ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար:
Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։
Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար: Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ:
ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:
Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը: