Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի համար Հայաստանի հատուկ բանագնաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը արժանացել է հանրային զգալի տարակույսի: Ընդ որում, այդ արձագանքը ունի օբյեկտիվ հիմք, նկատի ունենալով այն, որ այդ կարևորագույն գործընթացի համար նշանակվում է մարդ, որը չունի դիվանագիտական փորձ և ընդհանրապես չունի քաղաքական մեծ փորձառություն: Մինչդեռ, ավելորդ է թերևս դիտարել, թե ինչպիսի բարդ աշխատանքի մասին է խոսքը: Առավել ևս, որ Թուրքիայի հատուկ բանագնաց է նշանակվում կամ նշանակվելու ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Այստեղ, ի դեպ, կա մի ուշագրավ հանգամանք ևս, բացի զուտ «մասնագիտական» տարբեր քաշային կատեգորիաների հանգամանքից:
Թուրքիան հայ-թուրքական կարգավորման բանագնաց է նշանակում նախկին դեսպանի, իսկ Հայաստանը՝ գործող պետական քաղաքական պաշտոնյայի, խորհրդարանի փոխնախագահի: Այստեղ կա նաև որոշակիորեն «սուբորդինացիոն» տարբերություն: Այս հանգամանքները անշուշտ որոշակիորեն դիտարկելի ու գնահատելի են, սակայն հասկանալի է, որ դրանք կանխորոշող չեն: Առավել ևս, որ խոշոր հաշվով հասկանալի է՝ Հայաստանն ու Թուրքիան այսօր տարբեր քաշային կետագորիաներ են և անկախ ամեն ինչից, անկախ հատուկ բանագնացի անձից, Հայաստանի համար միևնույն է լինելու է բարդ ու դժվար և պահանջվելու է բավականին նուրբ աշխատանք: Սակայն, հենց այս առումով է նաև, որ շատերը նշում են առավել փորձառու դիվանագետի հատուկ բանագնաց նշանակելու անհրաժեշտության մասին: Այդուհանդերձ, Ռուբինյանի նշանակումը թերևս պայմանավորված է մի հանգամանքով, որը պակաս կարևոր չէ՝ վստահելիությունը:
Խոսքն իհարկե Հայաստանի քաղաքական ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի համար վստահելիության մասին է: Թերևս կասկած չկա, որ նշանակումը կատարվել է հենց այդ առաջնահերթությամբ: Որքանով է դա հիմնավոր, այդ հարցի ստույգ պատասխանն ունի թերևս ինքը Նիկոլ Փաշինյանը, որը առավելագույնս պատկերացնում է, թե հայ-թուրքական կարգավորման շուրջ ինչպիսի միջազգային շահերի «հատում» է լինելու, հետևաբար ինչպիսի արտաքին «խաչաձև» ներազդեցության ենթակա է լինելու այդ կարգավորման գործընթացը: Ըստ այդմ, հատուկ բանագնացի անձնական վստահելիությունը Հայաստանի վարչապետի համար դառնում է քաղաքական կենսունակության և ճկունության կարևոր գործոն, որի այսպես ասած մասնագիտական բացերը անշուշտ հնարավոր է լրացնել արդեն իսկապես պատրաստված մասնագետներով մասնագիտական խորհրդատվական խումբ ձևավորելու միջոցով: Ավելին, դա ոչ թե հնարավոր է, այլ թերևս կենսականորեն անհրաժեշտ:
Լուսանկարը՝ panorama.am-ի