Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Այալոնը հանդես է եկել Թուրքիայի ու Իսրայելի միջև առաջացած «ներողության ճգնաժամի» վերաբերյալ հայտարարությամբ։ Այալոնը, երեկ դիմելով «Լիկուդ» կուսակցության անդամներին, շոշափել է «Մավի Մարմարա»-ի միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը.
«Ազգային արժանապատվությունն ունի ռազմավարական նշանակություն։ Դա այն է, ինչն անհնար է փողով գնել։ Եթե մենք ներողություն խնդրենք, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արևելքի առաջնորդը։ Անգամ եթե մենք ներողություն խնդրենք, ապա նա ձեռք չի քաշի մեզանից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարում էր, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելը կնշանակի հանձնվել ահաբեկչությանը։









































