
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչեւ այժմ միջոցներ չեն ձեռնարկել չմատակարարված տանկերի դիմաց Իրանին պարտքը վճարելու համար՝ դա կապելով Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքի հետ: Այդ մասին, դեկտեմբերի 20-ին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Լոնդոնում Իրանի դեսպան Մոհսեն Բահարվանդին, հաղորդել են, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեկտեմբերի սկզբին այց են կատարել Թեհրան, որտեղ բանակցություններ են վարել գործարքը չկատարելու համար Իրանին փոխհատուցում վճարելու շուրջ:
«Բրիտանական կառավարությունը միայն խոսում Է Իրանին իր պարտքը չվճարելու մասին… Մեծ Բրիտանիան գործնականում պարտքի վճարումը կախման մեջ Է դնում բանակցությունների (Վիեննայում պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային գործարքի վերականգնման շուրջ) ընթացքից: Քանի դեռ այդ գործընթացը շարունակվում Է, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի լինի»,-Fars գործակալությունը մեջբերում Է Խաթիբզադեի խոսքը:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2012 թվականին Մեծ Բրիտանիային կոչ Է արել՝ Իրանին 480 մլիոն դոլար վճարել որպես փոխհատուցում Անգլիայի կողմից ձախողած պարտավորագրի դիմաց, որը International Military Services (IMS) ընկերության եւ Իրանի միջեւ կնքվել Է 1974 թվականին: Այդ պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորված Է եղել Իրանին մատակարարել ավելի քան 1000 միավոր բրիտանական տանկ, բայց 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխության եւ իսլամական հոգեւորականության իշխանության գալու պատճառով Լոնդոնը հրաժարվել Է կատարել համաձայնագրի պայմանը:
Թեհրանը մինչեւ այժմ չի կարողանում ստանալ փոխհատուցումը: Անգլիայի իշխանությունները պնդում են, որ չեն կարող պարտքը վերադարձնել, քանի որ Իրանի պաշտպանության նախարարությունը գտնվում Է պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: