Այն, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու դրա բոլոր շերտերը ենթարկվել են անդառնալի վերափոխումների, կարծես թե կասկածից վեր է: Առայժմ դժվար է հասկանալ, թե ի վերջո ինչ է տեղի ունենում երկրում, տնտեսության մեջ, քաղաքական դաշտում, իշխանական բուրգում:
Այդ ամենը առայժմ դժվար է ենթարկել որևէ ընդհանուր տրամաբանության, բացի այն ընդհանուր ֆրազի մեջ տեղավորելուց, որ ինչ-որ բան իսկապես փոխվել է, և Հայաստանն այլևս առաջվանը չէ: Առաջվանն ասելով` նկատի ունեմ այն Հայաստանը, որ կար մինչև 2008 թվականի փետրվար-մարտ: Խնդիրն այն չէ, թե որ Հայաստանն էր ավելի լավը` մինչ այդ եղա՞ծը, թե՞ այն, որ կա այժմ, և որը դեռ հայտնի չէ, թե ինչ վերջնական տեսք է ստանալու:
Խնդիրն այն է, որ եթե մինչև 2008 թվականի Հայաստանի ամենամեծ խնդիրը, թերևս, հնարավորությունների ճգնաժամն էր բոլոր ոլորտներում, ապա այժմ կարծես թե քաղաքական դաշտում այդ ճգնաժամը ինչ-որ կերպ հաղթահարվել է, և չկա այն քարացածությունը, որ ուներ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը: Դա, իհարկե, չի նշանակում, թե քարացածությունը Սերժ Սարգսյանի հայտարարած «չհասկացվածության պատը» քանդելու, Սերժ Սարգսյանի ժողովրդավար և հանդուրժող լինելու արդյունքն է: Քարացածությունն արդյունքն է համաժողովրդական այն պայքարի, որի շնորհիվ հասարակությունը ճեղքում կատարեց քաղաքական դաշտում և բացեց հնարավորությունների մի քանի պատուհաններ, ինչից էլ փոխվեց քաղաքական դաշտի ընդհանուր մթնոլորտը:
Այդ տեսանկյունից, եթե այժմ քաղաքական և ներիշխանական զարգացումները չեն ենթարկվում ընդհանուր տրամաբանության, որքան էլ որ անցանկալի է` անկանխատեսելի և վտանգավոր լինելու առումով, նույնքան էլ ցանկալի է, քանի որ ենթադրում է որոշակի ազատություն առկա հնարավորությունների առումով: Սակայն այդ ազատությունից օգտվելու համար հասարակությանը հարկ է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում այսօր քաղաքական դաշտում, ուր կարծես թե իշխանական ուժերն իրար ավելի լուրջ ախոյան են դարձել կամ համարում, քան ընդդիմությանը:
Շատերի համար ներիշխանական հակասությունները միֆ են, որոնց տակ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի իշխանության ամրացում: Այդ տպավորությունը կա մինչև այժմ: Սակայն բանն այն է, որ այդ ամրացող իշխանությունն աստիճանաբար սկսեց թույլ տալ անբացատրելի իրողություններ, որոնք իրականում լրջորեն «տեսքից» գցում են իշխանությանը: Իշխանությանը` ոչ թե կոնկրետ ուժերի կամ անձերի, այլ իշխանություն հասկացության իմաստով: Եթե կա իշխանություն, ապա ուղղակի անբացատրելի են դառնում այն իրողությունները, որ տեղի են ունենում վերջին շրջանում: Նույնիսկ այն բացատրությունը, թե դրանք իմիտացիա են` օրինակ և մասնավորապես ԲՀԿ-ՀՀԿ մենամարտերը, իրականում ունակ չէ Հայաստանի ներկայիս իշխանությանը տալ իշխանության տեսք:
Բանն այն է, որ իշխանությունը չի ունենում այդօրինակ իմիտացիաների կարիք, հետևաբար եթե իշխանությանը պետք են նման «եղբայրասպան» իմիտացիաներ, ուրեմն իշխանությունն այնքան էլ լավ վիճակում չէ: Հետևաբար իմիտացիան էլ չի խոսում իշխանության լավ օրի մասին: Իսկ եթե իմիտացիա չկա կամ կա ոչ միայն իմիտացիա, ապա սա արդեն վկայում է իշխանական համակարգի լուրջ բաղդատվածության և խառնաշփոթի մասին: Թերևս հենց այս խառնաշփոթը ի մի բերելու փորձ կարելի է դիտել նաև խոշոր գործարարներին հարկային ներկայացուցիչների միջոցով մանրադիտակի տակ առնելու իշխանության քայլը: Ի վերջո, Հայաստանի ներիշխանական բուրգում խոշոր գործարարներն ու քաղաքական բևեռները նույնական են, հետևաբար հսկում ես գործարարին` տիրապետում ես նրա ներկայացրած բևեռին:
Մինչ այդ էլ, իհարկե, գործարար-քաղաքական գործիչներն իշխանության տիրապետության տակ էին, սակայն դա ուրիշ ժամանակ էր: Հիմա ժամանակը փոխվել է և դրա մասին գործարար-քաղաքականներն անթաքույց հայտարարերում են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ խաղի կանոններ կային, այժմ կանոնները խախտվում են: Պարզ է, թե որոնք են այդ կանոնները: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իշխանական բուրգը հիմնված էր փոխադարձ շահերի մեխանիզմի վրա: Այժմ իշխանական բուրգը փորձ է արվում ծառայեցնել միայն մի անձի` Սերժ Սարգսյանի շահին:
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնում այդ քայլին, առավել ևս, որ գիտակցում է դրա հետևանքով իրենից դժգոհների շրջանակը մեծացնելու վտանգը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի կարող այլ կերպ վարվել: Նրա իշխանության արմատը Մարտի 1-ն է, իսկ դա նշանակում է, որ երբ սկսում ես ոչնչացնելով, ուրեմն պետք է մինչև վերջ շարունակես այդպես: Փոխադարձ շահերի վրա հիմնված քոչարյանական համակարգի տրամաբանության համար Սերժ Սարգսյանի նախագահությունն անընդունելի էր, եթե այդ նախագահությանը լիակատար աջակցություն չի ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Քոչարյանը Մարտի 1 կազմակերպելով, ըստ էության, վկայեց, որ իր խնդիրը Սերժ Սարգսյանի համար նախագահի պաշտոնը որքան հնարավոր է թանկ գնով ձեռք բերելն էր, այսինքն` Սերժ Սարգսյանին պարտքի տակ թողնելը:
Հետևաբար Սերժ Սարգսյանը պարտքի տակ չմնալու մեկ տարբերակ ունի` խժռել ամեն ինչ` հասարակություն, տնտեսություն, քաղաքականություն: Հակառակ դեպքում նա չունի Քոչարյանի «պարտքից» ազատվելու տարբերակ, իսկ Քոչարյանը ամեն րոպե կարող է իր պարտքը հետ ուզել` իշխանության տեսքով, այսինքն` ինչ տեսքով որ տվել է: Ըստ էության Քոչարյանն էլ նույնն էր արել իշխանության մասով, նույն որակի իշխանություն էր ձևավորել, սակայն նա այդ բանն արել էր ութ-տասը տարվա ընթացքում, իսկ Սերժ Սարգսյանն այդքան ժամանակ չունի` թերևս թե նեսում, թե դրսում: Այսինքն` նա այժմ կանգնած է իրական ցայտնոտի առաջ, ինչն էլ ավելի է բարդանում ընդդիմության հանգիստ մարտավարության պայմաններում, երբ համակարգին հնարավոր չի լինում մոբիլիզացնել արտաքին վտանգի խայծով: Մնում է մոբիլիզացնելու մյուս տարբերակը` տոտալ ճորտացում և ստրկացում:
Խնդիրը, սակայն, այն է, որ կարճ ժամանակում հնարավոր է խժռել ամեն ինչ, սակայն ամեն ինչ չէ, որ կարող է մարսվել: Բանն այն է, որ կարելի է գիտակցված ուտել, այսինքն` խժռել, սակայն մարսելը դա արդեն օրգանիզմի խնդիրն է, բնության օրենք ու գիտակցության և հաշվարկի հետ չունի որևէ կապ: Եվ սա, թերևս, կարևոր խնդիրներից մեկն է, որ լուծվեց Հայաստանում քաղաքացիական շարժման շնորհիվ, երբ իհարկե հնարավոր չեղավ իշխանությանը ենթարկել պետական օրենքներին, սակայն առաջին փուլի համար նրան պարտադրվեցին գոնե բնության օրենքները: Մինչդեռ եթե պետական օրենքը շրջանցելը հնարավոր է, բնության օրենքը անխուսափելիորեն անում է իրենը:








































