Գալիք տարվա հունիսին մեկնարկելիք Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի առաջ խնդիր է դրվել պահպանել տեղը B դիվիզիոնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրված կայունացնել թիմի խաղը: Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույն B խմբից դուրս չմնալն է։ Ազգային թիմի համար անցնող տարին երկու մասի բաժանվեց: Գարնանային հատվածում եղան փայլուն հաղթանակներ, իսկ աշնանային հատվածում եղան պարտություններ և ոչ-ոքիներ: Հաղթանակները բարձրացրեցին սպասելիքների հավաքականից, իսկ աշնանային հատվածից հետո որոշակի հիասթափություն կար։ Կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հավաքականում ընդգրկվել են մեծ թվով ֆուտբոլիստներ: Նախկինում ընտրանին ավելի սահմանափակ էր: Հիմա գլխավոր մարզիչն ընտրություն է կատարում 5 տասնյակ ֆուտբոլիստներից»,- նշեց Մելիքբեկյանը։