
Հանգստյան օրերին տեղի ունեցավ ՀՀԿ համագումարը, որտեղ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Սարգսյանն ունեցել էր նաև ծավալուն ելույթ, որտեղ անդրադարձել էր թե արցախյան հարցի կարգավորմանը, պատերազմին, թե ներքաղաքական հարցերին: Պատերազմի և արցախյան հարցի վերաբերյալ նրա անդրադարձերը դիտարկելու առիթներ դեռ կլինեն:
Բավականին ուշագրավ էին Սարգսյանի ներքաղաքական դիտարկումները, որոնք ըստ էության այլ բան չէին, քան նախատինք յուրայիններին, Հայաստանում կառավարող այն համակարգին, որ հեռացավ 2018-ի ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հետ, և որն այսօր տարբեր ձևաչափերով ընդդիմություն է: Այդ «թեմայի» հանդեպ ուշադրության առիթն այն է, որ այդ ընդդիմությունում կարծես թե ծավալվում են ուշագրավ զարգացումներ, մասնավորապես հենց այն դաշինքում, որ կազմվեց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ «Պատիվ ունեմ»: Այդ դաշինքը օրերս լքեց Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, որը հայտարարել է «անկախ պատգամավոր» մնալու մասին: Թե ինչու՞ նա չի շարունակում լինել «Պատիվ ունեմ»-ի անդամ, Զաքարյանը դեռ չի ներկայացրել, սակայն դժվար չէ յկռահել, և Սերժ Սարգսյանի ելույթն էլ թերևս մատնում է այդ մասին, որ նախկին կառավարող համակարգի ներսում ծավալվում է հարաբերություններ պարզելու և փոխադարձ մեղադրանքների նոր ալիք, ինչի դրվագ է նաև Իշխան Զաքարյանի որոշումը, որը գուցե դեռ սկիզբն է միայն: Ահա այդ ֆոնին, որ Սարգսյանի համագումարային ելույթի «ներքին» դրվագները արժանանում են ուշադրության: Այդ ելույթում Սարգսյանը ոչ անմիջական, սակայն խիստ թափանցիկ կերպով ակնարկում էր այն, որ նախկին կառավարող համակարգը իրեն թողել էր խնդիրների առաջ մենակ և ըստ էության «վայելում» էր իշխանությունը, դրա համար ամբողջ պատասխանատվությունը բարդած լինելով Սարգսյանի վրա:
«Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից», ասում է Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանում 2018-ի իրադարձություններին և փաստորեն ակնարկելով, որ իրավիճակի այդօրինակ զարգացման հետևանքն այն էր, որ մինչ այդ կառավարող համակարգում բոլորը գոհ են եղել, որ հանրության մեջ իշխել է «Ամեն ինչում Սերժն է մեղավոր» մտայնությունը: «Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»: Ովքե՞ր են «հորինում առասպելները»: Սոցցանցային հպանցիկ հայացքը բավական է տեսնելու համար, որ այն հորինում են նախկին կառավարող համակարգի՝ ներկայումս առավելապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված շրջանակները: Թեև, Ռոբերտ Քոչարյանն ինքը դեռևս 2018-ին է իր հարցազրույցներից մեկում բաց տեքստով ասել, որ իր համար հեղափոխության օրերին եղել է կասկածելի պասիվ դիմադրություն»:
Սերժ Սարգսյանը իր համագումարային ելույթում փաստորեն հետ է մղում մեղադրանքները, որոնք թերևս այս օրերին ավելի մեծ թափով են գնում նրա ուղղությամբ: Այլապես հազիվ թե նա տեսներ համագումարային ելույթում այդ հարցերին անդրադառնալու, այն էլ այդպիսի պերճախոսությամբ անդրադառնալու անհրաժեշտություն: