC վարկածով աշխարհի տիտղոսի համար մենամարտում Գերմանիան ներկայացնող հայազգի 30-ամյա Արթուր Աբրահամը պարտվել է բրիտանացի 33-ամյա Կարլ Ֆրոչին: 12 ռաունդների արդյունքում Ֆրոչն ունեցել է բացահայտ առավելություն. բոլոր երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են Ֆրոչին` 120:108, 120:108, 120:109:
Մենամարտից հետո Ֆրոչը հայտարարել է, որ իր հաջողության հիմնական նախադրյալը լավ նախապատրաստական փուլն էր: «Սա իմ լավագույն մենամարտերից մեկն էր: Ես երկար էի նախապատրաստվում դրան, իսկ մինչ մարտը իմ թիմը սպարինգ-հակառակորդներ ընտրելիս դրանք հարմարեցնում էր Արթուր Աբրահամի ոճին: Դրա համար ռինգում այսօր ինձ միայն մնում էր այդ ծրագիրը կյանքի կոչել», մենամարտից հետո ասված խոսքերը մեջբերում է Associated Press գործակալությունը:
