«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը ծավալուն գրառում է արել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կողմնակալ դիրորոշում» վերտառությամբ։
Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Գրառումս վերաբերելու է պարոն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն, ավելի ճիշտ իր ելույթի որոշ թեզերին։ Սակայն մինչև բուն թեզերին անդրադառնալը կարևոր եմ համարում մեջբերել Սահմանադրության որոշ դրույթներ։ Կարծում եմ դրանք կարդալը, վերհիշելը շատ կարևոր է պարոն Մարությանի հնչեցրած թեզերի լույսի ներքո․
Հոդված 181. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: {…}
Հոդված 182. Համայնքի խնդիրները և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌՋԵՎ:
Ավագանու իշխող խմբակցության հետ կապը կորցնելու մասին
Պարոն Մարությանի ելույթի թերևս ամենակարևոր կետն ինձ համար այն էր, որ նա ընդունեց իր և ավագանու իշխող խմբակցության միջև խզումը։ Իրականում այսքանով կարելի էր այս ամբողջ թեմայի քննարկումն ավարտել։ Քանի որ եթե գոնե չես զլանում և ընթերցում ես Սահմանադրության վերոնշյալ հոդվածները, մի քիչ էլ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան դրույթները՝ հասկանում ես, որ ուղղակի նոնսենս է, որ ավագանու մեծամասնության հետ իր խզումն ընդունող քաղաքապետն արդյունավետ աշխատի համայնքի համար։ Ի դեպ, այս դեպքում անգամ երկրորդական են այդ խզումների պատճառները։ Անգամ եթե քաղաքապետը 100 %-ով ճիշտ է, իսկ ավագանու մեծամասնությունը 100 % սխալ, միևնույնն է, քաղաքապետի պաշտոնն արդյունավետ աշխատանքի և ոչ երբեք քաղաքական պայքար մղելու հարթակ է։
«Ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել և ավագանին ԸՆԴԱՄԵՆԸ պետք է գար և քվեարկեր։»։
Քաղաքապետը սա ասեց ավտոբուսների գնման թեմային անդրադառնալով։ Առաջին հայացքից անմեղ միտք է, բայց ես հենց այս լեզվամտածողության մեջ եմ տեսնում երկու ինստիտուտների միջև խզման խորքային պատճառներից մեկը։ Խնդիրն այն է, որ ես որպես Ազգային ժողովում, այնուհետև Կառավարությունում աշխատած մարդ, ինչպես ասում են, «այս կինոն մի անգամ արդեն տեսել եմ»։ Գործադիր ֆունկցիա իրականացնող մարդիկ հաճախ տարվելով ամենօրյա ինտենսիվ աշխատանքով հաճախ «մոռանում էին», որ այս բոլոր աշխատանքները պետք է, այսպես ասած, ավարտին հասցվեն բուն աշխատանքային փուլում հաճախ չընդգրկված անձանց քվեարկությամբ։ Եվ հաճախ, ինչպես քաղաքապետն է ասում, ահռելի ծավալի աշխատանք կատարած անձանց ուղեղում մի այսպիսի միտք էր անցնում․ «Լավ այսքան գործ ենք արել, նախագիծ ենք պատրաստել պետք է ԸՆԴԱՄԵՆԸ քվեարկեն, դա էլ չեն ուզում անել»։ Բանն այն է, որ միշտ պետք է հիշել, որ քանի դեռ պատգամավորն ու ավագանու անդամն է պատասխանատվություն կրում կայացված ՎԵՐՋՆԱԿԱՆ որոշումների համար, քանի որ իրեն են հարցնում, թե ինչու այսպես կամ այնպես քվեարկեց, պետք է հասկանալ, որ ինչքան ահռելի աշխատանք եք կատարել բուն «նախագծերը» պատրաստելիս, մի այդքան էլ պետք է պատրաստ լինեք աշխատանք կատարել, որպեսզի համոզեք, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում։ Իսկ մինչ այդ, գուցե շատ արհեստավարժ գնման գործընթաց եք կազմակերպում, բայց դա այդքան էլ մեծ արժեք չունի, եթե այպիսի բարձր պաշտոնում դեռ այս պարզ ճշմարտությունը չեք գիտակցել։
Հեղափոխական արժեքներ և «հեղաշրջում» քաղաքապետարանում
Այս մասով կրկնվելու եմ, բայց քանի դեռ այդ հարցի պատասխանը չի հնչել, կարելի է այդ հարցը տալ նորից ու նորից։ Լավ հարգելի պարոն քաղաքապետ, կուսակցությունից հիասթափվել էիք, դուրս եկաք՝ դա էլ հասկացանք։ Բայց հեղափոխության, ըստ այդմ առաջին հերթին ժողովրդավարության արժեքներ կրող Ձեր տեսակը չէ՞ր նկատել, որ երկրում ուր որ է ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։ Կարելի էր, չէ՞, առանց կուսակցական լինել-չլինելու մասին զրույց անելու հանրությանն ասել․ «Ժողովուրդ ջան, քաղաքական ձեր հայացքները մի կողմ, ես՝ որպես Երևանի քաղաքապետ, խնդրում եմ զգացմունքներին տուրք մի տվեք և մերժեք մեր երկրում ժողովրդավարության համար գերսպառնալից ռազմական հեղաշրջման այս փորձը, մենք նման բան թույլ տալու իրավունք չունենք։»։ Ոչ, այդ դեպքում արտահայտվելու անհրաժեշտություն չկար, բայց այ ընտրված ավագանու կողմից քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը «հեղաշրջում» որակելը, դա կարելի է։
Անվստահություն հայտնելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։ Օրինակ բյուջեի խոշոր չափերի գումարի հափշտակում կամ ինչ որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք։
Ասել, որ զարմացա, երբ ելույթի սկզբում լսեցի, որ ըստ քաղաքապետի անվստահության համար հիմք պետք է հանդիսանար իր հանցագործ լինելը, նշանակում է չասել ոչինչ։ Լո՞ւրջ։ Ավագանին պետք է քաղաքապետին անվստահություն հայտնի բացառապես, երբ վերջինս հանցագո՞րծ է։ Ուզում եմ հավատալ, որ ուղղակի վատ ձևակերպված միտք է։ Բայց եթե պարզվի, որ ճիշտ եմ հասկացել, թերևս այստեղ պետք է ասել․ «Պարոն քաղաքապետ, այն որ քաղաքապետը հանցագործ չի, դա լավ չի, դա նորմալ է»։
ՔՊ vs ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցություն
Շատ երկար էր կարելի դատողություններ կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ Քայլը» խմբակցության տարբերությունների և ընդհանրությունների մասին, սակայն հաշվի առնելով, որ այս գրառմանս հրապարակման պահին ավագանու քվեարկության արդյունքները հայտնի են, կարծում եմ՝ պարզ դարձավ, որ սա ուղղակի բառախաղ էր։
Պարգևավճարներ vs հեղափոխական արժեքներ
Այս թեմայի շուրջ շատ են եղել քննարկումները անցած երեք տարիների ընթացքում։ Բոլոր բոցաշունչ և, իմ համոզմամբ, էժան պոպուլիզմ հանդիսացող հայտարարություններից անդին կա մի ճշմարտություն՝ անձն իր աշխատանքը չպետք է ասոցացնի «զրկանք» և «տառապանք» բառերի հետ։ Աշխատանքով իրեն զրկանքների և տառապանքների դատապարտած մարդը հանրության համար ոչ մի երկարաժամկետ արժեք ստեղծել չի կարող։
Զանգեր հովանավորչության խնդրանքներով
Պետք է չվախենանք և այս հարցին մի քիչ ավելի լայն ու ազնիվ նայենք էլի։ Մեր հանրությունը սովետական շրջանից սովոր է տեղի-անտեղի, այսպես ասած, «ծանոթ խառնել»։ Ինքս աշխատելով թե՛ Ազգային ժողովում, թե՛ Արդարադատության նախարարությունում բազմիցս առնչվել եմ նման դրսևորումների փորձերի, բայց իմ համոզմամբ ուղղակի պետք է հետևողականորեն սեփական օրինակով մերժել այդ երևույթները, շրջապատումդ սերմանել դրա անթույլատրելիության և կործանարար լինելու գիտակցումը։ Պետք չէ նաև առանձին մասնավոր դրսևորումներ, եթե իհարկե դրանք եղել են, վերագրել ամբողջ թիմին և, ի վերջո, եթե հրապարակային խոսում ես դրանից, պետք է անուններ տալ։
Որպես վերջաբան․
Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք մի շարք ուղղություններով խնդիրները լուծվել են կամ իրավիճակն էականորեն բարելավվել է։
Անկախ իր այսօր արտահայտած մի շարք մտքերի հետ արմատական անհամաձայնությունից, որպես Երևանի բնակիչ շնորհակալ եմ իրեն կատարած աշխատանքի համար»։